Ե՞րբ եմ վախեցել, որ հիմա էլ վախենամ. դատավոր Արտուշ Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում կարգապահական պատասխանատվության կենթարկվի հերթական դատավորը: Մասնավորապես ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության կենթարկի Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Ինչպես հայտնի է` 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը` առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին:

Փաստաբանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով: «Ավելին` այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեզ հատուկ քննչական ծառայություն հրավիրե՞լ են հարցաքննության:

– Ո՛չ:

-Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Ձեր դեմ ՀՔԾ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

-Առայժմ չէ, չեն կանչել:

-Տեղեկություններ կան, որ Դուք ամեն ինչ արել եք մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանին դատարան կանչելու եւ իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը քննելու, բայց նա այդպես էլ կապի դուրս չի եկել: Չնայած այս իրավիճակին դատական համակարգում այն կարծիքին են, որ Դուք խախտում եք թույլ տվել: Դուք Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք կատարվածում:

-Ամեն ինչը, ոնց որ կարգն է, ես այդպես էլ արել եմ: Ձեզ ասեմ մեկ բան` իմ կայացրած որոշումը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել եւ Վճռաբեկ դատարանում է, եթե Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի, նոր պարզ կլինի` ես խախտում կատարել եմ, թե չեմ կատարել:

-Պաշտպանական կողմը հայտնել է, որ Արտուշ Գաբրիելյանի դատարանի կազմի կողմից կազմվել է կեղծ փաստաթուղթ, թե իբր ինչ-որ հեռախոսահամարից ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել տվյալ հեռախոսազանգին: Այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ի՞նչ կասեք:

-Եթե հաղորդում է ներկայացրել, թող քննություն կատարեն եւ այդ հարցերի պատասխանը ստանան:

-Այսինքն` Դուք վախենալու բան չունե՞ք:

-Ես երբ եմ վախեցել, որ հիմա էլ վախենամ:

-Իսկ որ Դուք առանց պաշտպանի Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարց եք քննել, կարո՞ղ է` Ձեզ հրահանգել էին կամ զանգել, ասել էին, որ առանց պաշտպանի քննեք ու կալանքի որոշում կայացնեք:

-Ինձ որեւէ մեկը, ներքին կլինի, թե արտաքին կլինի, ինձ որեւէ մեկը իմ գործերով որեւէ բան չի կարող ասել, եւ ես թույլ էլ չեմ տա, որ որեւէ մեկը ասի որեւէ բան, ես ինչ անում եմ, անում եմ օրենքի սահմաններում:

-Փաստաբանը դիմել է նաեւ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով, որ Ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկեն, ենթարկե՞լ են արդեն, թե՞ ոչ:

-Տեղեկություն չունեմ, ամբողջ օրը նիստերի մեջ եմ, որոշում կստանամ, բայց դեռ չեմ ստացել, դատական օրենսգրքի մեջ փոփոխություն է եղել եւ պարտադիր չի կանչել դատավորին, եթե մենք մեր բացատրությունը ուղարկում ենք, իրենք կարող են մեզ էլ չկանչել եւ որոշում կայացնել:

-Այսինքն` Դուք Ձեր քայլի բացատրությունը հանձնաժողովին տվե՞լ եք:

-Այո՛, ուղարկել եմ:

Քնար Մանուկյան




Լրահոս