Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:
Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:
Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:
Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:
Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:
Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:
Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:
Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:
Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության:
Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը:
Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ:
Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է:
Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը որ մենք քննարկել ենք: Ես կցանկանայի մեկ-երկու դետալ ավելացնել:
Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:
Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:
Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:
Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:
Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից:
Պարոն Ռոհանի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և մեր կառավարությունների ներկայացուցիչներին մաղթել հաջողություններ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ»:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:
Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվեl Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:
Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: