ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանաշինության ծրագիրը խաբեությո՞ւն է. տուն փնտրողները հայտնվել են 2 հազար դրամի ծուղակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս է` շրջանառության մեջ է դրվել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Այդ ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանի խոսքով` բնակարանը քաղաքացին կարող է ձեռք բերել ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի: Մհեր Դերձյանի հաշվարկով` դեռ 2018 թվականի դեկտեմբերին ծրագրում արդեն ընդգրկված էր 50 հազար մարդ: «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել՝ ինչ ծրագիր է սա, ովքեր են կանգնած դրա հետեւում, կա արդյոք գոնե մեկ տուն, որի կառուցման աշխատանքները սկսել են եւ այսպես շարունակ: Բացահայտված փաստերը վեր էին բոլոր սպասելիքներից. լուրջ կասկածներ կան, որ տեղի է ունենում ամենասովորական խաբեություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գնաց Էջմիածին քաղաքում գործող «Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակ: Նշենք, որ գրասենյակում եղել ենք մոտ մեկ ժամ, եւ այդ ընթացքում մարդկանց ահռելի հոսք կար: Մեզ հետ զրույցում Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը նշեց, որ կոնկրետ Արմավիրի մարզում կան 1000 եւ ավելի գրանցված մարդիկ, եւ հիմա գրանցումը դադարեցված է:

Մեր հարցին, թե ծրագիրը կոնկրետ ում կողմից է ֆինանսավորվում, պարոն Հայրապետյանը պատասխանեց, որ բարերարների` արտասահմանից, Ռուսաստանի Դաշնությունից: Թե ովքեր են, Վան Հայրապետյանը անուններ չնշեց` պատճառաբանելով, որ մարդիկ կան, որոնք չեն ուզում` իրենց անունները հրապարակային լինի, եւ ցանկանում են պարզապես օգնել մարդկանց: Հայրապետյանն ասաց, որ ներկայումս ֆինանսավորողներից բոլորը ցանկություն են հայտնել, որ անունները գաղտնի մնան:

Խոստովանենք` այս պնդումը ավելի քան կասկածելի է: Վան Հայրապետյանի խոսքով` այն տարածքները, որտեղ պիտի բնակարաններ կառուցվեն, պատկանում են համայնքներին, ինչպես նաեւ անհատների, որոնցից պետք է գնվի: Սակայն նշենք, որ գրասենյակում մեզ չներկայացրին փաստաթղթեր եւ պայմանագրեր, որոնք կհիմնավորեին՝ ինչ համագործակցության մասին է խոսքը, երբ են գնվելու տարածքները եւ այլ մանրամասներ:

«Այսօր մենք նոր մտել ենք պետական ռեգիստր: Այսինքն` ամեն բան օրենքով է արվում: Իրավաբան Գեւորգ Մուշեղյանը զբաղվում է այդ հարցերով»:
Հարցինք` 1000 գրանցված մարդու իսկապես կարո՞ղ եք բնակարանով ապահովել: Կա՞ն այդ տարածքները:
«Մենք սկսելու ենք 150 հոգուց: Մենք տանելու ենք, տարածքները ցույց տանք, եւ բնակիչը պիտի ընտրի, թե որտեղ է ուզում կառուցվի իր տունը: Մեզ հետ համագործակցում են շինարարական կազմակերպություններ, համագործակցում են քաղաքի ղեկավար անձինք, որոնք պատրաստակամ են տրամադրել այդ տարածքները»,-մեզ հետ զրույցում ասացին կազմակերպության իրավաբան Գեւորգ Մուշեղյանն ու համակարգող Վան Կարապետյանը:

Հարց ուղղեցինք` ձեզ հետ փաստաթղթավորվա՞ծ են համագործակցում, նշեցին` այո, ամեն բան արվում է օրենքով: Խնդրեցինք տրամադրել այդ փաստաթղթերը: «Այս պահին չունենք: Նոր-նոր-նոր, այսօր մտել ենք օրինական դաշտ: Մինչ այդ անօրինական չէինք, բայց ո՛չ էս կողմ էր, ո՛չ էն կողմ, մեջտեղում կանգնած սպասում էինք, որ պետք է ձեւավորվի կորպորատիվ, ժողովուրդը իր համաձայնությունը տա»,-ասաց Վան Հայրապետյանը:

Պարզվեց, որ կան մասնաճյուղեր, որոնք արդեն 8-9 ամիս է` գործում են, սակայն շինարարական աշխատանքներ, ըստ էության, չեն իրականացվել:
Հայրապետյանը նշեց, որ Երեւանում արդեն հողեր գնել են, զբաղվում են այդ հարցերով:
Հետաքրքրվեցինք` քաղաքապետարանը աջակցո՞ւմ է այս ծրագրին, եւ, ի վերջո, կա թեկուզ մեկ կառուցված տուն:
«Աջակցո՞ւմ են իրենք: Այսինքն` այստեղ դեռ մարդիկ չեն եկել: Եկել են կողքից, հարցուփորձ եղել ա: Տեղյակ են բոլորը: Տեղյակ է Էջմիածնի ոստիկանության պետը: Ոչ մի տուն դեռ չի կառուցվել, բայց շատ շուտով կկառուցվի»,-ասաց նա:

Սակայն այդպես էլ հստակ ժամկետներ չնշվեցին: Առնվազն զարմանալի է. սկսվել է մի ծրագիր, որում նույնիսկ մոտավոր ժամկետներ չկան նշված, թե երբ են սկսվելու շինարարական աշխատանքները: Նշենք նաեւ, որ պարզել չհաջողվեց, թե կոնկրետ հիմա որքան գումար է հատկացված ծրագրին:

«Ես էլ չգիտեմ` որքան գումար է հատկացված: Գիտեմ, որ գումարը հատկացվում է»,- ասաց նա: Հարցրինք, թե նրանք պատասխանատու են արդյոք այս ամենի համար: Հայրապետյանը նշեց, որ ինքը պատասխանատու է միայն ժողովրդի համար, պատասխանատու է նրա համար, որ իր անձնակազմը փող շորթելով չզբաղվի: Մեզ հետ զրույցում վերջինս վստահեցրեց, որ ով երբ ցանկանա, կարող է գալ եւ գրանցման համար տրամադրած 2000 դրամը հետ վերցնել: «Ես մեր մարզի ոստիկաններին կխնդրեմ, որ կես ժամ տրամադրեն եւ գան մեր ժողովներին»,-ասաց Հայրապետյանը:

Վան Հայրապետյանի խոսքով` Մեծամոր քաղաքի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի հետ պայմանավորվածություն կա, որ այդ քաղաքի երկու անապահով ընտանիքներ օգտվելու են ծրագրից:
Նկատենք, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին եւ ոչ մի բան ավելի:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վաղարշապատի ոստիկանության բաժնի ղեկավար Գեւորգ Հակոբյանի հետ, որը մեզ հետ զրույցում, ըստ էության, ասաց, որ լավ տեղյակ չէ ծրագրից: Նշենք նաեւ, որ վերջինս չէր էլ մտաբերում ծրագրի անունը: Ոստիկանության բաժնի պետը մեզ հետ զրույցում խոստացավ իմանալ, թե ոստիկանությունում ովքեր են տեղյակ այս ծրագրից եւ ինչ գիտեն այդ մասին, սակայն մեր այդ զրույցից հետո նրա հետ կապ հաստատել այլեւս չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար նաեւ դիմեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին` հասկանալու, թե քաղաքապետն ինչ է անում այս ծրագրի մասին մանրամասներ իմանալու համար:

«Քանի որ տեղյակ եմ` ինչ ծավալի հետաքրքրություններ ունեն քաղաքացիները այդ ծրագրի մասով, այս պատճառով դա մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել` չնայած նրան, որ քաղաքապետարանը որեւէ լիազորություն եւ լծակ չունի դա վերահսկելու, բայց պարբերաբար ինքս` որպես համայնքի ղեկավար, կապի մեջ եմ լինում ոստիկանության հետ, մասնավորապես` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ, որպեսզի քաղաքացիները խարդախության զոհ չդառնան: Հավաստիացումներ եմ ստացել համապատասխան մարմիններից, որ դա իրենց ուշադրության կենտրոնում է: Համայնքի կողմից որեւէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը: Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որեւէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»,-մեզ հետ զրույցում ասաց Դիանա Գասպարյանը:

Հարցրինք` կազմակերպությունից մեզ ասում են, որ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ համագործակցություն կա, Դուք տեղյա՞կ եք այս մասին. Դիանա Գասպարյանը պատասխանեց, որ նման բան չկա:
«Ստում են: Նման բան չի եղել»,-ասաց քաղաքապետը:

Նշենք, որ, ըստ մեր հավաստի աղբյուրների, կազմակերպության կողմից խոսակցություններ են տարածվում, որ Էջմիածնի քաղքապետարանը համագործակցում է բանկերի հետ, եւ դրա համար էլ իրենց տարածքներ չի տրամադրում, քանի որ նոր տների կառուցման դեպքում մարդիկ կդադարեն հիփոթեքով տներ գնել:

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին դիմեց քաղաքացի Լուսինե Սարգսյանը: Վերջինիս պնդմամբ` ինքը խաբեության զոհ է դարձել: Աշխատել է Մհեր Դերձյանի մոտ կամավոր` լավ տուն ունենալու հույսով, սակայն վերջինս խաբել է իրեն. արգելափակել է հեռախոսահամարները, ֆեյսբուքյան էջը: Քաղաքացու խոսքով` ինքը միակ մարդը չէ, որ խաբեության զոհ է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրեթե մեկ ամիս է` փորձում է կապ հաստատել ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանի հետ, սակայն վերջինս համառորեն չի պատասխանում մեր հաղորդագրություններին:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ սա ընդամենը մախինացիա է: Կազմակերպիչներն էլ, թերեւս, իրենց հույսը դրել են նրա վրա, որ քաղաքացիները 2000 դրամի համար դատարան չեն դիմի: Բայց միայն պատկերացրեք, թե ինչ հսկայական գումարներ են գոյանում 2000-ական դրամներով:

Հ.Գ. Վան Հայրապետյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մի քանի օր հետո փաստաթղթեր կներկայացնի:
Հ.Գ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է լինելու այս հարցի առնչությամբ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Հ. Գ. Մեր այս հրապարակումից հետ Մհեր Դերձյանը զանգահարել էր խմբագրություն և նշել, որ առարկություններ ունի, վերջինիս հրավիրել ենք խմբագրություն` ներկայացնելու իր առարկությունները:

Լուսինե Մինասյան




Լրահոս