ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հասցրել է լուրջ դժգոհություններ առաջացնել ոչ միայն հաշվապահների, այլեւ փաստաբանների, խորհրդատուների մոտ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդհանուր հարկման համակարգ բերել իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատուներին եւ հաշվապահներին: Մասնագետները համոզված են, որ այս փոփոխությունների արդյունքում կբարձրանան նրանց կողմից մատուցվող ծառայությունների գները:

Բայց ՖՆ-ն նախագծերի հիմնավորումների մեջ նշել է, թե փաթեթի ընդունման արդյունքում ակնկալում է բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի 33 հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է փոփոխություններ կատարել: Այսպես, նախատեսվում է հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ կետում «շահումով խաղերի» բառերից հետո լրացնել «տոտալիզատորի» եւ «ինտերնետ տոտալիզատորի» բառերը, իսկ «աուդիտորական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները» բառերը: Այսինքն` այս փոփոխությունների արդյունքում իրավաբանները, խորհրդատուները, փաստաբանները կաշխատեն շրջանառության հարկով, ու հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ ճարող: Սա, մասնագետների պնդմամբ, կարող է հանգեցնել եկամուտը թաքցնելուն, ծառայության գների բարձրացման եւ կնպաստի տվյալ ոլորտում ստվերի ավելացմանը:
Նշենք, որ արդեն երկու օր է, ինչ մասնագետները մեկնաբանում են այս փոփոխությունները` դեմ արտահայտվելով:
Նրանցից, օրինակ, Շուշան Սարգսյանը գրել է. «Օրենքի նոր նախագիծը, որն արգելելու է փաստաբաններին, խորհրդատուներին եւ հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով, անհեթեթություն է: Քանի որ դրա արդյունքում հարկային բեռը կբարձրանա, ծառայությունների գները նույնպես, որն էլ համապատասխանաբար կազդի թե՛ տնտեսվարող սուբյեկտների վրա եւ թե՛ ծառայություններ մատուցողների: Առաջարկում եմ չընդունել օրենքի այդ նախագիծը»:
Մեկ այլ քաղաքացի` Կարեն Հովհաննիսյանը եւս, դեմ լինելով այդ փոփոխությանը, պնդում է, որ այն հաշվապահական, խորհրդատվական եւ իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ: Նա եւս համոզված է, որ այս փոփոխության իրականացման արդյունքում կթանկանան ծառայությունների գները, կտուժեն համապատասխան ծառայություն ստացող քաղաքացիները եւ իրավաբանական անձինք: Սակայն մասնագետներին ավելի շատ զայրացրել է այն, որ կատարվում են փոփոխություններ առանց համապատասխան ոլորտի մասնագետների կարծիքը հարցնելու:
Լարիսա Մանասյանն, որն աշխատում է փոքր բիզնեսին սպասարկող հաշվապահական ընկերությունում, վստահ է, որ այս փոփոխությունը լրացուցիչ բեռ կառաջացնի հարկատուների համար: «Չի կարելի նման չմտածված ու չքննարկված քայլ անել: Փոխարենը ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում»,- նկատեց Լարիսա Մանասյանը:
Բացի այս, նախագծերի փաթեթով նախատեսված է հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից` զուգահեռաբար որոշակիորեն բարձրացնելով մի շարք ապրանքների մասով ակցիզային հարկի դրույքաչափերը: Այսպես, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկով կհարկվեն նաեւ 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավելի գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները: Ավելին, կբարձրացվեն օղու եւ էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները` 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ: Նաեւ կվերանայվի 301 եւ ավելի ձիաուժ ունեցող, հինգ եւ ավելի տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը` մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԻ» ԵՎ «ՍԱՏԱՆԱՆԵՐԻ» ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր` հունվարի 25-ին, Լոնդոնի «Էմիրեիտս» մարզադաշտում կկայանա Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Արսենալ»-«Ման Յունայթեդ» հանդիպումը: Ունաի Էմերիի սաները պատրաստ են կասեցնել Սուլշերի մեքենան, իսկ «մանկունյանցիները» խոստանում են շարունակել հաղթարշավը եւ վերջնականապես արձանագրել իրենց` «Կարմիր Սատանաների» վերադարձը: Այս անչափ հետաքրքիր դիմակայությանը հաշված ժամեր են մնում: Թե՛ «Մանչեստերը», թե՛ «Արսենալը» վերջին խաղում հաղթել են եւ հանդիպմանը մոտենում են բարձր տրամադրությամբ: «Զինագործները» իրենց վերջին խաղում լոնդոնյան դերբիում առավելության հասան «Չելսիի» նկատմամբ(2-0), որը վերացրեց նրանց մասին այն թյուր կարծիքը, թե «Արսենալը» այս մրցաշրջանում հաղթել կարողանում է միայն միջակներին: Իր հերթին մանչեստրյան ակումբը 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» եւ տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը:
Այսօր Լոնդոնի մարզադաշտում Էմերիի` միշտ գաղտնիքներով պատված մարտավարությունը կբախվի Սուլշերի «ֆերգյուսոնյան» տակտիկային…
Ծանոթանանք մի շարք վիճակագրական տվյալների, թիմի կորուստներին եւ հավանական մեկնարկային կազմերին:
Կորուստներ, մեկնարկային կազմեր
«Արսենալ» լոնդոնյան ակումբի կազմում, ցավոք, խաղին չի կարողանա մասնակցել մեր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դեռեւս չի հասցրել ապաքինվել վնասվածքից:
«Զինագործները» կորցրել են նաեւ Բելյերինին, որն այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա խաչաձեւ կապանների կտրվածքի պատճառով:
«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը` Չեխ, Մեյտլենդ-Նայլս, Կոնսիելնի, Սոկրատիս, Կոլաշինաց, Ջակա, Տորեիրա, Գենդուզի, Իվոբի, Լակազետ, Օբամեյանգ:
«Ման Յունայթեդ» մանչեստրյան ակումբը առանձնապես կորուստներ չունի, թիմի բոլոր ֆուտբոլիստները Սուլշերի տրամադրության տակ են:
Հավանական մեկնարկային կազմ` Ռոմերո, Յանգ, Լինդելոֆ, Ջոնս, Վալենսիա, Էրերա, Մատիչ, Պոգբա, Սանչես, Ռեշֆորդ, Լուկակու:
Վիճակագրական փաստեր
1. Անգլիայի գավաթի ամենատիտղոսակիր թիմը «Արսենալն» է(13), երկրորդ տեղում «Յունայթեդն» է(12)
2. Այս թիմերի միջեւ կայացել է 229 խաղ, որոնցից 92-ում հաղթել են «Կարմիր Սատանաները», 82-ում «Արսենալը», եւս 51 խաղերում գրանցվել է ոչ ոքի:
3. «Արսենալ»-«Ման Յունայթեդ» դիմակայությանը ամենաշատը մասնակցել է մանչեստրյան թիմի լեգենդներից Ռայան Գիգզը (50 հանդիպում):
4. Այս դիմակայության լավագույն ռմբարկուն կրկին Մանչեստրից է. Ուեյն Ռունիի ակտիվում կա 12 գոլ:
5. Պատմության ամենախոշոր հաշիվը այս երկուսի միջեւ գրանցվել է 2011 թվականի օգոստոսի 28-ին, որտեղ «Յունայթեդը» հաղթել է 8-2 հաշվով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի թիկունքի եւ ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Յավրիյանը մեղադրվում է դիզելային վառելիք յուրացնելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` նա նույն զորամասի հրամանատարի 2018թ. մարտի 2-ի հրամանով` իրեն ենթակա ծառայության` նյութաապահովման վաշտի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի միջոցով ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման վրա զորամասի պահեստից ստացել է 90 հազար 950 դրամին համաժեք 250 լիտր դիզելային վառելիք: Դրանից հետո Յավրիյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն վստահված 30 լիտր դիզելային վառելիքն ախտահանման աշխատանքներ կատարելու համար հատկացրել է «ԳԱԶ 66» ավտոմեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային Արայիկ Ժամհարյանին, իսկ մնացած 220 լիտր դիզելային վառելիքը յուրացրել է, տեղափոխել իր բնակության վայր եւ օգտագործել իր անձնական կարիքների համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Յավրիյանը կապիտան Վարդան Եղիազարյանի միջոցով 2018թ. մարտի 3-ին կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ագրեգատի աշխատանքային թերթում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե իբր ախտահանման աշխատանքները տեւել են 9 ժամ, եւ ծախսվել է 248.4 լիտր դիզելային վառելիք: Նա դրանից հետո, զորամասի հրամանատարի 2018թ. մայիսի 16-ի հրամանով, ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման վրա պահեստից ստացել է 91 հազար 677.6 դրամին համարժեք 252լ դիզվառելիք, սակայն այն չի հատկացրել վարորդ Ա. Ժամհարյանին, այլ յուրացրել է եւ օգտագործել իր անձնական կարիքների համար: Ա. Յավրիյանը կապիտան Վարդան Եղիազարյանի միջոցով 2018թ. մայիսի 19-ին կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ագրեգատի աշխատանքային թերթում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե իբր ախտահանման աշխատանքները տեւել են 9 ժամ եւ ծախսվել է պահեստից ստացված 252 լիտր դիզվառելիքից 248.4 լիտրը: Ա. Յավրիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով») եւ 314 հոդվածով («Պաշտոնեական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս