Թեժ հանդիպում էր. պատգամավորը` Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ:

-Պարո՛ն Խանդանյան, երեկ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Սուրեն Պապիկյանի հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

-Քննարկվեցին տարածքային կառավարման խնդիրներ` համայնքների հետ կապված եւ այլն։ Բավականին արդյունավետ հանդիպում էր։ Բավականին կառուցողական պատասխաններ ստացանք, ինչպես նաեւ հասկացանք նախարարության առաջիկա տարիների տեսլականը։

-Նոր օրենսդրական նախաձեռնություններ կլինե՞ն։

-Այո՛։ Լինելու են։ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի հետ հանդիպումներ կլինեն, քննարկումներ։ Արդեն սկսվել են աշխատանքները։ Օրենքների փոփոխություններ կլինեն, նոր օրենքներ։ Օրենսդիրի գործառույթների մեջ մտնում է նաեւ վերհասկողություն գործադիր մարմնի վրա, եւ այդ հանդիպումների շարքն էլ, բնականաբար, դա է ենթադրում իրենից։

-Նախարարի պատասխանները բավարարեցի՞ն պատգամավորներին։

-Շատ ակտիվ, թեժ հանդիպում էր։ Եղան 2 տասնյակից ավել հարցեր։ Կոնկրետ ինձ բավարարեցին նախարարի պատասխանները։

-Շա՞տ խնդիրներ կան պարոն Պապիկյանի ղեկավարած նախարարության մասով։

-Հիմնականում այն խնդիրներն են, որոնք արդեն իսկ ամրագրված են կառավարության ծրագրում` համայնքների համաչափ զարգացում, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացում եւ այլն։

-Օպտիմալացման մասով խոսվե՞լ է։ Խոսքը ե՛ւ մարզպետարանների մասին է, ե՛ւ նաեւ կառավարության կազմի օպտիմալացման մասով։

-Մարզպետարանների մասով շատ է խոսվել։ Օպտիմալացումը պիտի միտված լինի գործառույթները ավելի արդյունավետ դարձնելուն։ Տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարությունը բավականին ծանրաբեռնված է դառնալու` հաշվի առնելով, օրինակ, էներգետիկայի ոլորտում մի շարք խնդիրների առկայությունը, տրանսպորտի եւ կապի ոլորտում խնդիրները։

-Պարոն Պապիկյանը կկարողանա՞ այդքան ծանրաբեռնված նախարարության գործերից գլուխ հանել։

-Ես կարծում եմ` պարոն Պապիկյանը մի քանի ամիսների ընթացքում ապացուցել է, որ լավ կառավարիչ է, եւ իմ անձնական կարծիքով` կկարողանա ղեկավարել նաեւ այդ ծանրաբեռնված նախարարությունը։

-Կոտայքի մարզում մի քանի օր առաջ տեղի ունեցած եւ մեծ աղմուկ հանած ձերբակալությունից խոսե՞լ եք։ Առհասարակ համայքներում նման քրեական գործերի մասով խոսակցություն եղա՞վ նիստի ժամանակ։

-Այդ մասին չենք խոսել։ Այդ մասնավոր թեմաներին չենք անդրադարձել։ Ավելի ոլորտային հարցեր ենք քննարկել։

Լուսինե Մինասյան




Լրահոս