Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապվեց Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարեւոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետեւանք են: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ռուս մեկ այլ քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ պարզելու, թե Ռուսաստանում ինչ է հայտնի Արցախյան թեմայով: Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այլ ժամկետ մատնանշեց՝ հայտարարելով, թե կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն էլ ասել է, թե այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին:
Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, որը պետք է վերջնաստորագրվի: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծեց, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ֆորմատը։ «Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,- – հայտարարեց Բաբայանը։ Նա նաեւ հավելեց, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները վերջերս բավական սառն են: Սա, պարզվում է, ունի իր նախապատմությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, երբ կառավարությունն ԸՕ փոփոխությունների նախագիծ էր պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերելու համար Վենետիկ էր մեկնել հայկական պատվիրակությունը: Իսկ դրա կազմում եղել էին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ, այժմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲԴԽ նախագահ, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանն իշխանություններին խոստացել էր Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերել, սակայն չէր հաջողվել. Վենետիկի հանձնաժողովի գնահատականն առավել քան չեզոք էր ստացվել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հենց այդ հանգամանքն էլ պատճառ էր դարձել, որ կտրուկ սառեն Փաշինյանի ու Հարությունյանի հարաբերությունները:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, եւ ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել խորհրդարանից դուրս: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը, ըստ էության, ակնարկել է, որ նոր ուժեր են ստեղծվում: «ՀՀԿ-ն այդ ընդդիմությունն է, որը այս պահի դրությամբ հակազդում է: Կան այլ ուժեր, օրինակ, ՀՅԴ-ն, որ այդքան մեծ պատմություն ունի: Կան նոր ուժեր, որոնք ստեղծվում են: Այսինքն` քաղաքական դաշտը այսօր խառնվել է, բայց չի բյուրեղացել իր կառուցվածքի մեջ,- ասել է նա ու հավելել,- Միքայել Մինասյանը ինձ ընկեր է, բայց ես իր փոխարեն իր քաղաքական ծրագրերի մասին խոսելու իրավասություն չունեմ»: Արդյոք ՀՀԿ-ին պատկերացնո՞ւմ է փողոցային պայքարում հարցին էլ նա պատասխանել է. «Եթե դուք Նիկոլ Փաշինյանին փողոցային քաղաքական գործչի կերպարից վարչապետ պատկերացնում եք, ուրեմն ՀՀԿ-ին էլ պատկերացրեք փողոցային քաղաքական գործունեության մեջ»:
Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու եւ խոչընդոտելու իր արտահանձնումը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում: Ասում են՝ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, եւ նրա հետ այլ անձ է եղել: ՈՒ երբ նրա հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երեւան, հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի ոստիկաններին:
ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ
ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ երեկ ավարտել է իր աշխատանքները, դեռ չի շտապում խոսել արդյունքների մասին: Փոխարենը նրանք առանձին հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է»,- նշված է այնտեղ: Միաժամանակ նրանք մտահոգություն են հայտնել հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման շուրջ՝ նշելով. «Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի եւ միջնորդների արված հայտարարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»:
Փաստորեն, կարելի է ենթադրել, որ այս հայտարարությամբ ՀՅԴ-ն ըստ էության դեմ է Արցախյան խնդրում ցանկացած փոխզիջման, ասել է թե՝ դեմ է ԼՂ խնդրի երբեւէ կարգավորմանը: Նրանք սահմանել են իրենց նշաձողը, որից այն կողմ չեն ուզում անցնել: Բայց ՀՅԴ այս կեցվածքն ընդունելի կլիներ, եթե իրենք նույն սկզբունքայնությամբ փոխզիջումների ու, ընդհանրապես, Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեմ արտահայտվեին ավելի վաղ, երբ իրենք ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմում էին, եւ երբ նախկինում Ռոբերտ Քոչարյանը, հետո նաեւ Սերժ Սարգսյանը բանակցային սեղանի շուրջ քննարկում էին տարածքների վերադարձի հարցերը: Բայց այն ժամանակ ՀՅԴ-ն, լինելով իշխանության մեջ, չէր ընդվզում, լավագույն դեպքում ազգայնական շղարշով պատված՝ ընդհանուր լղոզված արտահայտություններ էին հնչեցնում: Էլ չենք ասում այն մասին, որ ՀՅԴ-ական գործիչներից մեկը համոզում էր՝ «մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»: Բայց հիմա ՀՅԴ-ն Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ-որ միֆեր է ստեղծում, փորձում դրանք ներկայացնել իրականության տեղ ու պայքարում իր իսկ ստեղծած միֆերի դեմ: Դաշնակների դեպքում, սակայն, այս ամենը միանգամայն նորմալ է: