Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տարբեր մեկնաբանությունների, ավելի ճիշտ՝ շահարկումների տեղիք տվեց:
ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Ալիեւի հետ հանդիպման ընթացքում չի քննարկվել որեւէ դետալ, այլ եղել է պարզապես զրույց փոխադարձ ընկալումների մասին: Փաշինյանը նշել է, թե ինքն ուղղակի անկարող է որեւէ «դավադիր» ծրագրի մեջ մտնել Արցախի հարցում: Սակայն, ամեն դեպքում, Ալիեւի հետ Փաշինյանի դավոսյան հանդիպումը մի շարք նոր հարցերի պատճառ դարձավ: Սա այն բանից հետո, երբ կատարվածին անդրադարձան ռուս փորձագետները:
Օրինակ` ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նախօրեին հայտարարել է, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: «Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը: Նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել, հստակ չէ: Հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիեւը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով եւ կխոսեր վերջնագրերի լեզվով»,- այդպիսի կարծիք է հայտնել Տարասովը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Տարասովից պարզել, թե ինչն է նրա համար այդպիսի լրջագույն հայտարարություն անելու առիթ հանդիսացել: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ՝ Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի։ Ադրբեջանը երբեք Փաշինյանի հետ այդ մակարդակով կոնտակտի չէր գնա, եթե Հայաստանից իրենց բավարարող որեւէ պատասխան չունենար նա»,- մեզ հետ զրույցում նկատեց Տարասովը, որը նշեց, թե եղած փաստերը վերլուծելով է նման եզրակացության եկել: Ասել է թե` նա չունի որեւէ փաստ, այլ տեսանյութերից ու լուսանկարներից ստացած տպավորությունների հիման վրա է եզրակացություն արել` փորձելով դա ներկայացնել որպես իրողություն:
Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում հիշեցրեց նաեւ հայտարարությունների եւ խոստումների մասին, որոնք եւս չեն կատարվել եւ որոնք կրկին մտահոգության տեղիք են տալիս: «Նախկինում պարոն Փաշինյանն ասում էր, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցություններին, բայց Բակո Սահակյանը չկա, Մասիս Մայիլյանը չկա: Իսկ Մնացականյանն ու Փաշինյանն էլ խոսում են Հայաստանի անունից»։ Ընդ որում, Ստանիսլավի տեղեկության համաձայն` մոտավորապես մարտ ամսին բարձր մակարդակով հանդիպում է սպասվելու կրկին Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ: Եվ հետաքրքիր է, որ Տարասովը որպես հանդիպման հնարավոր վայր ավելի շատ դիտարկում է Վաշինգտոնը, այլ ոչ թե Մոսկվան կամ Փարիզը:
Իսկ, օրինակ, մեկ այլ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն էլ համաձայնագրի ստորագրման շուրջ ավելի մոտ ժամկետներ մատնանշեց: Չնայած Ստանիսլավ Տարասովը եւս մեզ հետ զրույցում մատնանշել էր մարտին կայանալիք հանդիպման մասին, սակայն Կոլերովի կարծիքով` այդ համաձայնագրի ստորագրումն է հենց լինելու մարտին` գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն, ամեն դեպքում, ընդգծեց, որ այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին: «Այժմ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փնտրում է հեղինակություն ունեցող միջնորդ, որը պետք է մասնակցի ֆինալային փաստաթղթի վերջնական ամփոփմանը: Ես կարծում եմ` հիմա Երեւանում ընթանում է տիտղոսով միջնորդի փնտրտուք: Փաշինյանը հիմա երեք միջնորդներից ընտրում է այն մեկին, որը պետք է ներկա լինի այդ համաձայնագրի ստորագրմանը»,- նշեց նա:
Կոլերովը կրկին անգամ ընդգծեց, թե նման փաստաթուղթ առկա է վաղուց, եւ Փաշինյանը պարզապես պետք է վերջակետը դնի: Միեւնույն ժամանակ ռուս քաղաքագետի համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետն այսքան շտապում եւ այդ պատճառով էլ սխալներ թույլ տալիս:
Մինչ այդ նկատենք, որ հայկական կողմը պաշտոնապես դեռ չի հերքել կամ հաստատել այս տեղեկությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՐԿԻՆ ՆԻՍՏ
Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով եւ դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում: Երեկ եւս խորհրդարանում տեղի է ունեցել խմբակցության հերթական երկուժամանոց նիստը, որի ժամանակ հիմնականում քննարկվել են հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմերի հետ կապված հարցեր: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջնականապես հաստատվել են, թե իրենց անդամներից ով որ հանձնաժողովի կազմում կլինի, ով կլինի փոխնախագահ եւ որ միջազգային պատվիրակությունում ներկայացված կլինեն: Դրանից հետո էլ արդեն ԱԺ խորհրդի նիստում վերջնականապես հաստատվել է «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում» (Եվրանեսթ) պատվիրակության կազմը: Մասնավորապես պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը: Ընդ որում, կազմը հաստատվել է 10 կողմ, 4 դեմ ձայներով, իսկ «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» առաջին նիստն էլ տեղի կունենա հունվարի 28-29-ին, ասել է թե` եւս մեկ միջխորհրդարանական պատվիրակության լուրջ փորձություն է սպասվում դրսում՝ դիվանագիտական ճակատում:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ, ՓՈՂԸ` ԿԱ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, որ հմտորեն թաքցնում է իր կենսագրության էջերը, վերջապես ներկայացրել է գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը: Այսպես, պարզվում է, որ երիտասարդ թաղապետն ունի 2 բնակարան, 2 «Honda Civic 1.8» եւ «Nissan TIIDA» մակնիշի ավտոմեքենա: Սա դեռ ամենը չէ. նա հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, հնաոճ իրեր, իսկ դրամական միջոցը կազմում է 14.5 մլն դրամ: Որպես եկամուտ Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 17.6 մլն դրամ գումարը: Խոսքը, հավանաբար, «շաուրմայանոցի» մասին է, որը նա աշխատեցրել է մինչեւ թաղապետ նշանակվելը: Հուսանք` հայտարարագրին կհաջորդի կենսագրական տվյալները, որ պետք է հրապարակվի Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Այս պահին նրա անվան դիմաց շարունակում է դատարկ մնալ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում սկսվել է տնտեսական ռեֆորմների շրջանը։ Մենք ցանկանում ենք անցած տարի տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել նաեւ տնտեսական հեղափոխության»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։ Այս նպատակին հասնելու ճանապարհին, Փաշինյանի խոսքով, ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են պարզեցնել պետական կարգավորումները, հեշտացնել բիզնես գործունեությամբ զբաղվելը եւ բարեփոխել հարկային օրենսգիրքը։ «Մեր նպատակն է Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրը դարձնել ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։ Բացի այդ, մենք խրախուսելու եւ քաջալերելու ենք աղքատ մարդկանց նույնպես ակտիվություն դրսեւորել, ինչ-որ բան անել», – ասել է Փաշինյանը։
ԿԿՐՃԱՏՎԻ
«Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կկրճատվի»,-նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա` ներկայիս 50-ի փոխարեն կմնա 7-ը: Աղաջանյանի փոխանցմամբ` այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում փոխվարչապետները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի վարչության պետերը, աշխատակազմին ենթակա գրասենյակների պետերը, վարչապետի խորհրդականները, վարչապետի որոշ օգնականներ: «Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն երկու փոխվարչապետները, ԱԽ քարտուղարը եւ վերջ: Ինքս եւս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից»,- նշել է Աղաջանյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրել է, որ. «Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»։
ԴԱՏԱՐԿ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ղարաբաղյան խնդրի հետ կապված «բնակչությանը խաղաղության պատրաստելու» հռետորաբանությունը դատարկ հնչյուն է, եթե այն չի ամրագրվում թափանցիկությամբ, որն անհրաժեշտ է, որպեսզի հանրությունն իսկապես հիմնավոր որոշումներ կայացնի»,- գտնում է նա: «Ինչպե՞ս կկնքվի գործարքը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, եթե այն իրականացվի: Օրինակ, եթե նախօրոք Արցախը հանձնի հողերը անվտանգության դիմաց, ապա Ադրբեջանը բարեխղճորե՞ն կարձագանքի` կատարելով Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, թե՞ Ադրբեջանը այդ զիջումը կընդունի որպես թուլության նշան` օգտագործելով իր նոր առավելությունն այդ վայրերում ապահովելու համար հետագա տարածքային ձեռքբերումները, մինչեւ ամբողջ Արցախը Բաքվի հսկողության ներքո վերցվի` հայերով, թե առանց նրանց: Մենք կարող ենք լավագույնի հույս ունենալ, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր պատմությունը եւ աշխարհագրությունը եւ նախապատրաստվենք վատագույնին: Անզգույշ մտքերի ժամանակը չէ»,- գրում է Համբարյանը:
ԿԳԼԽԱՎՈՐԻ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը գլխավորելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: «Կարեւորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը` պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս եւ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում»,-ասել է նա: