Սպասում են հիմնավորումներին. Գեւորգյանը չի հանձնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ կայանալու են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ: Վերջինս AIBA-ին (Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) դիմած նամակով խնդրել էր հստակեցնել` արդյո՞ք կկայանան ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ եւ ե՞րբ: Պատասխան նամակում նշվում է, որ ընտրությունները պետք է կայանան երեքամսյա ժամկետում, եւ ընտրության օրվա մասին ՀԲՖ-ի անդամները պետք է տեղեկանան այն կայանալուց 30 օր շուտ:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ:
Փոխնախարարը մեզ հետ զրույցում նշեց, որ նամակով ԱԻԲԱ-ին դիմել է` ելնելով Հայաստանի բռնցքամարտում տիրող թեժ իրավիճակից, եւ դա միակ տարբերակն էր դրությունը մեղմացնելու համար: Ըստ Գեւորգ Լոռեցյանի` այս իրադարձությունները չեն կարող ինչ-որ ձեւ անդրադառնալ բռնցքամարտի հետընթացի վրա, այն միայն կօգնի իրավիճակից օրենքով սահմանված կարգով դուրս գալու հարցում: Նա նաեւ ասաց, որ նոր նախագահի թեկնածուներ դեռեւս չկան, յուրաքանչյուրն այդ պաշտոնի համար կարող է հայտ ներկայացնել այն ժամանակ, երբ պաշտոնապես հստակեցվի ընտրության օրը:

«Ժողովուրդ» օրաթերթը ցանկանում էր կապ հաստատել նաեւ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւվորգյանի (այս պահին գտնվում է ԱՄՆ-ում) հետ, բայց մեզ նրա հետ զրուցել չստացվեց եւ այդ պատճառով խոսեցինք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո խոսնակ Երվանդ Հակոբյանի հետ: Վերջինիս խոսքերով` Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հիմնավորումներ է պահանջել ԱԻԲԱ-ից եւ եթե, այնուամենայնիվ, հիմնավորումներ չստանամ եւ հաստատվի նոր ընտրությունների օրը, ապա Արթուր Գեւորգյանը կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, քանի որ իրականում ոչ մի իրավախախտումներ տեղի չեն ունեցել, եւ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արգելել էր Վլադիմիր Ենգիբարյանի անունը կրող բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի սաներին մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Այս տեղեկատվությունը եւս բացարձակապես հերքեց Երվանդ Հակոբյանը եւ նշեց, որ ոչ մի արգելք չի եղել, ամեն ինչ կատարվել է օրենքի տառին համապատասխան:

Երվանդ Հակոբյանը մեզ հայտնեց նաեւ ֆեդերացիայի ներկայիս նախագահի կարծիքը, թե ինչու են ցանկանում պաշտոնանկ անել Արթուր Գեւորգյանին: Ըստ Գեւորգյանի` կատարվելիք իրադարձությունները պայմանավորված են այն փաստի հետ, որ ինքը ցանկանում է առաջադրվել 2020 թվականին կայանալիք ՀԱՕԿ նախագահի պաշտոնում:

Նոր մանրամասնություններ դեռեւս չկան. ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի հիմնավորումներին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս