Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:
Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ. Ա-ն՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր:
Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը, ինչի հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք և նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գնումների բնագավառում բոլոր կոռուպցիոն դրսևորումները և դրանց առնչվող անձանց բացահայտելու, պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: