Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց կենդանի այրել են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքը»:

Ադամ Շիֆը, խստորեն քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը, նշել է, որ ջարդերը անմիջական հետևանքն էին Ադրբեջանի իշխանությունների տարիներ շարունակ իրականացրած արատավոր, ռասիստակական հակահայկական քարոզչության, որը միտված էր նվաստացնել Ադրբեջանում բնակվող հայ քաղաքացիներին՝ այդպիսով հող նախապատրաստելով զանգվածային բռնությունների համար։ «Ադրբեջանի իշխանությունները չեն ջանացել պատժել պատասխանատու անձանց, ընդհակառակը՝ մինչ օրս փորձում են կոծկել Սումգայիթի վայրագությունները՝ ժխտելով կառավարության ներգրավվածությունը սպանությունները հրահրելու գործում։ Ակնհայտ է, որ նույնիսկ մեր օրերում, Ադրբեջանում գերիշխում է հայերի և Հայաստանի դեմ ռասիստական քարոզչությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Շիֆը իր հայտարարության մեջ հիշատակել է նաև 15 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ դա որակելով որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելությունն ու ագրեսիան ներկայացնող վայրագ հանցագործություն: «Չկա ավելի դրամատիկ ցուցադրություն այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է ատելություն և ագրեսիա դրսևորել հարևան Հայաստանի նկատմամբ, քան այն, որ Ադրբեջանում տոնում են այս սառնարյուն սպանությունը», – նշել է նա՝ դատապարտելով Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումը և այնտեղ վերջինիս հերոսացումը:

«Երկու ամսից Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցն է, որն ամեն կերպ հերքում է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան։ Մենք պետք է թույլ չտանք, որ մարդկության դեմ այս տեսակ հանցանքները մնան չճանաչված՝ անկախ նրանից, թե երբ են իրականացվել՝ 30 տարի առաջ, թե՝ 100։ Այսօր պետք է լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի վայրագություններին զոհ դարձած հայերի հիշատակը։ Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցանքները և հիշել զոհերին՝ հույսով, որ պատմությունը չի կրկնվի»,- շեշտել է Շիֆը։




Լրահոս