Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Փողոցային առեւտրով զբաղվողները երեկ իրենց առեւտուրն իրականացնում էին ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք վաճառում էին խնձոր, ծաղիկներ եւ այլն: Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստ էր, եւ առեւտրականներն այս քայլով փորձում էին գործող իշխանություններին համոզել փոխել իրենց որոշումը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, արդյոք եկամտային հարկի պարտավորությո՞ւն է առաջանում, թե՞ ոչ:
Կարինե Միրզոյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ մասնագիտական ու պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները: Այսինքն` ՀԿ-ի կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` օտարերկրացու մասնակցությամբ զագսավորման գործընթացն ինչ ժամկետում է իրականացվում: Եվ ուզում եմ իմանալ` պետական տուրքի դրույքաչափն ինչքան է կազմում:
Իրինա Հարությունյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով: Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում բացի պետական տուրքից վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով`
մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 150.000 ՀՀ դրամ,
երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 120.000 ՀՀ դրամ,
յոթերորդ աշխատանքային օրը` 50.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք 1000 ՀՀ դրամի չափով: