Հայաստանի եւ Իրանի ղեկավարները հանձնաժողով են ցանկանում ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Iran» օրաթերթը` Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ հոդված է հրապարակել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի առնչությամբ իրանական «Iran» օրաթերթում հրապարակվել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հոդվածը՝ նվիրված հայ-իրանական հարաբերություններին:

Հոդվածում անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին և այդ համատեքստում Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ իրանագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա արտաքին գործոնը որևէ ազդեցություն չի ունեցել, դրանք զուտ ներհայաստանյան գործընթացներ էին:

Ըստ փորձագետի՝ ՀՀ կառավարության ձևավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ նշելով. «Հայաստանը վարելու է ո՛չ արևմտամետ և ո՛չ էլ ռուսամետ քաղաքականություն, այլ վարելու է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված կլինի Հայաստանի ինքնիշխանության և անկախության ամրապնդմանը: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշականություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին և պատրաստ է Թեհրանի հետ խորացնել հարաբերությունները՝ բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով Նյու-Յորքում կայացած Փաշինյան-Ռուհանի առաջին հանդիպմանը՝ իրանագետը նշել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ ունեն քաղաքական կամք՝ զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Իրանագետը, անդրադառնալով Հարավային Կովկասում Հայաստանի դերակատարությանը, իրանցի ընթերցողի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացների վրա և այդ համատեքստում հավելել. «Հաճախ թյուր կարծիք է ձևավորում, որ Հայաստանը, չունենալով նավթ և գազ, տարածաշրջանում հայտնվում է ոչ շահեկան դիրքում, սակայն իրականում ժողովրդավար Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն է վարում՝ երկիրը հնարավորինս զերծ պահելով արտաքին ազդեցությունից, ինչը Հայաստանի կանխատեսելիության մակարդակն ավելի է բարձրացնում»:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման առանձնահատկությանը՝ փորձագետը նշել է. «Հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ձևավորվել են Իրանում և Հայաստանում, երկու երկրների հարաբերություններն անհրաժեշտ է «ռիստարտ» անել և փորձել հայ-իրանական օրակարգը ձևավորել՝ համահունչ նոր իրողություններին: ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի վերահսկողության ներքո անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որը հետամուտ կլինի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների լիարժեք կատարմանը»:

«Հայերն ու իրանցիներն ունեն բազմադարյա մշակութային պատմական ամուր կապեր, սակայն ցավոք սրտի Իրանին ու Հայաստանին 30 տարվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել լիարժեք ծանոթանալ միմյանց հնարավորություններին և ճիշտ ներկայացնել փոխադարձ շահերը, հետևաբար երկու երկրների ղեկավարների հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու ձևավորել երկկողմանի շահավետ համագործակցություն»,- հավելել է իրանագետը:




Լրահոս