ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2017 թվականի աղքատության ցուցանիշը, որտեղ ներկայացված է վերջին տարիներին ամսական մեկ շնչի հաշվով սննդամթերքի հիմնական տեսակների սպառումը: Բոլոր դեպքերում պատկերը խիստ մտահոգիչ է ու տխուր, որովհետեւ բոլոր տեսակի սննդամթերքի սպառումը աստիճանաբար նվազել է:
Նշենք, որ Հայաստանում աղքատությունը 2017 թվականին կազմել է 25.7 տոկոս: 2016 թվականի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 3.7 տոկոսային կետով: Իջել է նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, իսկ 2017-ին` ծայրահեղ աղքատությունը 1.4 տոկոս է:
Բայց չնայած սրան` սպառման նվազում է արձանագրվել խոցելի խմբերում` գործազուրկի գլխավորությամբ եւ բազմանդամ ընտանիքներում: Լավագույն դեպքում 2015-2016 թվականներին մեկ շնչի հաշվով ամսական աճել է բանջարեղենի, կարտոֆիլի սպառումը, բայց նախորդ տարիների համեմատ` այն, բնականաբար, նվազել է:
Եթե մեկ հոգին 2016 թվականին մեկ ամսում սպառել է 3.36 կգ կարտոֆիլ, ապա 2017 թվականին այն կազմել է 3.31 կգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-ին մեկ ամսում մեկ անձը միջինը սպառել է 6.24 կգ բանջարեղեն, մինչդեռ 2016-ին այն կազմել է 6.63 կգ: Օրինակ` 2016 թվականին մեկ շնչի հաշվով մեկ ամսում միջինը սպառվել է 1.98 կիլոգրամ միս, իսկ, ահա, 2017-ին թեկուզ չնչին, բայց այն նվազել է` ընդամենը 1.92 կգ:
Իսկ, ահա, կաթ ու մածունը մեկ հոգին մեկ ամսվա ընթացքում 2017 թվականին, 2016-ի համեմատ, նվազեցրել է` սպառելով 1.77 լիտր: Ու, վերջապես, եթե 2014 թվականին մեկ շնչի հաշվով ամսական միջինը սպառվել է 11.31 կգ հաց, ապա 2017 թվականին այն նվազել է` դառնալով 10.59 կգ: Հացի սպառումը նվազել է նաեւ 2016 թվականի համեմատ. այդ ժամանակ այն կազմել է 11.26 կգ:
Եւ զարմանալի չէ, քանի որ վիճակագրական կոմիտեն վերջին տարիներին արձանագրում է նաեւ հացի արտադրության ծավալների նվազում: Մասնագետներն այն պայմանավորում են մշտական բնակչության թվաքանակի նվազման հետ: Բայց, մյուս կողմից, նվազման պատճառ կարող է լինել նաեւ գնողունակության անկումը:
Ինչեւէ, արձանագրենք, որ նվազել է նաեւ շաքարի, բուսական յուղի, պանրի բոլոր տեսակների, մրգի սպառումը: Անգամ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող ձվի սպառումն է նվազել: Եթե 2016 թվականին մարդը մեկ ամսվա ընթացքում սպառել է 10.71 հատ ձու, ապա 2017-ին այն կազմել է 10.55 հատ: Ամսական մեկ շնչի հաշվով 2016 թվականին կարագի սպառումը կազմել է 0.13 կգ, իսկ 2017-ին այն նվազել է`դառնալով 0.12 կգ:
Պաշտոնական վիճակագրությամբ կարող ենք տեսնել, որ, ըստ խոցելի խմբերի, օրինակ, գործազուրկի գլխավորությամբ ընտանիքում մեկ շնչին ամսական կտրվածքով կարտոֆիլի սպառումը ավելացել է. եթե 2016-ին նման ընտանիքներում մեկ շունչը սպառել է 3.08 կգ կարտոֆիլ, ապա 2017-ին` 3.17 կգ: Բայց, միեւնույն է, այն 2015 թվականի համեմատ նվազել է. այդ ժամանակ կարտոֆիլի սպառումը կազմել է 3.24 կգ: Իսկ, ահա, բազմանդամ ընտանիքներում այն 200 գրամով է ավելացել:
Նշենք, որ 2015 թվականին բազմանդամ ընտանիքներում ամսական սպառվել է 3.07 կգ կարտոֆիլ, 2016-ին`2.70 կգ, 2017-ին`2.90 կգ: Ասել է թե` բազմանդամ ընտանիքները սկսել են տարիների կտրվածքով քիչ քանակությամբ կարտոֆիլ օգտագործել: Ի դեպ, բազմանդամ ընտանիքներում հացի սպառումն էլ է մեկ շնչի հաշվով նվազել. 2015 թվականին ամսական կտրվածքով սպառվել է 10.29 կգ, իսկ 2016 թվականին` 9.97 կգ, 2017-ին`9.59 կգ:
Իսկ, ահա, գործազուրկի գլխավորությամբ ընտանիքներում սկսել են քիչ օգտագործել կաթն ու մածունը. եթե 2016 թվականին այդ ընտանիքներում մեկ շնչի հաշվով ամսական սպառվել է 1.51 լիտր կաթ ու մածուն, ապա 2017-ին այն կազմել է 1.42 լիտր:
Կենսաթոշակառուները 2017 թվականին ավելացրել են կարտոֆիլի սպառումը,բայց հացի սպառումը, հակառակը, նվազեցրել են:
Կենսաթոշակառուներով տնային տնտեսություններում 2017 թվականին մեկ շնչի հաշվով ամսական կտրվածքով հացի սպառումը կազմել է 10.55 կգ, իսկ 2016-ին այն 11.29 կգ էր: Իսկ, ահա, երեք եւ ավելի (0-14տ.) երեխաներ ունեցող ընտանիքներում ավելացել է ե՛ւ բանջարեղենի, ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ մսի ու կաթնամթերքի սպառումը: Մյուս կողմից` նվազել է շաքարի, ձվի, ձկնեղենի, բուսական յուղի սպառումը:
Կհիշեք` աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միեւնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիմա պարզվում է՝ կարտոֆիլը ոչ թե աղքատների, այլ հարուստների կերակուրն է: Այդ մասին է վկայում նաեւ կարտոֆիլի բարձր գինը:
Սյունէ Համբարձումյան