Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում փետրվարի 27-ին նախատեսված էր անցկացնել Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումներ: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ այդ հասարակական լսումները չեն կայացել: Նրա խոսքերով՝ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ ներկայացրած «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ղեկավարները, բնապահպան մասնագետները փետրվարի 27-ին Տավուշի մարզպետարանում այդ խնդիրը քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Եւ քննարկումների արդյունքում որոշվել է հիմնահարցը մանրամասն ուսումնասիրելու համար ստեղծել հանձնաժողով եւ առանց շտապելու քննարկել իրավիճակը:
Վազաշենից հայտնեցին, որ փետրվարի 26-ին սահմանամերձ այդ գյուղ են ժամանել բնապահպան ակտիվիստ երիտասարդներ, որոնք, ի նշան երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու դեմ բողոքի, մտել են խորհրդային ժամանակներից առկա հանքերի թունելները:
Տեղեկություններ կան այն մասին, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանքերեւակման տեղամասերում բացի ոսկուց, արծաթից, պղնձից, ցինկից ու կապարից նախատեսում էր Վազաշենում որոնել նաեւ ռադիակտիվ տարրեր: «Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, ուր նշված է՝ հաշվի առնելով Հայաստանում մետաղական հանքերի շահագործման եւ դրանց քայքայիչ ազդեցության դառը փորձը, հաշվի առնելով Տավուշի մարզի՝ որպես բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզի մասին պատկերացումները, անընդունելի է համարվում Տավուշի մարզի որեւէ համայնքում մետաղական հանքի շահագործումը: Նախաձեռնող խումբը Տավուշի զարգացումը տեսնում է միայն առողջ բնական միջավայրում մարզում առկա էկոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության ներուժի կիրառման ճանապարհով։
Նախաձեռնող խումբը կոչ է ուղղել նաեւ խնդրով մտահոգ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին՝ միավորելու ուժերը Վազաշեն համայնքում հանքարդյունաբերությանն այլընտրանքներ գտնելու եւ դրանց իրականացման հարցում բնակիչներին օժանդակելու, որպեսզի Տավուշի մարզում հանքարդյունաբերություն չգործի: Նշենք, որ այս հանքավայրի շարունակությունը Ադրբեջանի տարածքում է: Հավանական է, որ ադրբեջանցիները հանքավայրի մյուս ծայրից սկսեն դրա շահագործումը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ