Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին, կեսգիշերն անց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը հայտնել է, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանը դեպքի առնչությամբ գրել է, որ մանրամասները կհրապարակվեն տեսահոլովակով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում կատարած գրառմամբ դատապարտել է Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ:
«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է Փաշինյանը: