ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԶՍՊՈՂ ՕՂԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ:

-Պարո՛ն Փամբուխչյան, շատ են հնչում կարծիքներ այն մասին, որ ԱԺ-ում պատգամավորների մեծ մասն անփորձ է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Չկա հստակ չափանիշ, թե որ տարիքից սկսած կամ որ գործունեությունից սկսած է մարդը դառնում փորձառու: Ամեն օրը մարդու համար ինչ-որ մի կրթվածության աստիճան է բարձրանում, եթե, իհարկե, նա ցանկանում է, եւ կամ մարդը, ինչ-որ ճանապարհ անցնելով, ձեռք է բերում փորձ, որը որ անդադար պրոցես է: Մեր խմբակցության կամ նախկինում մեր կառավարության մասով ասում էին` անփորձ, իսկ ես հարցին հարցով էի պատասխանում, թե որն է փորձառուն: Եթե մարդը չի ձախողում իր ոլորտը, եթե մտնում է իր ոլորտի մեջ, սկսում է ուսումնասիրել, օր ու գիշեր աշխատել, լսում է կողքի կարծիքները, պրոֆեսիոնալների կարծիքները, այդ մարդը եթե չի վնասում գործին, ուրեմն նա արդեն ինչ-որ չափով փորձ ունի: Իսկ տարիքի հետ կապված կարող եմ ասել, որ ի սկզբանե սահմանադրագետներն են գտել, սահմանել եւ տարբեր ուսումնասիրություններ են տարել երեւի եւ հասկացել, որ 25 տարին բավարար է, որ մարդը կարողանա լինել օրենսդիր մարմնի անդամ: Մեր խմբակցությունում կան 25-50 տարեկան մարդիկ, եւ դա առավելություն է, որովհետեւ իրար փոխլրացնելով, նոր հայացքներ, նոր թարմ ուժեր բերելով, ինչպես նաեւ օգտագործելով նախորդների հմտությունները` ինքը դառնում է ավելի պրոֆեսիոնալ եւ ամուր: Ես համարում եմ, որ անընդհատ հղում անել տարիքին, թե փոքր են, պետք չէ: Ես 34 տարեկան եմ: Այդ հարցը ուղղողները ինձ ո՞ր խմբին են դասում: Կարծում եմ, որ ուղղակի բովանդակություն չկա այդ ամբողջի տակ: Եթե այդ մարդիկ ինչ-որ հարցում կսխալվեն, պետք է բովանդակային քննադատել, խոսել իրենց թերությունների կամ առավելությունների մասին:
-Դուք խորհրդարան եկաք գործադիր մարմնից: Օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմինն է ավելի հոգեհարազատ:
-Այն ժամանակ, երբ դեռ չէի որոշել, որ վերցնելու եմ մանդատը, ինձ թվում էր, որ ինձ ավելի հոգեհարազատ է միշտ գործադիրը, քանի որ ես իմ բնույթով որտեղ որ աշխատել եմ, կատարել եմ գործառույթի ֆունկցիաներ, եւ ինձ հարազատ էր գործադիրը: Օրենսդիրը ինձ համար մարտահրավերային էր, եւ զգում եմ, որ ինձ հարազատ է դառնում օրենսդիրը: Դեռ ամբողջությամբ չենք լծվել գործին, բայց այն ծավալը որ սպասում ենք, որ հանձնաժողովները պետք է կազմվեն, եւ անցնենք բուն աշխատանքներին, ինձ սկսում է դուր գալ օրենսդիրը: Ես առավելություն չեմ տա:
-Ձեր խմբակցությունը ե՞րբ է սկսելու օրենսդրական նախագծեր ներկայացնել: Մյուս երկու կուսակցություններն արդեն ակտիվ են այդ առումով:
-Մի քանի նախագծեր մեր գործընկերները մշակում են, մենք էլ կներկայացնենք մի քանի նախագծեր: Կառավարությունում նույնպես կան կիսատ մշակված նախագծեր, որոնց որ սպասում ենք: Մի խոսքով, շատ հագեցած է լինելու:
-Նախկինում շատ էին քննադատում խորհրդարանին, որ կառավարության կցորդն էր դարձել: Կառավարությունը ինչ բերում էր, խորհրդարանը կոճակ սեղմողի գործառույթ էր կատարում: Այս խորհրդարանին նույնը չի՞ սպառնում: Ո՞րն է երաշխիքը, որ հիմա այդպես չի լինի:
-Սովորաբար, որպես կանոն, գործադիրից են ամենաշատ նախաձեռնությունները գալիս: Մեզ չի սպառնում դա, քանի որ բավականին դեմոկրատական մոդել է ներդրված մեր խմբակցությունում, քննարկումներ են գնում ցանկացած հարցի շուրջ, ով ցանկություն է ունենում, հայտնում է իր կարծիքը, բանավեճեր են լինում: Մեր խմբակցությունը այն խմբակցությունը չի, որ ցանկացած նախագծի պարագայում լինի դակողի դերում: Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել հեղափոխություն, ձեւավորվել է նոր կառավարություն, եւ նոր կառավարությունը իր ծրագիրը չի կարողացել ամբողջապես իրականացնել, քանի որ չի ունեցել քաղաքական հենարան օրենսդիր մարմնում: Գործադիրի ու մեր ժողովրդի ջանքերով ԱԺ-ն լուծարվել է, տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ մեզ 70 տոկոս վստահության քվե է տրվել: Եվ, բնականաբար, այս օրենսդիրը, մասնավորապես` մեր խմբակցությունը, պետք է հենարան լինի եւ, իհարկե, տեղին քննադատող, տեղին հարցադրումներ անող, եւ երբեմն կլինեն նաեւ նախագծեր, որոնց մասով բացասական եզրակացություն կտրվի թե՛ հանձնաժողովներում, թե՛ խմբակցություններում:
-Նախկին իշխանությունները խորհրդարանում չհայտնվելով` արտախորհրդարանական ընդդիմության հայտ են ներկայացրել: Տեսնո՞ւմ եք նրանց ընդդիմադիրի դերում, թե՞ ավելի ազդեցիկ կարող են լինել խորհրդարանում ներկայացված ուժերը:
-ՀՀԿ-ին չեմ տեսնում, քանի որ դեկտեմբերի 9-ին այդ գնահատականը տվեց ժողովուրդը: Եվ ժողովուրդը արդեն այլ որակ է պահանջում ու չընտրեց հինը: Ժողովուրդն ապացուցեց, որ ապրիլին մերժել է: Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական այն ուժերին, որոնք որ նոր են ստեղծվել, որոնք որ ունեն գաղափարներ, արժեհամակարգով, ընդհանուր առմամբ, գտնվում են մեր արժեհամակարգի սահմաններում, բայց ունեն գաղափարական տարաձայնություններ մեզ հետ կամ մեզնից տարբեր իդեաներ: Ակնկալում եմ նաեւ հասարակության ակտիվ մասնակցությունը` որպես մեզ զսպող օղակ: Իսկ ՀՀԿ-ն ունի ֆինանսական ռեսուրսներ, եւ իրենք փորձելու են այդ ռեսուրսներով որոշակի մթնոլորտ փոխեն: Բայց նրանց չի հաջողվի. այդ մասին են վկայում ԱԺ ընտրությունների արդյունքները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ՃԱՐՎՈՒՄ
Տավուշի նոր մարզպետ դեռ նշանակված չէ: Մարզպետի փոխարեն որոշումները ստորագրում է մարզպետի 3 տեղակալներից Տիգրան Թամրազյանը: Նախկին մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր է: Տավուշի մարզում շրջանառվում են նոր մարզպետի թեկնածուների անուններ, այդ թվում` Հայկ Չոբանյանի: Վերջինս ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է: Նա «Իմ քայլը» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու էր, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացավ 5269 ձայն, սակայն խորհրդարանի պատգամավոր չընտրվեց: Նա բնակվում է Երեւանում, արեւային մարտկոցներ արտադրող ընկերության սեփականատեր է: Հ. Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չժխտեց, որ ինքը մարզպետ կարող է նշանակվել: Նրա` որպես մարզպետի թեկնածուի թույլ կողմը կարելի է համարել այն, որ, բնակվելով Երեւանում, լավատեղյակ չէ սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի հիմնախնդիրներին, մարզում տիրող իրավիճակին, լավատեղյակ է միայն իր հայրենի Բերդի տարածաշրջանի իրավիճակին: Հ. Չոբանյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց, թե իրեն ինչքան ժամանակ է պետք մարզի հիմնախնդիրներն իմանալու համար: Նա ասաց, որ մարզպետ նշանակվելու դեպքում մարզի հիմնահարցերին ծանոթանալու համար ժամանակ չի ծախսելու, մարզի խնդիրներին ինքը որոշակի չափով տեղյակ է, մնացած հարցերը կլուծվեն աշխատանքին զուգահեռ, այդ գործում ինքը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ: Տավուշի մարզում որպես մարզպետի թեկնածու շրջանառվում է նաեւ բնապահպանության տեսչության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վահագն Առաքելյանի անունը: Վերջինս նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաեւ զբաղվածության Իջեւանի տարածքային կենտրոնի տնօրեն: Նրա` որպես մարզպետի թեկնածուի համար առավելություն է այն, որ մարզկենտրոն Իջեւանի բնակիչ է, գիտի մարզի խնդիրները: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գերակշիռ մեծամասնությունը Իջեւանի տարածաշրջանի բնակիչներ են, Վ. Առաքելյանի համար հեշտ կլինի նրանց հետ աշխատելը: Նրա` մարզպետ նշանակվելուն որոշակի խոչընդոտ կարող է լինել այն, որ նախկինում եղել է ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը իր հայրենի մարզում` Տավուշում կարող է մարզպետ նշանակել այլ մարդու, որի անունը որպես մարզպետացու ընդհանրապես չի շրջանառվել: Նոր մարզպետի նշանակման ձգձգումը ցույց է տալիս, որ Փաշինյանն այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: Նա լավ է հասկանում, որ հայրենի Իջեւանում կադրային ձախողումը վատ կանդրադառնա իր հեղինակության վրա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՌԴ-ԻՑ ԵԿԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԹՈՂԵԼ ԵՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել գյուղատնտեսության մասնագետ Արթուր Օհանջանյանը: Նա երկար տարիներ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ թավշյա հեղափոխությունից հետո որոշում է կայացրել գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում եւ Արցախում: «Վերջին անգամ Հայաստանում եղել էի 15 տարի առաջ: Այս անգամ եկա, ամեն ինչ դուր եկավ, նաեւ իշխանություն է փոխվել, եւ ցանկացա օգնել հայրենիքին», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Օհանջանյանը:

Գյուղատնտեսական գործունեությամբ եւ սերմերի մշակմամբ զբաղվող Օհանջանյանն արդեն եղել է Հայաստանում եւ Արցախում, հանդիպում ունեցել համապատասխան պաշտոնյաների հետ, սակայն այս կոնտեքստում հետաքրքիր են հատկապես նրան տրված պատասխանները: «Արցախում հանդիպել եմ Գյուղատնտեսության նախարարին, որոշել ենք բերել հացահատիկի սերմեր եւ փորձել, թե ինչպես կաճի, ինչ կլինի», – մեզ հետ զրույցում փոխանցեց գործարարը:
Իսկ, ահա, Հայաստանում գյուղատնտեսության փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածության հասնել այդպես էլ չի ստացվել: «Հանդիպել եմ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Պետրոսյանին, զրուցել ենք, սակայն պատասխան չեմ ստացել վերջնական: Ինձ ասացին` հարցը բարդ է, քանի որ կառավարությունն ամբողջովին կազմավորված չէ, եւ այլ հարցեր կան», – նշեց նա` ընդգծելով, թե չի կարողացել հանդիպել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա իր զարմանքն արտահայտեց այդ առումով եւ հույս հայտնեց, թե կառավարության վերջնական ձեւավորումից հետո իրեն կհաջողվի հանդիպել ոլորտի ներկայացուցիչներին եւ վարչապետին: Ընդգծենք, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները մշտապես խոսում են ներդրումների կարեւորության, ներգաղթի մասին եւ այդպիսի կոչեր հնչեցնում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին: Եվ փաստացի 1987 թվականից Հայաստանում չապրող Արթուր Օհանջանյանը ընդունել է այդ կոչը եւ եկել` փորձելով ներդրումներ անել, սակայն հանդիպել է քար անտարբերության:
Հ. Գ. Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին, որը հաստատեց Օհանջանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով, թե իրեն Արցախից են զանգահարել եւ առաջարկել հանդիպում ունենալ։ «Նա ներկայացրեց, որ զբաղվում է հացահատիկի արտադրությամբ, սակայն ոչ մի ծրագիր չի ներկայացրել՝ ո՛չ բանավոր, ո՛չ թղթի վրա, այլ ասել է, որ ունի հարուստ փորձ եւ ցանկանում է դրանով կիսվել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանին», – նշեց Պետրոսյանը։ Վերջինս ընդգծեց, թե ասել է՝ կառուցվածքային փոփոխություններից հետո ավելի լայն կխոսեն՝ մեկ անգամ եւս ընդգծելով, թե վերջինս որեւէ ծրագիր չի ներկայացրել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս