ԱԱԾ-ի կողմից պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության լուրը երեկ հաստատվեց: Ընդ որում, պաշտոնական հաղորդագրություն տարածեց հենց Պետական վերահսկողական ծառայությունը՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է երկու հոգի, այլ ոչ թե չորս, ինչպես նշվում էր երեկ լրատվամիջոցներում:
«Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։ Տեղեկացնենք նաեւ, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին, օրենքով սահմանված կարգով, կտրվի համապատասխան ընթացք»,- պարզաբանել են ՊՎԾ-ից։ Այդ կառույցի խոսնակը նաեւ նշել է. «Ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չենք հաղորդում` նրանց սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը, չխախտելու սկզբունքով պայմանավորված»:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Տիգրան Ուլիխանյանը զբաղեցրել է պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնը եւ համակարգել է վերահսկողության ծառայության վարչությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջինիցս հետաքրքրվել, թե իր պաշտոնավարման ընթացքում արդյոք եղել են չարաշահումների մասին խոսակցություններ, եւ, ի վերջո, ինքը ինչ գիտի այս միջադեպի մասին:
«Իմ պաշտոնավարման ժամանակ նման խոսակցություններ չեն եղել: Այս պահի դրությամբ լրահոսում այդ մասին տարբեր ինֆորմացիաներ կան: Ես հիմա, ճիշտն ասած, պաշտոնական ինֆորմացիայի եմ սպասում, տեսնենք` ովքեր են, ինչ հարցերով: Դավիթ Ադյանը, օրինակ, հերքեց իր մասին ինֆորմացիան: Պետք է իմանալ` ովքեր են, ինչ գործով են, որպեսզի իմանանք, թե երբվանից է դա սկսվել: Ես վստահ եմ` իրավապահ մարմինները այդ հարցերի պատասխանները կտան:
Իսկ ինչ վերաբերում է, թե իմ ժամանակ կարող էր նման խոսակցություններ լինել, ես դա ուղղակի բացառում եմ: Ենթադրում եմ, որ եթե ձերբակալվել են, ապա ինչ-որ քրեորեն պատժելի արարք են իրականացրել: Իմ պաշտոնավարման ժամանակ հնարավոր չէր, որ այն, ինչում հիմա մեղադրվում են աշխատակիցները, լիներ: Ես դա ուղղակի բացառում եմ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
Հետաքրքրվեցինք` այդ ժամանակ ամեն բանից տեղյակ է եղել արդյոք, վերջինս ասաց, որ, ըստ էության, այո, ամեն ինչ իր վերահսկողության տակ է եղել:
Լուսինե Մինասյան