Հայաստանում ցանքատարածությունները բավական նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա:
Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը`11 հազար 100 տոննայով: Այսինքն` 2017 թվականին հավաքվել է 176 հազար 400 տոննա ցորեն, իսկ 2018 թվականին` 187 հազար 500 տոննա: Եւ սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 15 հազար 700 հա-ով:
Բայց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ցորենի բերքատվության ավելացումը պայմանավորեց բնակլիմայական պայամանների հետ: Նրա խոսքերով` անցած տարի ձմռան բարենպաստ ջեմաստիճանային պայմանների հետեւանքով ձմեռացումը շատ լավ է անցել: «Բացի այդ` ամբողջ գարնանային ժամանակահատվածում մինչեւ մայիս ամսվա վերջերը հանրապետության մարզերում պարբերաբար եղել են տեղումներ, որը բարենպաստ պայմաններ է ստեղծել հացահատիկային մշակաբույսերի ցանքերի վրա, եւ բերքատվությունը բարձր է եղել: Իսկ դրանից հետո սկսված ժամանակահատվածում, երբ ջերմաստիճանի շատ կտրուկ բարձրացում տեղի ունեցավ, բանջարանոցային մշակաբույսերի վրա արդեն շատ լուրջ ազդեցություն ունեցավ. անցած տարի բավականաչափ մեծ ճեղքվածք ունեցանք լոլիկի, ձմերուկի մասով»,- բացատրեց փոխնախարարը:
Պետրոսյանն ընդգծեց, որ ցորենի բերքատվությունը անցած տարի վատ չի եղել: Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերով` մարդկանց մի մասի մոտ հետաքրքրությունը փոքրացել է ցորենի մշակության նկատմամբ: «Հիմնականում ցածր գինն է եղել պատճառը, քանի որ դրսից մարդիկ կան, ավելի էժան գնով են ձեռք բերում, քան մեր գյուղացիներն են առաջարկում: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ ցանքային տարածությունների պակաս կա: Իրականում տարբերությունն ակնհայտ երեւում է: Դրսից բերվել է շատ մատչելի գներով, ինչի արդյունքում գյուղացին աշնանացան եւ գարնանացան ցորենի ցանքերից չնչին եկամուտ է ստացել, դրա համար էլ հետաքրքրություն չկա»,- իրավիճակը նկարագրեց Պետրոսյանը:
Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ այժմ ընդհանուր առմամբ հացահատիկի շուկայում բավականաչափ լուրջ գնաճ կա: Այն ընդգծված նկատվում է ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունում, ե՛ւ հացահատիկի միջազգային շուկայում: «Ես համոզված եմ, որ աշնանացանի տարածքներն անկասկած կավելանան, որովհետեւ այսօր բավականաչափ գների բարձրացում կա: Նույնիսկ անասնակեր գարու մեկ կիլոգրամն այսօր վաճառվում է շուրջ 140 դրամով: Նման բան չի եղել: Նաեւ ցորենի գինն է բարձրացել, իսկ նախորդ տարիներին 90-110 դրամի միջակայքում էր տատանվում: Հիմա ցորենի մեկ կիլոգրամը 140 դրամ է»,- ներկայացրեց նա:
Նշենք, որ անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել ու հավաքել: Անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա. անցած տարի գյուղացին 3200 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2014 թվականից: Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 415 հազար 100 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, իսկ 2014թ-ին` 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Սա թերեւս մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել:
Ըստ Գառնիկ Պետրոսյանի` հիմնական խնդիրը դարձյալ եղել է երաշտը հանրապետության բարձրադիր գոտիներում, հատկապես Վարդենիսի, Մարտունու տարածաշրջանում, որտեղ իրականում բերքատվության լուրջ անկում է գրանցվել: «Բնակլիմայական պայմաններով պայմանավորված` կարտոֆիլի, բանջարեղենի բերքատվությունը եղել է ցածր, բայց ձմռան ընթացքում բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմի եւ գարնանային ամբողջ ժամանակահատվածում, նույնիսկ մայիսի վերջ, տեղումների առկայությամբ հացահատիկի բերքատվությունը բավականին բարձր է ստացվել: Անժխտելի է, դա ցանկացած մեկը կնշին, որ նա անցած տարի հանրապետության բարձրադիր գոտում ստացել է բարձր բերք ե՛ւ գարու, ե՛ւ ցորենի ցանքատարածություններից»,- ավելացրեց նա:
Փոխնախարարը մեզ հետ զրույցի ընթացքում ընդգծեց, որ այժմ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է շատ ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել, եւ շատ խիստ հսկողության տակ է դրված այդ գործընթացը: «Ամենայն բծախնդրությամբ մենք փորձում ենք դա ներկայացնել: Անցյալում համայնքների, մարզպետարանների կողմից չհիմնավորված տվյալներ են ներկայացվել: 2018 թվականի գարնանից արդեն թվերի վրա շատ խիստ ուշադրություն է դարձվել»,- պարզաբանեց Գառնիկ Պետրոսյանը:
Սյունէ Համբարձումյան