«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում աղքատությունը վերջերս նվազել է: 2017 թվականին այն կազմել է 25.7 տոկոս, ցուցանիշ, որը 2016 թվականի համեմատ` պակաս է 3.7 տոկոսային կետով: Իջել է նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, իսկ 2017-ին` ծայրահեղ աղքատությունը 1.4 տոկոս է: Մյուս կողմից, սակայն, էապես նվազել են մթերքի սպառման ծավալները. օրինակ` եթե մեկ հոգին 2016թ. ամսական միջինը սպառել է 3.36 կգ կարտոֆիլ, ապա 2017 թվականին սպառումը կազմել է 3.31 կգ:
Նվազել է նաեւ բանջարեղենի սպառումը. 2016թ.` միջին 6.63 կգ, իսկ 2017թ.` 6.24 կգ: 2016 թվականին մեկ շնչի հաշվով մեկ ամսում միջինը սպառվել է 1.98 կիլոգրամ միս, իսկ, ահա, 2017-ին թեկուզ չնչին, բայց այն նվազել է` ընդամենը 1.92 կգ: Նույն կերպ նվազել է նաեւ շաքարի, բուսական յուղի, պանրի բոլոր տեսակների, մրգի սպառումը: Սրանք ինքնին ուշագրավ փաստեր են, եւ, ըստ էության, կարելի է պատկերացում կազմել մարդկանց գնողունակության մասին, ավելի ճիշտ՝ գնողունակության տարեցտարի անկման մասին»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում