ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴՐՎԱԳՆԵՐ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի կայքում քիչ-քիչ տեղադրվում են յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մասին տվյալները: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Ընդգծենք նաեւ, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքի գլխավոր էջում դեռեւս տեղադրված չէ անգամ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի լուսանկարը:

Այնուամենայնիվ, պատգամավորների կենսագրական տվյալները մշտապես հետաքրքրություն են ներկայացրել, եւ նախկին գումարումների ժամանակ եղել են դեպքեր, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձել են այս կամ այն դրվագ թաքցնել, կամ էլ ուսումնասիրելով կարող էիր հետաքրքիր պատկերի ականատես լինել: Նույնն էլ նաեւ այժմ է, եւ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խորհրդարանի կայքում արդեն իսկ տեղադրված պատգամավորների կենսագրական տվյալները. հիմնականում խոսքը իշխանական ուժին ներկայացնող խմբակցության մասին է: Նախ նկատենք, որ «հին» պատգամավորների դեպքում հեշտ է, նրանց տվյալներն արտատպվել են, եւ պարզապես ավելացվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պատգամավոր դառնալու հանգամանքը:
Հետաքրքիր տվյալների հանդիպեցինք, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կենսագրությունն ուսումնասիրելիս: Օրինակ` 2010-2011 թվականներին լինելով «1in.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր կազմի անդամ, մարկետինգի եւ զարգացման պատասխանատու, այնտեղից դուրս գալով` 2011-2013թթ. աշխատել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի «Սաս Գրուպ» ընկերությունում որպես առցանց մարկետինգի պատասխանատու: Իսկ մինչ այդտեղ աշխատելն էլ, օրինակ, 2010-ին մի խումբ համախոհների հետ ստեղծել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը: Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությունում աշխատելը չի խանգարել ընդդիմադիր գործունեությանը: Ընդգծենք, որ Առաքելյանը բարձրակարգ ծրագրավորող է:
Իսկ, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Արագածոտնի մարզից, ավարտել է իրավագիտության ֆակուլտետը: Սակայն հետաքրքիր է, որ նա իր մասնագիտությամբ չի աշխատել, այլ 7 տարի եղել է մարզադպրոցի տնօրեն եւ փաստացի այդ պաշտոնից հրաժարվելով` պատգամավոր դարձել: Ընդ որում, կենսագրության համաձայն` նա, 2008-ին ավարտելով համալսարանը, մինչեւ 2012 թվականը ոչնչով չի զբաղվել:
30-ամյա պատգամավոր Սոս Ավետիսյանը, չնայած երիտասարդ լինելուն, բավականին հարուստ կենսագրական տվյալներ է ներկայացրել` հիմնականում ուսման հետ կապված: Նա եղել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, 2016 թվականից դասավանդել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2016-2017թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Արման Բոշյանն էլ 23 տարեկանում ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, 27-ում էլ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Իսկ 33-ամյա պատգամավորն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայփոստ»-ում` որպես փոստուղեկցորդ: Մշտապես նշվել է, որ այս խորհրդարանը տարբերվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների առատությամբ, սակայն լրագրողներ կան ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության կազմում, այլ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում` ի դեմս Անի Սամսոնյանի եւ Սրբուհի Գրիգորյանի: Վերջինս մի շարք տեղերում մարզային թղթակից է աշխատել:
Իշխող ուժի պատգամավոր Սեդրակ Թեւոնյանն էլ իր կենսագրության մեջ 2011 թվականից բացի այլ տվյալներ չի ներկայացրել: Մասնավորապես, նա գրել է, որ 2011 թվականին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը եւ այդ թվականից զբաղվել է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության եւ այգեգործության ոլորտում: ԲՀԿ-ից երիտասարդ պատգամավոր Շաքե Իսայանն էլ իր աշխատանքային գործունեությունն անցկացրել է միայն ԲՀԿ-ի հետ կապվող ընկերություններում` «Մուլտի Գրուպ» կոնցեռնում եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամում:
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, զինվորական է եւ եղել է նաեւ ՆԶՊ ուսուցիչ: Իր գործունեությունը սկսել է որպես դասակի, ապա վաշտի հրամանատար, դրանից հետո էլ` գումարտակի շտաբի պետ, մայոր: Ի դեպ, նա ԶՈՒ-ում աշխատել է մինչեւ 2009թ.: Ըստ մեր տեղեկությունների` 2008թ. մարտի 1-ին նա փորձել է խափանել Երեւան զինվորական տեխնիկա բերելու հրամանի կատարումը, եւ նրան աշխատանքից ազատել են հենց քաղաքական հայացքների համար:
ԲՀԿ-ից պատգամավոր դարձած Դավիթ Մանուկյանի կենսագրությունում էլ բացակայում են տվյալներ նրա աշխատանքային գործունեության մասին: Ըստ կենսագրության` նա 2007թ. ավարտել է ուսումը եւ մինչեւ 2017թ. ոչնչով չի զբաղվել, ապա այդ թվականին պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» խմբակցությունից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի մոտ եւս բացակայում են աշխատանքային գործունեության մասին տվյալները: Ըստ կենսագրության` նա բուհն ավարտելուց հետո հինգ տարի ոչնչով չի զբաղվել, ապա 2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ, հետո էլ դարձել է արտաքին գործերի փոխնախարար:
Սրանք հետաքրքիր տվյալներ էին արդեն իրենց կենսագրական տվյալները ներկայացրած պատգամավորների մասին: Շարքը շարունակական կլինի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԿՏԻՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ
Այս գումարման խորհրդարանի պատգամավորները եւս նախկին գործընկերների նման ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին: Մինչեւ հաջորդ նիստը բավական ժամանակ կա, եւ պատգամավորներից շատերը նպատակադրվել են վերանորոգումն ավարտել այդ ընթացքում: Ընդգծենք, որ վերանորոգումներն արվում են հենց պատգամավորների հաշվին, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի համաձայնությունը ստանալու պարագայում միայն: «Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ երեկվա դրությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների աշխատասենյակներում: Խոսքն այն պատգամավորների մասին է, որոնց աշխատասենյակները նախկինում նոր մասնաշենքում էին գտնվում, սակայն այժմ տեղափոխվել են հին մասնաշենքի մի հատված, իսկ այստեղ սենյակներն այնքան էլ կապիտալ վերանորոգված չեն: Այդպես վերանորոգումներ են իրականացնում Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը: Առաջիկայում հնարավոր են վերանորոգումներ նաեւ իշխող խմբակցության պատգամավորների սենյակներում:

 

 

ՓԱՍՏ ՈՒՆԵՔ՝ ԴԻՄԵՔ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսելիս ՀՀԿ փոխանագահ Արմեն Աշոտյանն ասել էր, թե ՀՀԿ-ին չեն թողել` անցնի խորհրդարան: Հարցին` այդ դեպքում ինչու չեն բողոքարկել ընտրության արդյունքները, նա ասել էր, թե չեն ցանկացել ցեխ շպրտել ՀՀ-ի ժողովրդավարական իմիջի վրա: Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ականի խոսքերին, հորդորեց դիմել իրավապահ մարմիններին: «Այս իշխանությունը այնքանով է ապահովագրված, որ պարոն Աշոտյանը եթե հիմնավոր կասկածներ ունի, կարող է հենց հիմա դիմել իրավապահ մարմիններին: Ու եթե նմանատիպ մեխանմիզներ կամ մարդիկ են եղել, այդ մարդիկ հիմա` մեր իշխանության օրոք, վստահեցնում եմ, որ կկրեն իրենց պատիժը: Իսկապես այդպես կլինի, եթե կան նման մարդիկ, եւ եթե պարոն Աշոտյանն ունի էդպիսի տեղեկատվություն: Բայց ես դա, բնականաբար, բացառում եմ, որովհետեւ չէր կարող նման բան լիներ: Եթե անգամ նման բան եղած էլ լիներ, ես վստահեցնում եմ, որ վաղուց բացահայտված կլիներ ամեն ինչ: Այսինքն` պարոն Աշոտյանը, ՀՀԿ-ն եթե մի դեպք իրենք իմացած լինեին ընտրախախտումի, ընտրակեղծիքի, վստահեցնում եմ` նրանք չէին լռի»: Հ. Հակոբյանը նաեւ հիշեցրեց. «Երբ մենք ընդդիմություն էինք, մեր յուրաքանչյուր խախտման մասին բարձրաձայնում էինք, որովհետեւ դա ի շահ մեր պետության էր, ոչ թե ի շահ ընդդիմության էր: Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս պարոն Աշոտյանին դիմել իրավապահ մարմիններին»,-ասաց նա:

 

 

ՉԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԻ
Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը: Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ լրագրողներն ու քաղաքացիները ուզում են իմանալ մեր շփման բոլոր դետալների մասին, սակայն ես գտնում եմ, որ դա էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի, երբ ես դուրս գամ ու պատմեմ ամբողջ խոսակցությունը: Ընդհանուր առմամբ, դուք գիտեք մեր խոսակցության բնույթի մասին»: Վարչապետը հավաստիացրեց, որ այդ հանդիպումը ոչ մի արդյունք չի արձանագրել, քանզի ո՛չ ինքը, ո՛չ էլ Ալիեւը նման արդյունքի չեն էլ սպասել: Շփումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, որտեղ, սակայն, շոշափվել են կոնֆլիկտին վերաբերող այն բոլոր նրբությունները, որոնք իր հրապարակային հայտարարությունների մեջ բազմիցս մատնանշել է վարչապետը, այդ թվում` նաեւ այն, որ ինքը ներկայացնում է եւ կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը եւ չի կարող խոսել Արցախի դիրքերից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին եւ նրանք Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել որպես իրենց վարչապետ:

 

 

ՄԵՐԿԵԼԸ ԿԸՆԴՈՒՆԻ
Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի` ի պատիվ հյուրի տրվելիք ճաշի ընթացքում տեղի կունենան երկու ղեկավարների բանակցությունները, դրանից հետո նախատեսվում է մամլո ասուլիս:

 

 

ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ԱԺ եւ խորհրդարանի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ հետայսու չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է. «ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ: Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»: Աշխատակազմի եւ հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ:

 

 

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ
Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը եւ տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին: Նրանք անդրադարձել են նաեւ հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների:

 

 

ԵԽԽՎ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Նշանակվել եմ ԵԽԽՎ երկու կարեւոր հանձնաժողովների անդամ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության եւ Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ: ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը` որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը` նաեւ որպես Մոնիթորինգի հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունս կրկին ներկայացվել էր ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի քաղաքական խմբի կողմից»:




Լրահոս