«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրար Սեֆիլյանը հայտարարություն է տարածել` ըստ էության, սպառնալիքներ հնչեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին` նշելով, թե լռելու եւ ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է։
«Համբերության բաժակը լցվել է։ «Սասնա ծուռ» ապստամբներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռեւս բանտում են:
Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով եւ նրա դատարանում:
…Լռելու եւ ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարության մեջ ասել է նա:
Սեֆիլյանի հայտարարություններն այլկերպ, քան Փաշինյանի իշխանությանն ուղղված սպառնալիք, դժվար է որակել: Ընդ որում, նկատենք, որ կալանավայրում շարունակում են մնալ «Սասնա ծռեր» խմբավորման այն անդամները, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար: Ու այս առումով իշխանությունների տեսակետը կարծես հստակ է. Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունից հետո` վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց, խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին, հայտարարել էր, թե խնդիր է այն գործերի դեպքում, որտեղ ունենք զոհեր: Ըստ այդմ` Փաշինյանը նշել էր, թե «Սասնա ծռերի» գործի հետ կապված պետք է լինի հանրային քննարկում, նաեւ պետք է լսել սպանվածների հարազատներին:
Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» հանդեպ հասարակության վերաբերմունքն այնքան էլ դրական չէ: Նաեւ ակնհայտ է, որ դատավարությունը չի ընթանում «ծռերին» ցանկալի հունով. բանն այն է, որ տուժողներից ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու նախկին փոխոստիանապետ Վարդան Եղիազարյանն առարկել են «ծռերի» նկատմամբ համաներում կիրառելուն` պատճառաբանելով, որ նրանց գործողությունների հետեւանքով ոստիկաններ են զոհվել: Այնպես որ, չի բացառվում՝ «Սասնա ծռերը», որոնք խափանման միջոցը փոխվելու շնորհիվ ազատ են արձակվել, մեղադրական դատավճռից հետո հայտնվեն բանտերում. միայն նրանք, որոնք այս ամենի կազմակերպիչներն են: Չի բացառվում, որ նրանց անհանգստությունը հենց դրա հետեւանքով է: Ու հիմա «Սասնա ծռերն», ըստ էության, սպառնալիք են՝ կախված ներկայիս իշխանությունների գլխին։
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից Պաշտպանության եւ անվտանգության հարցրերի հանձաժողովի անդամ Արամ Խաչատրյանին: Վերջինս էլ նշեց, որ իր համար զարմանալի են նման հայտարարությունները։
«Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի է այս բովանդակությամբ հայտատարությունը, որովհետեւ տղաների գործը իրավական դաշտում է գտնվում, եւ կառավարությունը կամ օրենսդիրը չեն խառնվելու դատական պրոցեսներին։ Դրա մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար, նորից եմ ուզում կրկնել՝ ինձ համար զարմանալի է սա։ «Սասնա ծռեր» խմբի անդամներից շատերը, դատարանի որոշմամբ, ազատ են արձակվել։ Ես կարծում եմ, որ հիմա՝ այսինքն հեղափոխությունից հետո, դատարանները բավականին ազատ են, օբյեկտիվ են, եւ, ընդհանրապես, իրավապահ համակարգը։ Ասինքն` ի՞նչ պետք է անի կառավարությունը այս մասով: Ուզում են` միջնորդի դատարաններին։ Դա՞ են ուզում։ Այդպես չի լինի։ Հիշել է պետք, որ իրենց ազատ են արձակվել թավշյա հեղափոխությունւց հետո: Դա գործ է, որը բոլորիս էլ մտահոգում է, եւ մենք բոլորս էլ հետեւում ենք այս գործընթացին, եւ ես համոզված եմ, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը։ Հարցրինք՝ իշխանության մոտ մտավախություն չկա, որ կրկին կարող է զինված հարձակում տեղի ունենալ խմբի անդամների կողմից։
«Եթե իրենք նման բան են հայտարարել, ուրեմն ճիշտ կլինի` իրենք պարզաբանում ներկայացնեն, թե ինչ են ուզում ասել դրանով։ Ես ուղղակի կոչ կանեմ իրենց, որ ուղղակի հետեւեն գործընթացներին, դատական նիստերին, եւ վստահեցնում եմ, որ ամեն ինչ կընթանա օրենքի շրջանակներում։ Պետք չէ իշխանության հետ սպառնալիքներով խոսել, որովհետեւ այսօրվա իշխանությունը Հայաստանի պատմության մեջ այս 30 տարիների ընթացքում ամենալեգիտիմ եւ մեծ վստահություն ունեցող իշխանությունն է։ Չի կարելի նման բովանդակությամբ ու սպառնալիքով խոսել, որովհետեւ, նորից եմ ասում, կառավարությունը չի միջամտելու այդ դատական պրոցեսներին»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանը:
Հ.Գ. Ի դեպ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանն էլ իր հերթին օրերս չէր բացառել իշխանության դեմ պայքարում կրկին զենքի դիմելու հավանականությունը: Հետեւությունները, թերեւս, թողնում ենք ընթերցողներին:
Այսօր Ժիրայր Սեֆիլյանը կրկին անգամ պարզաբանել է իր խոսքերը.
«Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։ Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։ Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։ Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան
Արման Գալոյան