ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխական երգը Թաթային կօգնի՞ խուսափել հարկերից. պրոդյուսերի մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, ստանալ պետական գրանցում կամ բարեխղճորեն հաշվառվել հարկային մարմնում՝ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ:

-Պարո՛ն Նազարյան, Թաթան, որը Հայաստանում հայտնի է որպես կորպորատիվներից եւ համերգներից ամենաշատ եկամուտ ստացող երգիչներից մեկը, պատրա՞ստ է հայտարարագրել իր եկամուտները:

-Մենք չենք կարող դեմ լինել օրենքին, ուստի ի սկզբանե հարկավոր է խոսել դրա կիրառման արդյունավետ մեխանիզմների մասին: Խոսվում է այն մասին, թե, իբր, Թաթան դեմ է այս նախագծին. ճիշտ հակառակը, նա ինքն է հաճախ զանգահարում ինձ եւ հետաքրքրվում՝ ինչ ընթացք ստացավ գործընթացը, եւ ինքն է շահագրգռված, որպեսզի մենք մասնակցենք պրոցեսին:

Աստված տա՝ Թաթայի պես օրինապաշտ մարդիկ մեր երկրում շատ լինեն: Լինելով արտիստների կողքին՝ միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ չեմ նկատում ՊԵԿ-ի կողմից բացասական նախատրամադրվածություն նրանց նկատմամբ: Բանն այն է, որ արվեստագետ ես, թե շինարար, դու սուբյեկտ ես եւ պետք է հարկվես:

Պարզապես արվեստի մարդիկ նուրբ հոգեբանություն ունեն, փաստաթղթային հարցերից բավական հեռու են, ուստի պետք է հնարավորինս պարզ մեխանիզմներ կիրառել եւ նրանց հետ արդյունավետ երկխոսության մեջ մտնել: Օրենքը պետք է հարմար լինի. այդ դեպքում այն հնարավոր կլինի կիրառել:

– Երգիչ-երգչուհիներից շատերը նշեցին, որ այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք համերգներ են կազմակերպում Հայաստանում, պետությանն արդեն իսկ հարկ են վճարում, եւ կարիք չի լինի եկամուտները հայտարարագրելու:

-Ինչ-որ տեղ ճիշտ են ասում: Ընդհանրապես, կա մտայնություն, որ, իբր, երգիչ-երգչուհիները ընդհանրապես հարկ չեն մուծում: Դա սխալ ընկալում է: Հավատացե՛ք՝ նրանց շնորհիվ մեր բյուջե քիչ գումար չի մտնում: Մի բան էլ ասեմ. հաճախ այս թեման արծարծելիս մեջբերում են արտերկրի փորձը: Բայց ես ուզում եմ շեշտել, որ այնտեղի այս կամ այն օրենքը ամբողջ շղթայի ընդամենը մեկ օղակն է, իսկ օրենքը պետք է հենց այդ ընդհանուր շղթայի մեջ դիտարկել, ոչ թե առանձին:

– Որոշ ժամանակ առաջ հրապարակումներ եղան առ այն, որ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որպեսզի նրանց ստիպեն հարկվել։ Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել. «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…»:

Այսինքն՝ քանի որ Թաթան կատարել է հեղափոխությանը նվիրված հայտնի երգը, արդեն դարձել է ներկայիս իշխանությունների սիրելին: Հնարավո՞ր է նման բան, եւ արդյոք դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի Թաթան չհարկվի:

-Չեմ էլ ուզում մեկնաբանել… Բնականաբար, այդպիսի բան չկա: Դա հոգուց ծնված երգ է, եւ այսօրվա քաղաքական պրոցեսների հետ չի կարելի այն կապել: Ինչ վերաբերում է Թաթայի հարկվելուն, ապա ասեմ, որ «Թաթա փրոդաքշըն»-ը հարկեր մուծելու առումով շատ հետեւողական է: Գիտե՞ք, այս պրոցեսում փիար էլեմենտ կա. եթե հայտնիները չխուսափեն հարկերից, մյուսները կարող են հետեւել նրանց օրինակին: Այս գործում ազնվություն է պետք, առանց դրա գործն առաջ չի գնա:

-Ըստ Ձեզ` ո՞րն է ՊԵԿ-ի այս նախագծի ամենախոցելի, ամենաանհասկանալի կետը:

-Խոցելին ծախսերի հաշվառումն է, որը հասկանալի չէ՝ ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի: Դա է, որ պետք է հստակ պարզաբանվի:

– Ի դեպ, ըստ նախագծի՝ կհարկվեն նաեւ երգիչ-երգչուհիների վարսավիրները, լուսանկարիչները, օպերատորները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

-Բոլորը պետք է հարկվեն: Երբ գնում ենք, օրինակ, Միացյալ Նահանգներ եւ պետք է հարկ վճարենք, տարակարծություններ մեզ մոտ, կարծես թե, չեն ծագում, խելոք վճարում ենք: Եվ հասկանալի չէ, թե ինչու Հայաստանում չենք ուզում նույն կերպ վարվել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս