«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով: Նա այդպես է վարվել, որպեսզի նախաքննական մարմինը չդիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետին ձերբակալել էին փետրվարի 26-ին: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների եւ վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել էր, նորից վերաբացվել:
Բայց, ի վերջո, արտաքին աուդիտի արդյունքներով վեր էին հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով: Բացի այդ, Դանիելյանը հեռանալուց առաջ 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։