ՆՈՐ ԹԵԺ ԿԵՏԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արտաքին քաղաքական դաշտում հայտնվել է շատ նուրբ իրողության առաջ. Վենեսուելայում վերջին օրերի քաղաքական զարգացումները աշխարհաքաղաքական հակասությունների նոր թատերաբեմի են վերածվել, ընդ որում` առաջիկա ամիսներին հազիվ թե իրավիճակը կարգավորվի: ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Վրաստանը եւ այլ պետություններ իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի խորհրդարանի նախագահ ընդդիմադիր Խուան Գուաիդոյին, որն իրեն հռչակել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ցույցեր սկսել նախագահի դեմ: Մինչդեռ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Բոլիվիան եւ այլ երկրներ երկրի օրինական ղեկավար են համարում նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը հակասահմանադրական է համարել քաղաքական հակառակորդի գործողությունները:
Հայաստանը եւս կանգնած է այս հարցում դիրքորոշում արտահայտելու հրամայականի առաջ: Միայն թե կողմերից որեւէ մեկին աջակցություն ցուցաբերելը կարող է աշխարհաքաղաքական աստառ ստանալ, ընկալվել որպես քաղաքակրթական, արժեքային ընտրություն, մի հանգամանք, որը ձեռնտու չէ մեզ, եւ հայկական կողմը պետք է փորձի խուսանավել այս կամ այն ճամբարի հետ նույնացվելուց` հանդես գալով հնարավորինս հավասարակշռված դիրքերից: Պատահական չէ, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նշել է, թե ՀՀ-ն շարունակում է հետեւել զարգացումներին` հասկանալու, թե իրադարձությունները որքանով են համապատասխանում այդ երկրի օրենսդրությանը: «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այստեղ առանցքային դեր պետք է ունենա Վենեսուելայի քաղաքացիների եւ ժողովրդի դիրքորոշումը, ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի առաջին հերթին Վենեսուելայի ժողովրդի համար»,- ասել է նա։ Ի դեպ, ավելի վաղ նույն միտքն արտահայտել էր ԱԳՆ-ն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում տեղեկացրել էր, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել, նրան մեղադրանք է առաջադրվել, եւ կալանավորելու որոշում է կայացվել: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հերքել այդ լուրը` ասելով, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց երեկ՝ հունվարի 25-ին, նույն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 եւ 190-րդ հոդվածներով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրան կալանավորելու համար: Ասել է թե` մեր տեղեկությունները հաստատվեցին: Մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, իրավապահ համակարգը տեւական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել. Տեր-Հովակիմյանը բարեկամական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի հետ, եւ այդ պատճառով նրան կալանավորելու հարցում երկար էին մտածում:

 

 

 

Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները, եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է թե` հենց նա է փոխարինելու կուսակցությունը երկար տարիներ ղեկավարած Հրանտ Մարգարյանին։ Սակայն Մարգարյանն իր ազդեցությունը կուսակցության ներսում պահպանելու է՝ հանձին ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանի, որն էլ ընտրվել է ՀՅԴ բյուրոյի նախագահ: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ-ում ներկայացնում է Կանադայի թեւը: Նա ՀՅԴ Սփյուռքի այն ներկայացուցիչներից է, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Տեր-Խաչատրյանը ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամի՝ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է: Մեկ փաստ էլ. ՀՅԴ բյուրոյի 13 անդամներից ՀՀ քաղաքացի են միայն երեքը: Ու պետք է արձանագրենք, որ, այսպիսով, ՀՅԴ-ում թեեւ սերնդափոխություն չեղավ, սակայն եղավ որոշակի փոփոխություն, երբ կուսակցության պարսկալիբանանյան թեւի ներկայացուցիչ համարվող Մարգարյանին փոխարինում է Կանադայի ներկայացուցիչ Տեր-Խաչատրյանը:

 

 

 

Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության` դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ եւ սարսափելի խախտումներ բացահայտել: Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ սովորական քաղաքացիներ: Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել դեղատներին այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն: Ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում. փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում եռակողմ հադիպում է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «հանդիպումն առանձնացել է կարեւորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ»:
Հանդիպման ժամանակ քննարկված հարցերը շատ կարեւոր են, եթե հաշվի առնենք, թե ինչ տարատեսակ խնդիրերի են բախվում ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները:
Բայց այդ հանդիպումն աչքի զարնեց մեկ այլ առումով. երկու երկրների օմբուդսմենների հանդիպմանը ներկա է եղել Տիգրան Սարգսյանը, որ նախկինում ՀՀ վարչապետն էր, այժմ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Նրա ներկայությունը շատ խորհրդանշական էր: Հիշում եք, թե Տիգրան Սարգսյանն իր վարչապետության տարիներին ինչպիսի գործուն աջակցություն է ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու հարցում: Այդ մասին Տիգրան Սարգսյանը նույնիսկ խոստովանել էր իր հայտնի հարցազրույցում. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում: Պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը չի նվազում: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացե՛ք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»: Ճիշտ է, հետո, երբ այս հայտարարությունների հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել, որ կատակել է: Բայց, մյուս կողմից, տնտեսության բնագավառում նրա քայլերը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասները (որոնց հետեւանքները տեսնում ենք առ այսօր), տնտեսական անկումները վկայում են, որ պարոն Սարգսյանը լավ էլ գործուն մասնակցություն է ունեցել իր նախանշած ծրագրի իրականացմանը:
Այնպես որ, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների իրավունքների մասին քննարկումներում Տիգրան Սարգսյանի ներկայությունը՝ որպես կենդանի խորհրդանիշ, իսկապես դիպուկ էր:




Լրահոս