«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փետրվարի 7-ին ԲԴԽ-ն որոշում կկայացնի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության կանչելու մասին: Ավելին, դատական համակարգում տեղեկություններ կան, որ շատ դատավորներ, հաշվի առնելով, որ թոշակի են անցնում, մատների արանքով են նայում իրենց վարույթում գտնվող գործերին:
Դեռեւս 2018 թվականի դետեմբերին գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր ցանկացել գաղտնազերծել, թե ովքեր են այն դատավորները, որոնց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ դատավորներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն է, մյուսը՝ Արայիկ Մելքումյանը: Իսկ թե ինչի համար են նրանք հայտնվել կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, մեր աղբյուրները չէին մանրամասնել:
Ի դեպ, գրել էինք, որ երկու դատավորներն էլ ժամանակին ակտիվ դերակատարություն են ունեցել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով անարդարացի դատավճիռներ կայացնելու հարցում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին դատավորներին կարգապահական պատասխանատվության կանչելու գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, 2019 թվականի հունվարի 24-ին` Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում, Խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան, հանդես գալով որպես դատարան, քննել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները` Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին եւ Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Նիստի ժամանակ ԲԴԽ-ն նաեւ քննել է դատավոր Արայիկ Մելքումյանին պատասխանատվության կանչելու հարցը, սակայն որոշում է կայացվել մերժել միջնորդությունը:
Հերթը հասել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին եւ Արա Կուբանյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Ափինյանին պատասխանատվության կանչելու հարցը կապված է եղել նրա վարույթում գտնվող գործերի հետ: Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` դատավոր Ափինյանը իր վարույթում քննվող գործերով երկու բացթողում է թույլ տվել: Դրանք վերաբերել են հայցի ապահովմանը եւ հակընդդեմ հայցին: Ու հիմա դատավորը հայտնվել է կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Իսկ թե ինչ խնդիր է առաջացրել դատավոր Արա Կուբանյանը, մեզ պարզել չհաջողվեց: Ինչեւէ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 7-ին: Սակայն մեզ հասած տեղեկություններով` դատավոր Ռուբեն Ափինյանը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի կարգապահական պատասխանատվության, իսկ, ահա, Արա Կուբանյանը պատասխանատվության չի կանչվի, քանի որ, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն, վերջինս վայելում է ԲԴԽ ղեկավարության հովանավորությունը:
Ի դեպ, ըստ դատական համակարգում տարածաված լուրերի` թոշակի անցնող դատավորների շրջանում վատ ավանդույթ է ձեւավորվել. նրանք թոշակի անցնելուց առաջ մատների արանքով են նայում իրենց վարույթում քննվող գործերին: Ուստի չի բացառվում, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորներից մեկը եւս մատների արանքով է նայել իր վարույթում քննվող գործերին եւ այսօր հայտնվել է կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Ռուբեն Ափինյանից փորձեց մեկնաբանություններ ստանալ, սակայն Ափինյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: «Ես չեմ ցանկանում այդ թեմայով խոսել»,- ասաց նա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴԴԵՄ «ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼԻ»
2017 թ. ապրիլի 2-ին` Ազգային ժողովի ընտրությունների օրն արձանագրված խախտումների վերաբերյալ հայցերը դատարան շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականից Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ի` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ: 2019 թ. հունվարի 24-ին վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ների: Պարզվում է՝ ընտրությունների օրը Հասմիկ Հարությունյանը դիտորդական խմբի հետ գնացել է «ԿԳԲ-ի պադվալ» եւ ցանկացել ուսումնասիրել ընտրությունների ընթացքը, սակայն նրան թույլ չեն տվել` նշելով, որ նա չի հավատարմագրվել: Այս իրավիճակը հաշվի առնելով` Հասմիկ Հարությունյանը խնդրել է, որ թույլ տան իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, սակայն նրան բացատրել են` ընտրությունների օրով ի՞նչ վերահսկողություն իրականացնելու մասին է խոսքը, եւ այսպես նրան թույլ չեն տվել մտնել ինչպես «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, այնպես էլ «Նուբարաշեն» ՔԿՀ: Հասմիկ Հարությունյանին այլ ելք չի մնացել, քան դիմել ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի: Ի դեպ, տեղեկացանք, որ մինչ այդ դիտորդական խումբը դիմել էր իրավապահներին` քրեական գործ հարուցեն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ` Ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների եւ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված ավելի քան 394.8 մլն դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ: Ծառայողական քննությունների ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 144.7 մլն դրամը: Նկատի ունենալով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց արարքներում առերեւույթ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ, այդ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով յուրացումների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, եւ կատարվում է նախաքննություն, որի շրջանակում նշանակված լրացուցիչ ստուգումներով ճշտվում է պետությանը պատճառված վնասի իրական չափը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԴԻՄԻ ՄԻԵԴ
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ` թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաեւ Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված հարցերը: «Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը կլասիկ երեւում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,- ասել է պաշտպանը:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից: Ըստ Ս. Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի` Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը եւ թույլատրել Գերմանիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման համար անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի` հունվարի 2-ի միջնորդությունը եւ պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն: ՀՔԾ-ն վերադարձրել էր անձնագիրը, սակայն, օրենքի համաձայն, մեղադրյալ Մայրապետյանը չէր կարող հեռանալ Հայաստանից առանց ՀՔԾ թույլտվության, քանի որ գործարարի նկատմամբ գրավ է կիրառված:
ՉԻ ՍՏԱՑԵԼ
ՀՀ նախագահի աշխատակազմն իր դիրքորոշումն է ներկայացրել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի վերաբերյալ: ՀՀ նախագահի աշխատակազմի «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Մինչ այս պահը հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որեւէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաեւ Ելենա Աղաջանովին նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում»:
ՀՐԱԺԱՐՎԱԾՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պարգեւավճար ստանալուց: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` տարեվերջին տրված պարգեւավճարներից հրաժարվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը նույնպես հրաժարվել է տոնական պարգեւավճարից: Հիշեցնենք, որ վերջին օրերին քննարկվում է պետական պաշտոնյաների ստացած բարձր պարգեւավճարները: Նշենք, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը թեեւ ստացել է պարգեւավճար, սակայն այդ գումարով բարեգործություն է արել: Պարգեւավճարից հրաժարվել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Մարզպետի տեղակալաները նույնպես չեն ստացել պարգեւավճարներ:
ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել: ՀՀ արդարադատության նախարարի մամուլի ծառայությունը նշել է. «ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա, վարույթ է հարուցվել Երեւանի քաղաքապետի կողմից պարգեւատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ ԱՆ-ն հավելյալ հայտարարություն կտարածի»,-գրել է նա: