Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարիներ առաջ Եվրոպական դատարան ներկայացրած Փաշինյանի դիմումների առնչությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր նախկին դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում այս գործով, ինչ հանգուցալուծում է նա տեսնում, ի պատասխան` վերջինս նշեց. «Շատ բարդ իրավիճակ է, անկեղծ ասեմ` ինչու: Նիկոլ Փաշինյանը այդ հայցը ներկայացրել է այն ժամանակ, երբ ինքը ՀՀ կառավարության ղեկավար չէր. հիմա հայցը քննության է փաստորեն ընդունվել, եւ ծանուցվել է կառավարությանը, այն կառավարությանը, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը:
Սա հետաքրքիր բարդ վիճակ է, չեմ կարող ասել` ինչ կլինի, բայց արդյունքում փաստացիորեն ստացվում է հետեւյալ կերպ. երբ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը նախապատրաստի առարկությունը տվյալ հայցի դեմ, օրինակի համար, այդ առարկությունները հո կառավարության լիազոր ներկայացուցչինը չե՞ն, այլ կառավարության առարկություններ են, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի:
Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը չի կարող ինքը իր կողմից ներկայացված հայցի դեմ արդեն որպես կառավարության ղեկավար առարկի: Բարդ վիճակ է, ես չգիտեմ, ես երբեւէ նման իրավիճակի հետ չեմ առնչվել: Ես ունեմ իմ դիրքորոշումը, բայց չեմ ուզենա իմ դիրքորոշմամբ կաշկանդեմ իմ իրավահաջորդին` կառավարության ներկայացուցչին Եվրոպական դատարանում. թող ինքը իր որոշումը կայացնի»: