ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պատմության մեջ կմնա որպես մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «կալանավորած» պաշտոնյա: Գիտեք՝ Քոչարյանին ու մի շարք այլ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել` 2008թ. մարտիմեկյան օրերին սահմանադրական կարգը տապալելու համար: Խաչատրյանը նաեւ հնչեղ գործերով, մասնավորապես մի շարք պաշտոնյաների եւ մեծահարուստների տներ թալանած «բանդայի գործով» դատախազ էր:
Հիշենք մեկ այլ աղմկահարույց գործի մասին. դեռեւս 2012-ին վաշխառության մեջ մեղադրվող Ցոլակ Թանգամյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրը, բաց նամակով քանից դիմել էր երկրի բարձրաստիճան այրերին եւ նշել իր դեմ իրականացվող հետապնդումների եւ անարդարության՝ իրեն պատկանող տարածքներն ու բնակարանը խլելու մասին: Նամակում, ի թիվս մի շարք այլ՝ հետապնդում իրականացնող պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաների, հիշատակված էր նաեւ այն ժամանակ Երեւանի դատախազի տեղակալ Ս. Խաչատրյանի անունը, որը, իբր, իր առանձնասենյակում գողական աշխարհի ներկայացուցիչ ոմն Ռոբերտի ներկայությամբ ու աջակցությամբ Թանգամյանից 35 հազար դոլարի կաշառք է պահանջել, որպեսզի նրան «գողական լծի տակ չկոխեն»:
Ցոլակ Թանգամյանը որոշ ժամանակ անց ինքնասպան եղավ, իսկ ինքնասպանության փաստով հարուցված գործը «ջրվեց», քանի որ հիշյալ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական որեւէ այլ հանցագործություն կատարելու հանգամանք նախաքննությամբ ձեռք չէր բերվել:
ՀՔԾ պետի ավագ եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, նույնպես իրավաբան է, փաստաբան, իրավական հարցերով պատասխանատու է աշխատել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Նա նաեւ «Սորոսի հիմնադրամի», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահն է: Այս հանգամանքից ոմանք հեռուն գնացող ենթադրություններ էին արել, թե «Սորոսը» միջնորդավորված ազդեցություն ունի ՀՀ-ում կատարվող գործընթացների վրա եւ «հովանավորում է» նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետապնդումը: ՀՔԾ պետը «հիմարություն» էր որակել նման զրույցները:
Հա, ախպեր ջան, հա ընգեր ջան.
Համացանցն ամիսներ առաջ պայթեցրեց ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի՝ «երկու սերիայանոց» գաղտնալսումը, որում երկու պաշտոնյաները միմյանց դիմում են «հա, ընգեր ջան, հա ախպեր» ջան մտերմիկ տոնով ու քննարկում մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց՝ կալանքի հետ կապված նուրբ հարցերը: Այս սկանդալը, ըստ քաջատեղյակների, շոկային է եղել ինքնատիրապետումը երբեք չկորցնող Խաչատրյանի, նաեւ Փաշինյանի համար: Գաղտնալսումներից պարզ է դառնում, որ դատավորներին «ասելու» հին պրակտիկան դեռեւս կենսունակ է, եւ «ասողներից» մեկն էլ հենց ՀՔԾ պետ է:
Այստեղ տեղին է հիշելը վերջինիս մտքերից մեկը, որը նա հայտնել էր իր հարցազրույցներից մեկում, երբ փաստաբանական գրասենյակի տնօրենն էր: Դիտարկմանը, թե դատախազներն ու փաստաբաններն անհավասար դիրքերում են, ժամանակին դատախազները կարող էին մտնել դատավորի աշխատասենյակ, գործի մանրամասներ քննարկել, Խաչատրյանն այսպես էր արձագանքել. «Չեմ կարծում` որեւէ դատախազ ի պաշտոնե կարող է մտնել դատավորի մոտ: Եթե նա մտնում է դատավորի մոտ, ապա կարող է խոսքն անձնական մտերմության մասին լինել:
Ես ինքս էլ ունեմ ընկերներ, որոնք դատավոր, դատախազներ են աշխատում, սակայն մտնել դատավորի սենյակ նրա աշխատանքային ժամին, այդպես չի կարող լինել»: ՀՔԾ պետն ասել էր նաեւ, թե թյուր պատկերացումներ կան, որ դատախազությունում բոլորը զբաղված են մեղադրանք սարքելով կամ այդ մեղադրանքն ամեն կերպ պաշտպանելով: «Օրինակ` ես իմ գործունեության ընթացքում այլ սկզբունքներով եմ առաջնորդվել. թեեւ դու գտնվում ես մեղադրանքի կողմում, սակայն պարտավոր ես վերհանել ինչպես մեղադրող ապացույցները, այնպես էլ արդարացնող ապացույցները, եւ, ի վերջո, վերհանել օբյեկտիվ իրականությունը»: Երբ Խաչատրյանը նոր էր նշանակվել ՀՔԾ պետ, մենք կապվել էինք նրա հոր հետ եւ հարցրել՝ ինչ է մաղթելու որդուն: «Կասեմ` կյանքում, տղա ջա՛ն, անմեղ մարդու դատի չտա՛ս»,-ասել էր ավագ Խաչատրյանը:
Սկիզբը` այստեղ:
Հեղինե Մանուկյան