«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը: Մենք բացահայտել ենք նրա նախասիրությունները, սովորություններն ու բնավորության՝ քչերին հայտնի գծերը:
-Թինա՛, ինչպիսի՞ երեխա եք եղել, Ձեզ ի՞նչ են պատմում:
-Չարաճճի, ճկուն եւ ընդունակ:
-Ձեր առավոտյան նախաճաշի պարտադիր բաղադրիչը:
-Անպայման ընտանիքով ձվածեղ ենք ուտում, առանց դրա հնարավոր չէ, եւ թեյ ենք խմում:
-Հաճա՞խ կամ երկա՞ր եք նայում հայելու մեջ:
-Ավելի երիտասարդ տարիքում հաճախ էի նայում հայելու մեջ, բայց հիմա երեւի տարիքն է վախեցնում, չես ուզում քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին արդեն կաս: Ամեն դեպքում, դա երբեք ինձ մոտ բարդույթի չի վերածվել:
-Ո՞ւմ խորհուրդներն եք կարեւորում:
-Միանշանակ, մայրիկիս, ամուսնուս. ինձ համար շատ թանկ են նաեւ քրոջս եւ եղբորս խորհուրդները: Ի դեպ, վերջիններիս եւ իմ միջեւ տարիքային բավական մեծ տարբերություն կա, այդ առումով մեր հարաբերությունները յուրահատուկ են:
-Առանց ինչի՞ աշխարհը չեք պատկերացնում:
-Առանց իմ արվեստի: Իհարկե, եղել են պահեր, երբ ճարահատյալ թողել եմ այն, օրինակ՝ բալիկներիս ծնունդով պայմանավորված, բայց ուրիշ ոչ մի պարագայում չեմ հրաժարվել իմ արվեստից: Ոչ մեկի համար դա չէի անի:
-Մուլտֆիլմ, որն ամեն օր էլ կդիտեք եւ չեք ձանձրանա:
-«Դե՛ սպասիր»-ը: Այն հավերժ է եւ արդիական բոլոր ժամանակներում:
-Նախընտրում եք թռիչք օդապարիկո՞վ, թե՞ պարապլանով:
-Պարապլանով: Օդապարիկից նյարդայնանում եմ: Պարապլանի դեպքում ավելի ազատ եմ թռիչքիս մեջ:
-Բնութագրե՛ք Ձեզ երեք բառով:
-Խղճով, հավատքով եւ սիրով:
-Ձեր մասին տարիներ շարունակ շրջանառվող մի բամբասանք ասեք:
-Ցանկացած հանրային անձ, եթե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, անպայման արժանանում է քննադատությունների, նրա հետեւից պարտադիր խոսում են: Անընդհատ շրջանառվող բամբասանքը վերաբերում է անձնականիս: Ինձ ու ամուսնուս, չգիտես ինչու, անընդհատ բաժանում են: Նույնիսկ երբ նոր էինք ամուսնացել, այդ խոսակցություններն արդեն կային: Մի անգամ Նազենի Հովհաննիսյանն ինձ ու ամուսնուս հրավիրեց իր հաղորդումներից մեկին հյուր ու խոստովանեց, որ իր ականջին էլ անընդհատ հասել են նմանատիպ խոսակցություններ: Երեւի մարդիկ չեն ուզում լավը տեսնել, լավին հավատալ, կամ էլ որ տեսնում են, ակտիվ կերպով շարունակում եմ կարիերայովս զբաղվել` առաջնորդվելով կարծրատիպերով, ենթադրում են, որ ամուսնալուծվել եմ:
-Եթե չլինեիք բեմի մարդ, ինչո՞վ կզբաղվեիք:
-Շատերը տեղյակ չեն, որ ես նաեւ կարուձեւով եմ զբաղվում, ինձ համար բազմիցս բեմական կոստյումներ եմ կարել: Թող անհամեստ չհնչի, բայց շատ բնագավառներում կարող էի դրսեւորվել, միայն մաթեմատիկայի եւ քիմիայի հետ առնչվող մասնագիտություններն են, որ հոգեհարազատ չեն:
-Ի՞նչ կանեիք, եթե Դուք լինեիք աշխարհի վերջին մարդը:
-Կփորձեի ինչ-որ հետքեր, նշաններ թողնել, որպեսզի եթե հանկարծ ինձնից հետո քաղաքակրթություն լիներ, իմանային, որ իրենցից առաջ էլ է եղել: Երեւի ուրիշ ոչ մի պիտանի բան չէի կարող անել:
-Չեք կարող ապրել առանց երաժշտությա՞ն, պոեզիայի՞, թե՞ կինոյի:
-Առանց երաժշտության: Այն մշտապես ուղեկցում է ինձ, շատ եմ ունկնդրում դասական երաժշտություն:
-Ո՞ր գյուտն եք համարում փրկություն կանանց համար:
-Կարծում եմ՝ բոլոր կանայք պարտական են բարձրակրունկ, կրծկալ եւ կորսետ հորինողներին: Դրանք այն ատրիբուտներն են, որոնք կնոջը դարձնում են կին:
-Կնախընտրեք ընթրել մարդաշատ եւ աղմկոտ ռեստորանո՞ւմ, թե՞ մի գողտրիկ սրճարանում:
-Եթե սիրելիիս հետ եմ, գողտրիկ սրճարանում, բայց մյուս բոլոր դեպքերում սիրում եմ մարդկանց մեջ լինել, աշխույժ կյանքով ապրել, լավ ժամանակ անցկացնել:
-Նա, որ փորձել է հարվածել Ձեր թիկունքից…
-Միշտ տապալվել է, որովհետեւ մնացել է ետեւում:
-Ձեր կողքին մշտապես եղել են մարդիկ, որոնք…
-Ինձ հավատացել են ու ոգեւորել: Առանց նրանց ես չէի լինի, չէի կայանա: Այդ մարդկանց թվում կարող են լինել ընկերներ, գործընկերներ:
-Չեք կարող անտարբեր անցնել…
-Օգնության կարիք ունեցող, փորձանքի մեջ գտնվող մարդկանց կողքով:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Հարցը, որը վերաբերում էր այն բանին, թե առանց ինչի չեմ կարող ապրել:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՄԵՍԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
«Բարսելոնայի» առաջատար լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսին կվերադառնա Արգենտինայի հավաքական: 31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մասնակցել Արգենտինայի հավաքականի՝ Վենեսուելայի հետ մարտին կայանալիք ընկերական խաղին. այս մասին հաղորդում է Goal.com-ը: Հավելենք, որ հանդիպումը կայանալու է Մադրիդում՝ «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆա Նադալը առանց մեծ դժվարությունների 6-2, 6-4, 6-0 հաշվով հաղթեց հույն Ցիցիպասին եւ վաստակեց Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչի ուղեգիր: Իսպանացու մրցակիցը եզրափակչում կլինի Ջոկովիչ-Պաուլի զույգի հաղթողը:
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
«ՊՍժ»-ի հարձակվող Նեյմարը «Ստրասբուրգի» դեմ խաղում (2-0) վնասվածք էր ստացել եւ արցունքն աչքերին` լքել խաղադաշտը: Ինչպես հետագայում պարզվեց, Նեյմարի մոտ ախտորոշվել է աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածք: Այդպիսի վնասվածքից ֆուտբոլիստները հիմնականում ապաքինվում են 3-4 շաբաթվա ընթացքում: Այսպիսով, ամենայն հավանականությամբ, Նեյմարը բաց կթողնի փետրվարի 13-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեստեր Յունայթեդի» դեմ առաջին խաղը:
21-ՐԴ ՏԵՂԸ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Կայացել է կանանց մենասահքի կարճ ծրագիրը, որին մասնակցել է 36 մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 21-րդ տեղը եւ դուրս եկել եզրափակիչ: Եզրափակիչ դուրս են եկել առաջին 24 հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդուհիները:
ԱՐԴԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Իտալական «Ջենոայի» կենտրոնական հարձակվող Կշիշտով Պյոնտեկը տեղափոխվեց «Միլան»: Կողմերի միջեւ պայմանագիրը կգործի մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը: 23-ամյա լեհ հարձակվողը «Ռոսոներիների» կազմում կփոխարինի արգենտինացի Գոնսալո Իգուային, որն էլ իր հերթին համալրեց Լոնդոնի «Չելսիի» կազմը: «Ազնվականները» «Յուվենտուաից» վարձակալել է Գոնսալոյի տրանսֆերը մինչեւ ամառ: Այս ամիսների համար լոնդոնյան ակումբը «Բիանկոներիներին» կվճարի 9 մլն եվրո, ինչպես նաեւ 36մլն. եվրոյով կկարողանա գնել հարավամերիկացու տրանսֆերը:
ԳՈԼԸ ՆՎԻՐԵՑ ՍԱԼԱՅԻՆ
Անդալուզական «Սեւիլյան» հունվարի 23-ի գիշերը Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղում 2-0 հաշվով պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային»: Տանտերերի կազմում երկրորդ գոլի հեղինակ դարձած Վինսեն Բեն Յեդերը խփած գնդակը նվիրեց օրեր առաջ մասնավոր ինքնաթիռով անհետացած Էմիլիանո Սալային: Գոլից հետո ֆրանսիացին հանեց մարզաշապիկը, որի վրա գրված էր`«Հանուն իմ եղբոր»:
Հիշեցնենք, որ Էմիլիանոյի եւ ինքնաթիռի անձնակազմի որոնումները շարունակվում են, իսկ արդյունք դեռեւս չկա:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԶ ԵՆ
Ճապոնուհի Նաոմի Օսական դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ: Մրցաշարի չորրորդ ռակետը կիսաեզրափակիչ փուլում 6:2, 4:6, 6:4 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կառոլինա Պլիշկովային: Australian Open-ի չեմպիոնական կոչման համար Նաոմի Օսական պայքարելու է Պետրա Կվիտովայի հետ, որն ավելի վաղ հաղթել է Դանիել Կոլինզին: