ՖՐԱՆԿԼԻՆ ԳՈՆՍԱԼԵՍԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ Պրահայի ղեկավարությունը Նարեկ Սարգսյանին չհանձնի ՀՀ իրավապահներին:

2018 թ.-ի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել էր քրեական գործ` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Այս գործով Նարեկ Սարգսյանը ներգրավվել էր մեղադրյալ, եւ հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին` միջազգային հետախուզում: Արդյունքում 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն` Նարեկ Սարգսյանին, հայտնաբերեցին եւ ձերբակալեցին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Ուստի Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը նրա` Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
Եվ, ահա, հունվար 4-ի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա. «Հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը դեկտեմբերի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
ՀՀ գլխավոր դատախազության Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, եւ եթե այս դեպքում Հայաստանն արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել: Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին:
ՀՀ գլխավոր դատախազությունը նախատեսված ժամկետներում դիմեց Պրահայի իշխանություններին` սպասելով նրանց արձագանքին: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Պրահայի դատախազությունը ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Պրահայի դատախազության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալան` նշելով. «Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը հանրապետական գլխավոր դատախազությունից ստացել է Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Այժմ պետք է աշխատանքներ տարվեն համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման վերաբերյալ: Միայն դրանից հետո կհայտարարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ»:
Համաձայն Չեխիայի օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերաբերյալ որոշում կայացնում է արդարադատության նախարարը: Ընդ որում, նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղական դատարանների վճիռներին:
Ու մինչ ՀՀ իրավապահները Պրահայի իշխանությունների հետ բանակցությունների մեջ են, «Ժողովուրդ» օրաթերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների` իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում: Նարեկ Սարգսյանը ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել բավականին զարմանալի իրավիճակում: Սարգսյանի մտերիմների շրջանում տարածված են լուրեր, որ Նարեկ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, եւ նրա հետ այլ անձ է եղել: Արդյունքում, Նարեկ Սարգսյանի հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երեւան, եւ հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի իրավապահներին:
Ի դեպ, լուրեր են պտտվում այն մասին, որ Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելը այդքան էլ հեշտ չի լինելու. չի բացառվում, որ անգամ չհանձնեն էլ, քանի որ նա միգուցե փորձի ներկայանալ որպես փախստական: Հայտնի է, որ նա այլ երկրի քաղաքացու անուն-ազգանուն է կրում եւ փորձելով ներկայանալ փախստական կամ քաղաքական հալածյալ` կասի, թե առհասարակ չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Բայց այս դեպքում արդեն ՀՀ իրավապահ համակարգը պետք է միջամտի ու հիմնավորումներ ներկայացնի, որ նա ոչ թե փախստական է կամ քաղաքական հալածյալ, այլ լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող ու հետախուզման մեջ գտնվող անձ, եւ որ իրականում նման մեթոդներով փորձում է պարզապես թաքնվել նախաքննական մարմնից:
Որքանո՞վ է ՀՀ իրավապահ համակարգը վտանգ տեսնում, որ Պրահայի ղեկավարությունը Նարեկ Սարգսյանին չհանձնի Հայաստանին: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Մեղադրյալի կարգավիճակ ունեցող, այլ երկրում հայտնաբերված անձանց հանձնման գործընթացում գործում է այդ անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման բնականոն պրակտիկա: Չեխական կողմից ՀՀ դատախազությանն այս պահի դրությամբ նման հարցում չի ներկայացվել, եւ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու ՀՀ դատախազության դիմումի հիման վրա իրավական գործընթացը շարունակվում է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՎՆԱՍԸ
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրգործի 25 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն` տարածքային գործակալության աշխատակիցները, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի եւ «Հայփոստ» ՓԲԸ թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով 2013թ. մայիսի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում առանց քաղաքացիների գիտության Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով` 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում: Թվով 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը` 107.000.000 ՀՀ դրամի չափով: Քրգործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ
Նոր հարկային օրենսգրքի նախագծով սահմանվում է, որ եկամտային հարկը կնվազի սեպտեմբերից: Նախագծով առաջարկվում է անցնել եկամտային հարկի մեկ միասնական (23 տոկոս) դրույքաչափի սեպտեմբերի 1-ից, մինչդեռ 2018 թ.-ի նոյեմբերին հրապարակված նախագծով նախատեսվում էր այդ փոփոխությունն ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից: Այսօր գործող հարկային օրենսգրքով մինչեւ 150 000 դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 23 տոկոս է, 150 000 – 2 մլն դրամի դեպքում` 28 տոկոս, իսկ 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում` 36 տոկոս: Նկատենք, որ եկամտային հարկի նվազմանը զուգահեռ կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով քաղաքացին աստիճանաբար կանցնի 5 տոկոս վճարելուն: Այսօր քաղաքացին վճարում է 2,5 տոկոս, իսկ պետությունը` 7,5 տոկոս:

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կառավարության նիստում կայացված որոշման համաձայն` «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի ք. Գյումրիում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ` կատարելով ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում բարձրորակ հումք ձեռք բերելու համար: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

 

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է նախկին պատգամավոր, նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու փաստով հարուցված քրգործի վարույթը: ՀՀ հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` այս գործով Պողոսյանը դեռեւս որեւէ դատավարական կարգավիճակ չունի: Նշենք, որ Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. մայիսին, սակայն 8 ամիս անց գործի վարույթը կարճվել էր` հանցակազմի բացակայության հիմքով: Նախկին պաշտոնյան մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու եւ պաշտոնը սեփական գործի զարգացմանը ծառայեցնելու համար:

 

 

ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` օրերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի համար մեկ ամիս առաջ վճարված 25 մլն դրամ գրավը դեռեւս չի վերադարձվել գրավատուին: Պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով` գրավը հետ վերադարձնելու հարցը դեռեւս չեն քննարկել Գրիգորյանի ազգականների հետ: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` գրավը վերադարձվում է գրավատուին, եթե գրավը` որպես խափանման միջոց, վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

 

 

ԲՈԼԹՈՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտնելով իր եւ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին. «Երեկ ես զանգահարեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին եւ շնորհավորեցի վերանշանակվելու համար, ինչպես նաեւ ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ եւ անկողմնակալ ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է նրա ջանքերը` ուղղված Հայաստանի ապագայի բարգավաճմանը»:




Լրահոս