2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Այրումի համայնքապետարանը տեղակայված է շենքի երկրորդ հարկում, նույն հարկում է գործում նաեւ Այրումի երաժշտական դպրոցը, իսկ առաջին հարկում մանկապարտեզն է:
Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նման սուղ պայմաններում համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը շատ դժվար է: Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը բարձրացրեց այդ հարցը: Իր ելույթում Պարանյանն ասաց, որ համայնքի բյուջեի ֆոնդային մասում կա շուրջ 100 միլիոն դրամ:
Մարզպետն ասաց, որ այդ գումարով կարելի է լուծել համայնքապետարանի աշխատավայրի հարցը: Ա. Պարանյանն ասաց, որ համայնքում աշխատավայրի խնդրից զատ կան հրատապ այլ հարցեր, օրինակ` համայնքի գերեզմանատան խնդիրը, նաեւ այլ հիմնահարցեր, որոնց լուծումը ֆինանսական միջոցներ է պահանջում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ