Իրինա Ռոդնինան, որին Սերժ Սարգսյանը ժամանակին մեծարել էր, հայերին մեղադրում է Խոջալուի ցեղասպանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում փետրվարի 26-ին կայացել է երթ նվիրված, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հիշատակին:

Եւ այդ ակցիային մասնակցել են նաև ՌԴ պետական դումայի մի խումբ պատգամավորներ, մասնավորապես՝ Օկսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը և Իրինա Ռոդնինան: Այն, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով մոտիվացնում է օտարերկրյա քաղաքական գործիչներին, փորձագետներին և ապահովում է նրանց մասնակցությունն այս կամ այն միջոցառման, բնավ նորություն չէ: Սակայն, այս անգամ ադրբեջանական կողմին հաջողվել էր Բաքու տանել ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ հանդիսացող Իրինա Ռոդնինային: Խորհրդային գեղասահորդուհին, աշխահի տասնակի չեմպիոնը Բաքվում հանկարծ դարձել է «ցեղասպանագետ», խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալույի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին:

Սակայն նկատենք, որ նույն Իրինա Ռոդնինան ոչ վաղ անցյալում՝ ՀՀԿ իշխանության տարիներին մեծ պատիվների ու մեծարանքների է արժանացել այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
2014թ. Սեպտեմբերի 12-ին հատուկ շնորհավորական ուղերձ էր հղել Իրինա Ռոդնինային՝ ծննդյան օրվա կապակցությամբ: «Չսահմանափակվելով միայն սպորտային հաղթանակներով՝ Դուք նվիրեցիք Ձեզ նոր կոչմանը՝ սոցիալական և նորմատիվ աշխատանքին, որը մոտեցնում է սպորտը մարդկանց: Ես ուրախ եմ, որ Երևանում գեղասահքի նոր դպրոցի բացումը, որի հիմնարկեքի արարողությանը Դուք անձամբ ներկա էիք, նոր թափ կհաղորդի այդ սպորտաձևի զարգացմանը մեր երկրում: Հարգելի Իրինա Կոնստանտինի, մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ Ձեր բոլոր ձեռնարկումներում»:

Արդեն 2015թ. Իրինա Ռոդնինայի պատվին է անվանակոչվել և մինչ օրս էլ նրա անունն է կրում Երևանում կառուցված գեղասահքի դպրոցը: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Ռոդնինայի հետ մասնակցել էր ինչպես ավելի վաղ՝ 2014թ հունիսն մարզադպրոցի հիմնարկեքի, այնպես էլ 2015թ. Դեկտեմբերին դրա բացման արարողությանը:

Բարդ է ասել՝ Իրինա Ռոդնինա՞ն է ապերախտ, թե՞ Սերժ Սարգսյանն էր կարճատես և պատիվների էր արժանացնում մի անձի, ով հայերին համարում է ոճրագործ, թե՞ երկուսն էլ միասին: Ամեն դեպքում փաստ է, որ Սերժ Սարգսյանի կողմից մեծարանքների արժանացած մարդը Բաքվում մասնակցում է հակահայկական միջոցառումների, դեռ ավելին՝ քննադատում հայերին:

Պետք է նշել, որ ռուս պատգամավորների, հատկապես Ի. Ռոդնինայի ընդգծված հակահայկական քայլը արժանացել է հայկական կողմի բավական կոշտ գնահատականին: Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ քննադատել է ռուս պատգամավորների նման քայլը, նշելով՝ «արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»: Հայկական կողմի դժգոհությունն է արտահայտել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ հույս հայտնելով, որ ռուս գործընկերները համապատասխան կնահատական կտան հակահայկական ակցիային ՌԴ խորհրդարանականների մասնակցությանը:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ որքանով է արդարացի, որ Ի. Ռոդնինան հայերին ոճրագործ պիտակելուց հետո շարունակի հպարտանալ, որ Երևանում իր պատվին կոչված մարզադպրոց է գործում:

Արման Գալոյան




Լրահոս