Ֆրանսիացի նշանավոր գրող, դրամատուրգ Վիկտոր Հյուգոն ծնվել է 1802թ. փետրվարի 26-ին Բեզանսոնում: Ստացել է դասական կրթություն, 1822թ. հրապարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
1930-ական թվականներին գրականության մեջ նա ընտրեց ռոմանտիզմի ուղղությունը: Հյուգոյին ողջ աշխարհում ճանաչում են առաջին հերթին «Փարիզի Աստվածամոր տաճարը» և «Թշվառները» վեպերով:
Հյուգոյի ստեղծագործություններում առկա պատմական փաստերը նաև կենսագրական բնույթ ունեն, քանի որ Հյուգոն ժամանակի ընտրությամբ ու հետևանքով դարձավ Ֆրանսիական հեղափոխության ոչ միայն վկան, այլև մասնակիցը:
Այս հարցում մեծ էր նաև ընտանիքի դերը: Հյուգոյի հայրը ֆրանսիական բանակի գեներալ էր և հաճախ Հյուգոյին պատմում էր ոչ միայն իր ճանապարհորդական տպավորությունները, այլև ծանոթացնում իրական պատերազմական փաստերին ու դրա հետևանքներին:
Հյուգոյի կենսագրության մեջ մեծ է նաև մոր դերը: Հյուգոյի փոխհարաբերությունները բավականին բարդ էին նրա հետ: Չնայած այն ամբողջ ջերմությանն ու սիրուն, որ նրանք տածում էին միմյանց հանդեպ, Հյուգոն հաճախ էր կրկնում, որ իր մոր զգացմունքները հիշեցնում են իրական բանտ, քանի որ դրանք եսակենտրոն են ու սեփականատիրական:
Եվ զարմանալի չէր, որ Հյուգոյի բազմաթիվ քայլերի հիմքում միայն մորը հակադրվելու բուռն ցանկությունն էր: Նման մի քայլ էլ դարձավ Հյուգոյի ամուսնությունը մի աղջկա հետ, ում ատում էր Հյուգոյի մայրը: Հյուգոն հանդիպում էր Ադելի հետ մի քանի տարի շարունակ, սակայն միայն մոր մահից հետո նա համարձակվեց ամուսնանալ Ադելի հետ:
Շուտով ծնվեց նրանց առաջին որդին, որն ապրեց ընդհամենը մի քանի ամիս: Սա դեռ նրա առաջին կորուստը չէր լինելու: Ծերության ժամանակ, երբ Հյուգոն վերհիշում էր ապրածը, իր ամենամամեծ կորուստը համարում էր աղջկա` Լեոպոլդայի մահը:
Վերջինս մահացավ 19 տարեկան հասակում՝ ամուսնությունից մի քանի օր անց: Տխրությունն ու ընկճվածությունն այս կորստից հետո Հյուգոյին ուղեկցեցին ամբողջ կյանքում: Հյուգոյի վերջին սերը, որը հավատարիմ ու նվիրված էր նրան ինչպես և առաջինը, Ջուլիետա Դրուեն էր:
Ջուլիետա Դրուեի սերն այնքան մեծ էր, որ, տեղափոխվելով Հյուգոյի բնակարան, նա նույնիսկ հոգ է տանում Հյուգոյի մահամերձ կնոջ մասին՝ դառնալով նրա վերջին օրերի միակ հարազատը: Ջուլիետան ապրել է Հյուգոյի կողքին մինչև նրա կյանքի վերջին օրը: Վիկտոր Հյուգոն մահացել է 1885թ.-ի մայիսի 22-ին Փարիզում: