ՖՈՏՈ. Բրազիլական կառնավալում փառաբանվել է հայ- բրազիլական բարեկամությունն ու հայ ժողովուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցը Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում մարտի 3-ին տեղի ունեցած կառնավալին ելույթ է ունեցել «Կեցցե Հայաստան» ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից՝ դրախտ, հայ հերոսներ, քրիստոնեություն, Հայաստանի մշակույթ եւ հրապարակ:

Ներկայացման սցենարի հեղինակ Անդրե Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմության կարևորագույն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով և գունագեղ հայկական տարազներով, եռագույնով և զինանշանով, ներկայացրել է հինավուրց հայ մշակույթը և վերածնված Հայաստանը:

Անիվների վրա շարժվող տաղավարներով շոուին հայկական մշակույթը ներկայացվել է տարբեր կողմերից` Հայաստանում քրիստոնեության ընդունում, Կոմիտասի կռունկ, հայկական տառեր և այլն: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր «Կեցցե Հայաստան»: Դրանով փառաբանում էր հայ-բրազիլական բարեկամությունն ու հայ ժողովուրդը:

Բրազիլիայի խոշորագույն լրատվամիջոցներից «Globo» ընկերության լրագրողները մանրամասն մեկնաբանում էին բեմականացումը` հատուկ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության պատմությանը և Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստվար զանգված հաստատվել է Սան Պաուլոյում և մեծ ներդրում է բերում երկրի բարգավաճմանը:

Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացումն ունեցել է կարևորագույն քաղաքական, մշակութային, կրթական և քարոզչական նշանակություն:

«Ոսկե վարդեր» սամբայի դպրոցը հիմնվել է 1971 թվականին:




Լրահոս