Օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հրաժարական տվեց։ Նա դժգոհել էր կոռուպցիայի դեմ նոր իշխանությունների պայքարից` միաժամանակ նշելով, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր պաշտոնավարումն անիմաստ է:«Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին եւ անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ:
Բարեփոխումների շարունակականության հեռանկարը պահանջում էր նաեւ սեղմ ժամկետներում հետագա քայլերի ձեռնարկում՝ սահմանադրական կարգավորումներին համահունչ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորում, պաշտոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողական մեխանիզմների գործարկում, ապօրինի հարստացումը բացահայտող տվյալներով նոր հայտարարագրերի հավաքում եւ վերլուծություն, ինչպես նաեւ ուժեղացված համագործակցություն իրավապահ մարմինների հետ:
Օրենքի ուժով Հանձնաժողովի երկարաձգված լիազորություններն էլ առավելապես պետք է ապահովեին ինստիտուցիոնալ համակարգի սահուն փոխակերպումը: Մինչդեռ անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չստացան. չձեւավորվեց օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չկազմակերպվեց եւ չանցկացվեց այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ:»,-մասնավորապես ասել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի` հակակոռուպցիոն գծով նախկին օգնական Արեն Մկրտչյանի հետ։
-Պարո՛ն Մկրտչյան, Սիրանուշ Սահակյանը հրաժարական ներկայացրեց՝ նշելով մի շարք պատճառներ։ Դուք որոշ ժամանակ վարչապետի օգնականն եք եղել հակակոռուպիցիոն ուղղությամբ։ Ի՞նչ համագործակցություն է եղել էթիկայի հանձաժողովի հետ։
-Ես Էթիկայի հանձաժողովի նախագահի պնդումը չհասկացա։ Հեղափոխութունից հետո առ այսօր հարուցված են քրեական գործեր շուրջ 80 միլիարդ դրամի սահմաններում, եւ սա երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ է։ Ես չգիտեմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել։ Ես ունեմ հակադարձ բան։
Էթիկայի հանձնաժողովի գումարումից ի վեր, եթե չեմ սխալվի, որեւէ անհամապատասխանութուն պետական պաշտոնյայի հայտարարագրերի եւ նրա աշխատավարձի մասով որպես քրեական գործ հարուցելու ուսումնասիրության նյութ իրավապահ կառույցներին չի ուղարկվել, եւ դա գործունեութան ամբողջ ժամանակահատվածում, այսինքն՝ տարիներ ի վեր։ Եղել են պատգամավորներ, որոնք ստացել են 480-500․000 դրամ աշխատավարձ եւ հայտարարագրել են մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք, ունեցվածք, դրամական միջոցներ։ Այստեղ, բնականաբար, ռիսկեր կան, եւ հարցեր են առաջանում։
Որեւէ հայտարարագիր չի ուղարկվել իրավապահների ուսումնասիրության։ Միգուցե այդ մասին խոսեին՝ փորձելով անհիմն դիտարկումներ անել կառավարության քաղաքականության մասին։
-Երբ եղել եք խորհրդական, փորձե՞լ եք համագործակցության եզրեր փնտրել Էթիկայի հանձնաժողովի հետ:
-Էթիկայի հանձնաժողովի հետ համագործակցելու նախադեպ չեմ ունեցել, որոհետեւ հիմնականում կենտրոնացած ենք եղել մի քանի խոշոր ուսումնասիրությունների վրա, որոնք վերածվել են քրեական գործերի։ Մասնավորապես, գիտեք, պաշտպանութան ոլորտում չարաշահումները, «Վիոլա ջուր» ընկերության հետ կապված խոշոր քրեական գործը, եւ մի քանի այլ գործեր եւս, որոնց մասին առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածվի, բոլորը կիմանան։ Ուղղակի առիթ չի եղել։
-Էթիկայի նախկին նախագահը նշեց, որ միջազգային երկրների կողմից դիտարկումներ են եղել, որոնք չեն ընդունվել։ Դրանցից տեղյա՞կ եք։
-Նախորդ գումարման Ազգային ժողովի մեծամասնությանը պետք է ուղղեր այդ հարցը, որովհետեւ նոր գումարման ԱԺ-ն նոր-նոր է սկսել գործունեություն ծավալել, եւ մենք միջազգային փորձի հետ կապված որեւէ առաջարկ չենք ստացել, որ մերժենք։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան