ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՁԱԽՈՐԴ ՌԵԺԻՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ԼՂ խնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ զրուցել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո հայտարարեց, որ պատրաստվում է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Ի՞նչ գործընթաց է սա իրենից ենթադրում:
-Ես սա հասկացել եմ հետեւյալ կերպ. Նիկոլ Փաշինյանը այն ուժի առաջնորդն է, որ ստացել է Հայաստանի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Նա չի ներկայացնում Ղարաբաղի իշխանություններին, չի ներկայացնում նաեւ Ղարաբաղի ժողովրդին: Հետեւաբար բանակցությունների տրամաբանությունը պատկերացնում է հենց այդպես, որ ինքը ներկայացնելու է Հայաստանը, իսկ Ղարաբաղը, որն առանցքային դերակատար է հակամարտության կարգավորման հարցում, խոսի ինքն իր ներկայացուցիչների անունից եւ կողմից: Կարեւոր եմ համարում, որ արվել է համապատասխան քաղաքական հայտարարություն, մեր դիրքորոշումը հայտնի է դարձել բոլոր ներգրավված կողմերին, այդ թվում` հակամարտության կողմերին, միջնորդներին, եւ հետագա առնչությունները պետք է հաշվի առնեն նաեւ Հայաստանի նման դիրքորշումը:
-Ուսումնասիրելով ներկա վիճակը` ըստ Ձեզ` ինչքանո՞վ է ռեալ այդ գործընթացի իրականացումը:
-Ես համարում եմ, որ Ղարաբաղը այս կամ այն փուլում անպայման մասնակցելու է բանակցություններին, որովհետեւ հենց իր ճակատագիրն է որոշվում, եւ այդ առումով դա կլինի շատ տրամաբանական: Ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղը եղել է բանակցությունների կողմ, ու Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ եւ ջանքերով է դուրս մնացել բանակցություններից: Այսինքն` Քոչարյանի քայլը դժվարացրել է այսօրվա վարչապետի նախաձեռնության իրականացումը, բայց ես միանգամայն պատկերացնում եմ, որ բանակցությունների ինչ-որ մի փուլում անպայման առանցքային կողմ հանդիսացող Ղարաբաղը ներկայացված լինի:
-Ի՞նչ ժամանակահատված է պահանջվում դրան հասնելու համար:
-Բանակցությունները չեն էլ սկսվել: Միայն երեք շփում է եղել Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարարի միջեւ, նաեւ ոչ ֆորմալ շփումներ են տեղի ունեցել բարձր մակարդակում: Կարծում եմ, երբ որ բանակցային պրոցեսը մտնի հունի մեջ, այդ ժամանակ պատկերը ավելի պարզ կլինի:
-Հասարակության մոտ բուռն քննարկում առաջացրեց Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Այսպիսի հանդիպումները որքանո՞վ են արդյունավետ:
-Մի քիչ տարակուսում եմ, թե ինչու եք հարցը նման կերպ ձեւակերպում: Հասարակության մեջ այդքան բուռն քննարկում ես չեմ տեսել, որքան որ այն հրահրվել է` լրատվամիջոցների սեփականատեր, հիմնականում նախկին արյունոտ, հանցագործ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող վարձու վերլուծագանգերի կողմից արեստական ինչ-որ քննարկումներ ստեղծելով: Իրականում վարչապետը ինքն ասել է, որ բովանդակային քննարկում հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղի չի ունեցել: Հետեւաբար, այդ Ձեր ասած բուռն քննարկումները ոչ մի բանի մասին են: Ընդամենը արհեստական օրակարգով փորձվում է փոթորկել իրավիճակը, ուրիշ բան ես չեմ տեսնում: Այդ շրջանակների միակ նպատակը հասարակության ուշադրության շեղումն է նախորդների հանցագործություններից, ղարաբաղյան հարցում քոչարյանասերժական խայտառակ ձախողումներից:
-Այդ քննարկումները բուռն դարձան Ստանիսլավ Տարասովի հայտարարությունից հետո: Այս իրավիճակում ինչո՞ւ նման համարձակ հայտարարություն եղավ:
-Ես կխնդրեի Ձեզ, Ստանիսլավ Տարասովի մեկնաբանը ինձ մի՛ դարձրեք: Ես չգիտեմ` ինքն ինչ շարժառիթներով է առաջնորդվում, որքան անկախ է, եւ որքան մասնագիտական են իր վերլուծությունները: Ես կարող եմ ասել, որ այդ նշված ժամկետները լրիվ արհեստական են, եւ վստահ եմ, որ իրականության հետ որեւէ կապ չունեն:
-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ տեղաշարժեր եք նկատում Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում:
-Կարեւոր փոփոխություն եմ նկատել. Փաշինյան-Ալիեւ Դուշանբեի հանդիպումից հետո մենք չունենք հակառակորդի կողմից պատճառած զոհ: Մենք ունենք շատ հանդարտ իրավիճակ շփման գծում: Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները կարողացել են վերահսկել իրավիճակը թե՛ շփման գծում, թե՛ բանակցային գործընթացի շուրջ, իսկ այն հանցավոր ռեժիմի խոսնակներին, որոնք մեղադրանքներ են ներկայացնում, ուզում եմ հիշեցնել, որ հենց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը շփման գծում, եւ բազմաթիվ փոխհրաձգություններ, բազմաթիվ զոհեր մենք ունեցանք հակամարտության գոտում: Հենց դրական այս փոփոխությունը չեն կարող մարսել սեփական քաղաքացիների սպանդը իրականացրած գողապետական նախկին համակարգի վարձու խոսնակները:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ ՄՏԵՐԻՄԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները: Ընտրվել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը՝ ՀՅԴ բյուրոն, որի անդրանիկ նիստին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է թե` հենց նա է փոխարինելու Հրանտ Մարգարյանին։ ՀՅԴ նորընտիր բյուրոյի անդամներն են` Արմեն Ռուստամյան՝ նախագահ, Վիգէն Բաղումեան, Արամ Գալուստեան,Վիգէն Եագուպեան, Յակոբ Խաչերեան, Արսեն Համաբարձումյան, Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճեան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տօնապետեան,Յովսէփ Տէր-Գէորգեան, Մուրադ Փափազյան:

Ուսումնասիրելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասին տեղեկությունները` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նա նախկինում նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ է եղել (Կանադա): Նա եղել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ: Սակայն նկատենք, որ բյուրոյի կազմի փոփոխությունն այդքանով չի սահմանափակվում, եւ, օրինակ, Սպարտակ Սեյրանյանն այս անգամ որպես քաղաքական ներկայացուցիչ չի ընդգրկվել կազմում, այլ նրա փոխարեն Արսեն Համբարձումյանն է:
Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն էր, եւ 2018 թվականի ընտրությունները վերջին քսան տարվա մեջ առաջինն էին, որում ՀՅԴ-ն պարտվեց: Եվ, անշուշտ, վերջին շրջանի զարգացումները բերելու էին նրան, որ ՀՅԴ-ի ներսում պետք է փոփոխություններ արվեին: Հենց այդպես էլ եղավ, սակայն սերնդափոխություն, որպես այդպիսին, կուսակցության վերնախավում չեղավ: Դա, իհարկե, սպասելի էր, քանի որ այս կուսակցությունն, այնուամենայնիվ, դժվար է փոփոխությունների գնում:
Մասնավորապես, Հակոբ Տեր-Խաչատրյանը կարկառուն ՀՅԴ-ականներից է եւ վաղուց է Կանադան ներկայացնում կուսակցությունում: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նա Սփյուռքի այն հատվածի ներկայացուցիչների թվին է պատկանել, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Այսինքն` չնայած սա սերնդափոխություն չէ, սակայն ձեւական փոփոխություն էլ չէ, քանի որ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ «ընդդիմադիր» թեւից է եղել: Նա ակտիվ է եղել նաեւ Հայ Դատում եւ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է: Հրանտ Մարգարյանը ՀՅԴ պարսկալիբանանյան թեւի ներկայացուցիչ էր համարվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՔԱՅԼ
Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանին: Հայրապետյանի խոսքով` հանդիպման ընթացքում նրանք զրուցել են Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախորդ գումարման հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքների մասին: Բանն այն է, որ այժմ Մխիթարյանը Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, իսկ նախկինում այդ պաշտոնում Արմեն Աշոտյանն էր: Իհարկե, հաշվի առնելով իշխանությունների, ՀՀԿ-ի եւ հատկապես Արմեն Աշոտյանի կողմից հնչող քննադատությունները` սա երկկողմանի գնահատականի արժանի քայլ է ե՛ւ հրավիրողի, ե՛ւ այն ընդունողի կողմից: Որպես համեմատություն` նշենք, որ, օրինակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանին չհանդիպեց: Թերեւս սա իր բացատրությունն ունի, որ այս պատվիրակության կազմում հնաբնակ եւ փորձառու պատգամավորներ, այնուամենայնիվ, կան: Մեջբերենք նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեկը, երբ նա ասել էր, որ Արցախի գործընթացի շուրջ զարգացումների առիթով հանդիպել է Էդվարդ Նալբանդյանին, եւ չէր բացառել նախկին նախագահների հետ հանդիպումը, սակայն այն չեղավ:

 

 

ԱՆՑՈՒՄ ՀՆԻՆ
Հայաստանում բանանը վերջին օրերին կտրուկ թանկացել է. այն 400 դրամից դարձել է 700 դրամ: Հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենաշնորհները վերացնելու պահանջ դրեց, բանանը կարճ ժամանակում կտրուկ էժանացավ: Թավշյա հեղափոխությունից հետո տեղական շուկայում ակտիվացան վրացական ընկերությունները, որոնք բանան էին ներկրում: Եվ արդյունքում բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 400 դրամ: Նույնիսկ ՀՀԿ-ականները կառավարությանը քննադատելիս հայտարարում էին, թե նոր իշխանության օրոք միայն բանանն է էժանացել, որ նոր իշխանությունը որպես ձեռքբերում միայն դա է ներկայացնում: Հիմա, փաստորեն, անգամ բանանը էժան չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները կարծիք հայտնեցին, որ թաշվյա հեղափոխությանը հաջորդած գնանկման ժամանակ տուժել են Հայաստանում բանան ներկրող ընկերությունները, քանի որ բարձր գնով բանան են ձեռք բերել, բայց ստիպված են եղել ցածր գնով այն վաճառել` կրելով վնասներ: Ենթադրվում է, որ այժմ բանան ներկրող ընկերությունները, թանկացնելով բանանը, փորձում են լրացնել կրած վնասները: Ամեն դեպքում, հուսանք, որ բանանի շուկայում մենաշնորհները «գլուխ չեն բարձրացրել»:




Լրահոս