ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ դիրքերը չեն կարող թուլացնել . Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության նիստից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորված Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը պետական վերահսկողական ծառայության օրինակելի եւ լավագույն աշխատակիցներից են.

«Անկախ նրանից` ով կլինի պետական ծառայողը` օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը, «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ: Այս երկու օրը որոշները հասցրին ինձ մահախոսական կարդալ, բայց ասեմ հետեւյալը. գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, որեւիցե մեկը թող անգամ երազում չպատկերացնի»:

Նրա խոսքով` ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան` «անկախ նրանից` ում շահն է այստեղ տրորվում. պետության շահը մենք պետք է պահենք: Մրցակցային շուկա չի եղել: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մի կազմակերպություն: Մեր առաջարկության արդյունքում առաջին անգամ 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին»:

Հարցին, թե հրահրված է այս գործը, ՊՎԾ պետը պատասխանեց. «Տարբեր շահեր են այստեղ սպասարկվում»: Սակայն Դավիթ Սանասարյանը չմանրամասնեց, թե ովքեր են այդ շահերը սպասարկողները:

Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձինք 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների` ՀՀ առողջապահության նախարարության եւ մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առեւտրային կազմակերպության հաղթանակը: Գործի շրջաակներում երեք անձ կալանավորվել է:

Գրել էինք, որ վերջին շրջանում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են արվում: ArmLur.am-ի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի աշխատանքից նոր կառավարությունն այնքան էլ գոհ չէ: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, պատճառն այն է, որ ինքը չի կարողանում դառնալ այն պաշտոնյան, որի համար կոչված է:

Ու չի բացառվում, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկը, թե մարդիկ կան, որ ակտիվիստից չեն դարձել պաշտոնյա, հենց նրան էր ուղղված: Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանական վերնախավում շատ մարդիկ ինտենսիվորեն զբաղված են Դավիթ Սանասարյանի դիրքերը թուլացնելով:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Դավիթ Սանասարյանի հետ:

-Այն իրավիճակը, որ ստեղծվել է Պետական վերահսկողական ծառայության եւ Ձեր անվան շուրջ, խորը արմատներ ունի: Նախ` պարո՛ն Սանասարյան, կասե՞ք` ՀՀ նոր կառավարությունը գո՞հ է Ձեր աշխատանքից:

-Մեր աշխատանքից, առհասարակ, վերահսկվող մարմինները պետք է դժգոհ լինեն:

-ՀՀ կառավարությունը` հատկապես ՀՀ վարչապետը, գո՞հ է Ձեր աշխատանքից:

-ՀՀ վարչապետին պետք է հարցնեք:

-Դուք իր գնահատականը այս ընթացքում չե՞ք զգացել:

-Ես կառավարության ենթակա մարմնի ղեկավար չեմ, վարչապետի ենթակա մարմնի ղեկավար եմ: Վարչապետին պետք է հարցնեք:

-Վերջին շրջանում Ձեր անվան շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են արվում: ArmLur.am-ի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի աշխատանքից նոր կառավարությունն այնքան էլ գոհ չէ:

-Չի կարող նման բան լինել, քանի որ իրենք իմ գործընկերներն են. եթե կան մարդիկ, որ այդպես են ցանկանում….

-Ձեր դիրքե՞րն են ցանկանում թուլացնել:

– Իմ դիրքերը չեն կարող թուլացնել, որովհետեւ ես գիշերուցերեկ լծված եմ իմ պարտականությունները իրականացնելուն:

-Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն ակնարկը, թե մարդիկ կան, որ ակտիվիստից չեն դարձել պաշտոնյա, հնարավո՞ր է` Ձեզ էր ուղղված:

-Դա ինձ չի վերաբերում, ինձ չի ուղղված: Ում ուղղված է եղել, այդ պաշտոնյային տեղեկացրել են:

-Ո՞ւմ:

-Չեմ կարող ասել:

Քնար Մանուկյան




Լրահոս