Օրենսդրական դաշտի ռեալիզացման խնդիր է. Հովհաննես Իգիթյանը` համակարգային խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ զուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ:

-Պարո՛ն Իգիթյան, կարեւոր փիլիսոփայական մեկնակետ է Փաշինյանի «..եւ այդ մեկ մարդը դու ես» թեզը, բայց չի հասկացվում՝ այն իրավակարգավորումների կոնտեքստում, որոնք որոշակի տրամաբանությամբ մարդկանց մասնակցային կառավարման հնարավորություն չեն տվել, ինչպե՞ս է քաղաքացին իրեն գործառութային զգալու:

-Նախ` պետք է հասկանալ, որ խնդիրը ոչ թե հիմնականում օրենսդրական դաշտում է գտնվում, այլ օրենսդրական դաշտի ռեալիզացման խնդրի մեջ: Իհարկե, մենք անհրաժեշտություն ունենք որոշ փոփոխություններ անելու, բայց դրանք էական չեն: Ինչի՞ց պիտի սկսենք այն, ինչ կոչվում է տնտեսական հեղափոխություն: Տնտեսական հեղափոխությունը սկսում է մեր աշխարհահայացքի եւ մենթալիտետի փոփոխությունից, դա սկսում է ցանկացած քաղաքացուց, այդ թվում եւ՝ Ազգային ժողովի պատգամավորից, կառավարության անդամներից, հարկային դաշտից եւ այլն:

Ոչ մի տեղ նշված չէր, որ ընտրությունների ժամանակ թեկնածուն պետք է գա, առնի ձայնը, կեղծի ընտրությունները եւ այլն, բայց դա արվում էր: Այս դաշտում խնդիրը պետք է նայել ոչ թե օրենսդրական իրավակարգավորման դաշտում, այլ մարդու մենթալիտետում: Եւ ընդամենը մի քանի ամսում այս մենթալիտետը ջարդվեց: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ նույնիսկ այն օրենքները, որտեղ որ գրված չէր, հիմա կոնկրետ ընտրությունների մասին ենք խոսում, որ դրանք պետք է բարեփոխվեն, որպեսզի հնարավորինս քիչ բան կախված լինի քաղաքական կամքից եւ ժողովրդի կամ մասնակիցների բարի տրամադրվածությունից: Եթե մենք փորձենք մի նախադասությամբ ասենք այն պայմանը, ինչը պիտի անենք, որ անցնենք տնտեսական հեղափոխության, դրա հիմքում դրված է ժողովրդի վստահությունը իշխանություններին: Իհարկե, առաջինը իշխանության մեջ գտնվող մարդիկ պետք է անեն որոշ քայլեր. համաձայն եմ՝ օրենքի մեջ պիտի լինի թափանցիկություն, հաշվետվություն եւ այլն:

-Տեղեկություն կա այն մասին, որ բարձրացել է ոստիկանների աշխատավարձը, մյուս կողմից՝ ուսուցիչները, որոնք, ենթադրվում է` ակնկալվող արժեքային վերափոխությունը սերմանողներն են, իրենց խնդիրների վրա ուշադրություն գրավելու համար այլ տարբերակ չեն գտնում, քան փողոց դուրս գալը: Սա ակնարկ է կառավարության ռազմավարական դիրքավորման մասի՞ն:

-Ես ոստիկանության հետ կապված չունեմ տեղեկություններ՝ ինչքանով է բարձրացել եւ այլն: Ես կտրականապես դեմ եմ, որ մենք փորձենք տարբեր խավեր իրար հակադրել: Մենք պիտի մտածենք՝ ինչ պետք է անենք, որ թե՛ ուսուցիչները, թե՛ ցանկացած մարդ ստանա է այն աշխատավարձը, որը թույլ կտա իրականացնել Սահմանադրության մեջ նշված արժանապատիվ կյանքի իրավունքը:

Ես ուզում եմ՝ մենք 3 մասի բաժանենք մեր ապագա քայլերը. 1-ին՝ բոլորը` հատկապես իշխանությունը, պետք է իրենց տեղում այնպես աշխատեն, որ ժողովուրդը վստահություն ունենա: 2-րդը՝ մենք պետք է, ներսի կոռուպցիոն սխեմաները բացահայտելով, եկամուտային մասը ավելացնենք, որ այն մինիմալը, որը խոստացել ենք, ավելացնենք: 3-րդն այն է, որ այդ տնտեսական հեղափոխության արդյունքում ստեղծված մթնոլորտը այնքան տնտեսական աշխուժություն բերի Հայաստան, որ մենք արդեն ոչ թե տոկոսներից խոսենք, այլ տասնյակ տոկոսներից:

-Կառավարության ծրագրում չկա անցումային արդարադատություն ձեւակերպումը, սակայն ԱԺ նախագահը նշեց, որ կլինեն քրեական գործեր, կարձանագրվեն խախտողների անունները, եւ ներում պիտի շնորհվի հանրության կողմից: Այս կոնտեքստում չի խոսվում մարդկանց խախտված իրավունքների վերականգնման մասին: Գուցե վտանգավոր, անգամ անհնար է գնալ սեփականության վերաբաշխման պրոցեսով, բայց ինչի՞ մասին է լինելու անցումային արդարադատությունը, երբ չկա խախտված իրավունքների վերականգնում:

-Ես ոչ թե հարցին պիտի պատասխանեմ, այլ անհամաձայնություն հայտնեմ այնտեղ նշված դրույթներին: Հարցը ես ավելի կարճ ձեւակերպեմ եւ ինքս պատասխանեմ. ինչպե՞ս եմ վերաբերվում անցումային արդարադատության էլեմենտներին, արդյոք դա Հայաստանում հնարավո՞ր է եւ արվելո՞ւ է:

Անցումային արդարադատությունը մի համակարգ է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք, փորձ, նախադեպ եւ իրավական բազա: Ի՞նչ կարող ենք մենք անել այս պայմաններում՝ չիրականացնելով ամբողջ այդ համակարգային անհրաժեշտ փոփոխությունները: Առաջինը՝ բոլոր այսօրվա պաշտոնյաները, այս պահից սկսած, պարտավորություն կվերցնեն իրենց վրա, որ նրանք պատրաստ են տալ լիազորագիր ցանկացած իրենց սեփականությունը կամ ֆինանսական եկամուտները ստուգելու համար:

Երկրորդը՝ Հայաստանը վավերացրել է կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որտեղ անմեղության կանխավարկածը գործում է այս ձեւով, որ պետությունը, իշխանությունը, դատական համակարգը ինքը պետք է ապացուցի, որ մարդու մոտ գտնված գումարը ոչ օրինական է: Սակայն պետական պաշտոնյայի հանդեպ կիրառվում է այս հոդվածը այն ձեւով, որ մարդը ինքը պետք է ապացուցի իր ոչ հիմնավոր հարստությունը:

Մենք արդեն ունենք նախադեպ այս հոդվածով՝ Վաչագան Ղազարյանի դեպքը, որտեղ ինքը պիտի ապացուցի մի քանի միլիոնների օրինական լինելը: Այն մարդիկ, որոնք տուժել են այդ պաշտոնյաներից՝ բիզնես են խլել, նեղացրել են, դա լրիվ այլ գործ է եւ կապված չէ անհիմն հարստանալու հետ: Դա քրեական գործով նախատեսված մի գործառույթ է. այդ մարդկանց գործերը նայում են առանձին, դա այլ խնդիր է:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս