Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի երեկվա նիստը, որի օրակարգում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցն էր, կարելի է ասել, տապալվեց. Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել:
Երեկ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը արտահերթ նիստ էր գումարել` ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահանջով: Սակայն նիստի օրակարգը դրվեց քննարկման եւ չընդունվեց խորհրդի անդամներից մի քանիսի կողմից. օրակարգի հաստատմանը կողմ քվեարկեց հոգաբարձուների խորհրդի 14 անդամ: Այնուհետեւ քվեարկության դրվեց օրակարգում փոփոխություններ անելու հարցը: Նշենք, որ քննարկվելու էր երկու հարց` ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը: Բայց այս օրակարգը եւս չընդունվեց: Արդյունքում, օրակարգի բացակայության պատճառով հոգաբարձուների խորհրդի նիստը չեղարկվեց:
Ի դեպ, նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը. «Ես ուզում եմ անհամաձայնությունը հայտնել Ձեզ, հոգաբարձուների խորհրդի պարո՛ն նախագահ. չէի ուզենա, որ նիստը չեղյալ հայտարարվեր, որովհետեւ մենք առկախում ենք համալասրանի հարցը: Եթե մենք այսօր թողնենք հեռանանք, այս հարցը նորից երկարաձգվելու է, անառողջ զարգացումներ են լինելու: Քանի սկսել ենք շիտակ խոսել, խոսենք, եւ շատ բան կբացվի»: Ապա բարձրաձայն ճիշտ չհամարեց նիստն ընդհատել ու տուն գնալ:
Չկայացած նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր վաղաժամկետ հեռանալու ցանկությունը առաջացել է առաջին հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եւ իր խորհրդական Սամվել Կարաբեկյանի մոտ: «Նրանց ժամանակին դուր չի եկել մեր աշխատաոճը, աշխատելը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, երեւի:
Թեեւ որեւէ քաղաքավարության սահամներից դուրս խոսակցություն մենք չենք ունեցել: Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, եւ իմ ժամկետին դեռ մեկ տարի կա: Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող: Չի կարելի բռնությամբ հանգուցալուծել նման հարց»,- նկատեց Սիմոնյանը:
Մայր բուհի ռեկտորը շարունակեց պնդել, որ այս ամենը իր նկատմամբ քաղաքական հետապնդում է: «Նախարարի հետ իմ խոսակցության հաջորդ օրը վեցերորդ գլխավոր վարչությունը մուտք գործեց համալսարան, այստեղ աշխատեցին չորս օր ու գիշեր եւ ներկայացրեցին այն երեք հիմնավորումները, որոնց հիման վրա հայտարարություն տարածվեց, եւ քննչական մարմինները գործ հարուցեցին:
Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու: Կարող է հոգաբարձուների խորհուրդը որոշի ինձ ազատել, այն ժամանակ կմտածեմ` գնում եմ, թե ոչ: Բայց բռնի կերպով գնալ համալսարանից միայն այն բանի համար, որ ինչ-որ մարդիկ դա ցանկանում են, սա անթույլատրելի եմ համարում: Սատկած շանը փայտով չեն խփում: Հիմա իմ նկատմամբ այս հալածանքներն անում են. եթե ես լինեի խեղճ ու կրակ, ոչ պրոֆեսիոնալ, համալսարանից ինձ հանելը կլիներ մեկ րոպեի գործ»,- հպարտորեն նշեց Արամ Սիմոնյանը:
Զրույցի ընթացքում ռեկտորը հիշեց նաեւ վարչապետի` օրեր առաջ Ազգային Ժողովում արած հայտարարությունը: «Երկրի վարչապետը ազգային ժողովում հայտարարեց, որ հարգում է, եւ կոչ արեց մյուսներին հարգելու բուհերի ինքնավարությունը: Դա ինձ համար աքսիոմա էր: Նա ասել է դրա մասին: Բայց նախարարությունը` հանձինս նախարարի եւ իր խորհրդականի, որոնք նախկին համալսարանականներ են, երեւի ինչ-որ խնդիրներ են ունեցել ինձ հետ: Ռեկտորը չի կարող որեւէ մեկի ոտքը չտրորել»,- հայտարարեց նա: Ապա հիշեց, որ Արայիկ Հարությունյանի հետ համալսարանում աշխատելու տարիներին չի շփվել:
Ավելին` անգամ ստորագրել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի պայմանագիրը: «Մենք ուրիշ կապով իրար հետ կապված չենք»,- ասաց նա:
Զրույցի ավարտին լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որքան արժե այն բազկաթոռը, որի վրա ինքը 13 տարի նստել է: Հարցին ի պատասխան` Սիմոնյանն արձագանքեց` վեր կենալով. «Ժամանակին 180 թե 200 հազար դրամ էր: Սա գնվել է երեւի 12 տարի առաջ: Այ, տեսե՛ք մաշվածության աստիճանը, եւ բազմաթիվ անգամ այն վերանորոգվել է»:
Ի դեպ, նկատենք, որ Սիմոնյանի աշխատասենյակի պատից հանվել էր նաեւ Սերժ Սարգսյանի նկարը. «Այո, ժամանակին եղել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ երկրի նախագահի նկարը: Եղել է ե՛ւ առաջին նախագահի, ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ: Հիմա փոխարինող չկա: Կարծում եմ, որ սրանից հետո լավ կլինի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենց նկարները պետական հիմնարկներում չտան այնպիսի ցուցում, որ չկախվի»: Այլ կերպ ասած` Արամ Սիմոնյանը երեկ ընդունեց, որ ինքը նախկին նախագահների նկարները փակցրել է բարձրագույն իշխանության ցուցումով:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին, ում անունը հնչեցրել էր ռեկտոր Սիմոնյանը: «Ամենածիծաղելին այն է, որ ես բացարձակապես որեւէ առնչություն չեմ ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման հետ, ինչպես մի երկու օր առաջ գրել էի` նաեւ այն նկատառումից ելնելով, որ դա սուբյեկտիվ գնահատականների եւ շահարկումների առիթ չդառնա։ Այն, որ այս ամբողջ համատեքստում նա հնչեցրեց իմ անունը, հավանաբար պետք է վերագրել կա՛մ իր ունեցած յուրովի «մեղավորության բարդույթին», կա՛մ պարզապես քինախնդիր լինելով` չի էլ պատկերացնում, որ դիմացինը կարող է առաջնորդվել բոլորովին այլ չափանիշներով։ Առհասարակ, կան մարդիկ, որոնք, ստեղծելով իրենց պարսավելի գործելակերպը քողարկող ինչ-որ վարկած, հետո սկսում են անկեղծորեն հավատալ դրան»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի որոշումը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի երեկվա նիստի վերաբերյալ: Մենք կապ հաստատեցինք Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի հետ եւ հարցրինք նախարարի դիրքորոշման մասին` կապված հոգաբարձուների նիստի հետ: Սակայն Լուսինե Մարգարյանը, սովորության համաձայն, բարդացրեց հարցման գործընթացը եւ չպատասխանեց հարցին: Ընդ որում, խոսնակը նման կեցվածք է ընդունել այն դեպքում, երբ իր ղեկավարը՝ նախարար Հարությունյանը, ամենաբաց ու ամենաշփվող պաշտոնյաներից մեկն է:
Սյունէ Համբարձումյան