Տավուշի մարզի Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում:
2017թ. Տավուշի այն ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել էր, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կտային մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնար 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում էր 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Նախկին մարզպետը հայտարարել էր, որ սահմանագոտում կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ:
Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ նշվեց, որ սահմանամերձ Բերդավան գյուղում ոռոգելի տարածքները կարելի է մեծացնել Կողբում կամ Բերդավանում ոռոգման ջրամբար կառուցելու դեպքում: Խորհրդակցության ժամանակ նշեց, որ ծրագիր է եղել Հայաստանում ոռոգման 10 ջրամբարներ կառուցելու, սակայն դրանց շինարարությունն այդպես էլ չի սկսվել:
Ոսկան Սարգսյան