«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
-Տիկի՛ն Սեդրակյան, կարծես թե քաղաքական բոլոր նախապայմանները կան մասշտաբային մտքեր գեներացնելու, ծրագրեր իրականացնելու համար: Այս առումով նկատելի՞ են իշխանության ջանքերը, արդյոք իշխանությունն ունի՞ հասարակության կողմից ընկալելի քաղաքական օրակարգ:
-Դե, հասարակության կողմից ընկալելի քաղաքական օրակարգը այն էր, որ հները պիտի գնան, քանի որ նրանք գող են ու ավազակ, եւ էդ օրակարգը իներցիայով շարունակում է աշխատել: Զուգահեռ այդ իներցիոն հոսանքի ձեւավորվում է, այսպես կոչված, Հայաստանի սակավաթիվ պրագմատիկների հոսանքը, որը պահանջում է նոր որոշակի սխեմա: Եթե պետության կառուցումն է կատարվում, ապա բոլոր հատվածները պետք է սինխրոն աշխատեն, բայց ահա այդ սինխրոնիզացիան առկա չէ: Տեսե՛ք, եթե նույնիսկ լավ քայլերը կատարվում են, դա կատարվում է կոնտեքստից դուրս: Երբ այդ սխեման մենք ենթադրաբար անվանում ենք, հանդես է գալիս պարգեւատրումների տխրահռչակ թեզը, որ ոչ մի կերպ չի կարելի համարել պետական միջոցների խնայողություն: Այդ չսինխրոնիզացված շարժումը պետական ապարատի համար կործանարար է: Երբ իշխանությունից պահանջում են ու ստանում են ճառեր, այստեղ արդեն խզում է առաջանում:
-Իշխանությանը կառուցողական դաշտ մղելու առումով արտախորհրդարանական ընդդիմություն կոչվածն առավելապես պարզունակ դիմադրություն է ընկալվում: Նշմարվո՞ւմ են իշխանության վրա ներգործելու իրական լծակներ:
-Արտախորհրդարանական ընդդիմությունը բաժանվում է երեք խմբի. առաջինը նախկին իշխանություններն են, երկրորդը էքսպերտներն են եւ կան տոտալ նիհիլիստներ, որոնք քիչ թիվ են կազմում: Հակահեղափոխական էքս դիկտատորի դրոշի տակ չեն գնա էքսպերտները եւ նիհիլիստները եւ հակառակը: Կամա թե ակամա, ներկայիս իշխանությունները հայտնվում են միանձնյա ավտորիտար իշխանություն տնօրինողի դիրքում: Մենք ունենք արեւմտյան գաղափարների տակ միավորված բացարձակ ռուսական լոյալ խորհրդարան, մենք դարձյալ չունենք արեւմտական քաղաքակրթական թեման առաջ քաշող խորհրդարան, ունենք սերժամերժ, բայց ոչ պուտինամերժ խորհրդարան:
-Բայց չէ՞ որ խորհրդարան են եկել տարբեր արեւմտյան կազմակերպություններից եւ, կարծես թե, արեւմտյան արժեքներ դավանող քաղաքացիական ակտիվիստներ:
-Թո՛ւյլ տվեք վստահաբար ասել, որ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների դոնորային գումարների վրա նստածների ուղիղ հիսուն տոկոսը ռուսական ազդեցության գործիչներ են: Մարդիկ հանդես էին գալիս ռուսական ռազմաբազայի դեմ, գազի պայմանագրի դեմ զուտ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ն էր: Ես թերթեր գիտեմ, որոնք ստանում են արեւմտյան գրանտներ, բայց ոգեւորված գրում են, որ Ասադը Դեր Զորում հայկական եկեղեցի պիտի վերակառուցի: Բոլորի կողմից դեմոնիզացված եւ միայն Պուտինի կողմից ընդունված Ասադը դառնում է Հայաստանի` գրանտ ստացող մամուլի հրճվանքի առարկան: Այդ բոլոր մարդիկ, որոնք Արեւմուտքում կրթություն են ստացել կամ Արեւմուտքից դրամաշնորհներ են ստացել, բնավ չի նշանակում, որ կրում են արեւմտյան արժեքային համակարգը, ունեն այն պաշտպանելու ցանկություն:
-Վերջերս շրջանառվում է հակամարտության կողմերի ժողովրդին «խաղաղության նախապատրաստելու» թեզը: Տարածաշրջանային տարբեր շահերի բախման համատեքստում ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը:
-Մենք` որպես հաղթող կողմ, որեւէ թեմա չունենք, մեզ պետք չէ նախապատրաստել խաղաղության, մեզ կարող են նախապատրաստել միայն պոտենցիալ պարտության` այն հրամցնելով իբրեւ խաղաղություն: Ադրբեջանը դիկտատուրա է, եւ երբ բախվում են դեմոկրատիան եւ դիկտատուրան, դեմոկրատիան պետք է շատ կայացած լինի, որպեսզի հաղթի դիկտատուրային, իսկ մենք այդպիսին չենք ներկա դրությամբ:
-Հայաստանի կապիտալի ստվար զանգվածի օրինականությունը հասարակությունը չի ընդունում: Այդ ոչ լեգիտիմ կապիտալը իր պաշտպանությունն է որոնում այլ երկրներում: Սա ոչ միայն տնտեսության զարգացման, այլեւ անվտանգային խնդիրներ է առաջացնում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տեսե՛ք, Ուկրաինայի գազատարի մեջ մեծ փայաբաժին ունեին ռուսները: Ուկրաինան հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել, սա արդեն մե՛ր գազատարն է: Եթե դու անում ես հեղափոխություն, բայց գազատարդ ում պատկանել է, այնպես էլ պատկանում է, բաշխիչ ցանցերը, ատոմակայանը.. գտնվում են ոչ թե ստրատեգիական դաշնակցի, այլ լատենտ թշնամու կամ խառնակչի ձեռքում, դու արդեն հնարավորություն չունես իրացնել քո լավագույն ցանկությունները: Ես հասկանում եմ, որ կապիտալը ներսում աշխատացնելու միտումով է, որ նույն օլիգարխները հանկարծակի դարձան ազնիվ սեփականատերեր: Որպեսզի այդ կապիտալն աշխատի հանուն Հայաստանի բարօրության, դա չպիտի լինի առեւտուրի կապիտալ, դա պիտի լինի գաղափարների, նոր արտադրությունների, հայտնագործությունների կապիտալ, որ համաշխարհային մակարդակով կարողանա աշխատել ու փող բերել: Թռիչք անելու համար պետք է ուրիշ տիպի կապիտալ, որի զարգացման ուղենիշները ես, ցավոք, չեմ տեսնում:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ` ԲՆԱԿԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ըստ պաշտոնական տվյալների` 88-ի Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրիում քանդվել կամ բնակության համար ոչ պիտանի է դարձել 20 հազար 612 բնակարան, 3500-ից ավելի բնակարան ձեռք են բերել 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարայնություն:
21 հազար 180 ընտանիք աղետից հետո բնակարանատեր է դարձել, նրանցից 16 հազարի համար կառուցվել են նոր բնակարաններ քաղաքաշինական տարբեր ծրագրերով` ե՛ւ բարեգործական ներդումների, ե՛ւ պետական միջոցների հաշվին, եւս 5000-ից ավելի ընտանիք բնակարանների գնման վկայականների միջոցով է ձեռք բերել բնակարան:
2008 թվականին անօթեւանների թիվը կազմել է 4274 ընտանիք: Նրանցից 2800-ը բնակարաններ են ստացել Գյումրու Մուշ եւ Անի թաղամասերում, եւս 400 ընտանիք բնակարանի գնման վկայագրերով են փոխհատուցվել, իսկ շուրջ 1000 ընտանիք մնացել է օդում, նրանք դուրս են մնացել հերթացուցակներից:
Գյումրիում 2000-ից ավելի ընտանիք դեռ տնակներում է: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակբաշխման գործընթացքում մի շարք թերացումներ ու խախտումներ են եղել: Պարզվել է, որ փլված մեկ հասցեի դիմաց մի քանի բնակարան է փոխհատուցվել, կամ նույն մարդը բնակարանային փոխհատուցում է ստացել տարբեր տարիների. «Խոսակցություններ կային, որ մարդը մի քանի անգամ է բնակարան ստացել: Այդ ասեկոսեները ինձ մոտ լուրջ հարցեր առաջացրին. միգուցե դա միֆ էր, որ ամբողջ ժողովրդի մոտ էր տարածվել, ու դրա մեջ ճշմարտություն չկա: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պետության կողմից տրամադրված բազայի մեջ երեք տարբեր բնակարանների դիմաց նրանց անուն-ազգանուններն են գրված: Եթե այդ մարդը բնակարան չի ստացել, ո՞ւմ է տրամադրվել երկու բնակարանը, որի դիմաց գրված է իր անուն-ազգանունը: Արդյոք դա այն ժամանակների պետական մարմինների կողմից թվի ուռճացման գործընթաց չի՞ եղել: Ցուցակների մեջ ներառել են նրա անունը մեկից ավելի անգամ, հետեւաբար այդտեղ կա բնակարանային քանակի պակաս, իսկ թե ուր են գնացել բնակարնների համար նախատեսված գումարները, թող պարզեն իրավապահ մարմինները»,- ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գյումրիում կան տնակներ, որոնց քանդման համար տարիներ առաջ քանդման ակտեր են կազմվել: Ստացվում է` որոշում է կայացվել ու ստորագրվել տնակը քանդել, բայց տնակն առ այսօր դեռ կա. «Եղել է հանձնաժողով, ով ստորագրել է այդ քանդման ակտի տակ: Այդ հանձնաժողովի անդամները պետք է պատասխանատվություն կրեն ու բացատրեն, թե ինչ է կատարվել: Այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան»,-ավելացրեց Խաչատրյանը:
Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, Քաղաքաշինության նախարարություն. սրանք այն կառույցներն են, որոնք ընդգրկված են եղել բնակարանների բաշխման գործընթացում: Բոլոր փաստերն արդեն իրավապահների ձեռքի տակ են: Կատարվում է բազմակողմանի ուսումնասիրություն՝ պարզելու` ով է մեղավոր ու ինչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում բնակբաշման գործընթացները: Իսկ միակ փաստն այն է, որ 30 տարի անց իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում Գյումրիում 100-ավոր ընտանիքներ դեռ տնակներում են: Իսկ թե ինչու, պատասխանը կտան արդեն իրավապահ մարմինները:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ
Հունվարի 25-ին Իջեւանի երաժշտական դպրոցի դահլիճում նախատեսված է Տավուշի մարզկենտրոնի աղբահանության եւ սանիտարական մաքրության վերաբերյալ մեծ քննարկում, որը նախաձեռնել է Իջեւանի քաղաքապետարանը: Քննարկման նպատակն է քաղաքում իրականացվող աղբահանության, սանիտարական մաքրության ծառայությունների որակի բարելավումը: Խորհրդակցությանը կմասնակցեն Իջեւանի քաղաքապետարանի, քաղաքապետարանին ենթակա, աղբահանություն կատարող կոմունալ ծառայության աշխատողներ, Տավուշի փոխմարզպետներից մեկը, որը մարզպետարանում համակարգում է մարզում կատարվող աղբահանության աշխատանքները, ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Իջեւանի բնակիչներ: Իջեւանում աղբահանության վիճակը մնում է վատ: Բնակիչներն այդ առթիվ դժգոհում են քաղաքապետարանից, քաղաքապետարանն էլ դժգոհ է Իջեւանի բնակիչներից, որոնք աղբը թափում են չթույլատրված վայրում: Քաղաքացիները դժգոհ են աղբահանության աշխատանքների կազմակերպումից եւ այդ առթիվ սոցիալական ցանցերում տարբեր գրառումներ են կատարում:
Առանձին խնդիր է Աղստեւի աղտոտումը: Աշնանային անձրեւներից, գետի վարարումից կարճ ժամանակ մաքուր մնալուց հետո գետը նորից աղտոտվել է: Աղստեւի ափերին կառուցված խանութների, սննդի օբյեկտների աշխատողները սննդի մնացորդներ, կենցաղային տարատեսակ աղբ, ցելոֆաններ, ծխախոտի տուփեր, տարատեսակ տարաներ եւ այլ աղտեղություն են նետում գետ` մտածելով, որ հոսանքն այն կտանի: Այդ աղբը կուտակվում է գետի մեջ եւ դրա ափերին: Իջեւանի բնակիչներից ոմանք քաղաքապետարանին մեղադրում են անգործության մեջ, որ Աղստեւի ափին գտնվող, գետն աղտոտող խանութների ու այլ օբյեկտների տերերին ու գետի մեջ տարատեսակ աղբ նետող քաղաքացիներին վարչական իրավախախտման համար չի տուգանում, Իջեւանի գեղեցկուհի համարվող գետն ապականողները, անպատիժ մնալով, շարունակում են իրենց վատ գործը:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 35 ՄԼՆ ԴՐԱՄ
2018թ. դեկտեմբերի 21-ին, 25-ին եւ 28-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ընդունել է 3 որոշում, ըստ որոնց` ֆինանսական աջակցության համար դիմած քաղաքացիներին դրամական օգնություն է ցուցաբերվել: Դեկտեմբերի 21-ի որոշմամբ` պետական բյուջեից Տավուշի մարզի 138 քաղաքացիների ընդհանուր առմամբ միանվագ հատկացվել է 5 միլիոն 590 հազար, դեկտեմբերի 25-ի որոշմամբ` 65 քաղաքացիների՝ 11 միլիոն 210 հազար, դեկտեմբերի 28-ի որոշմամբ` 149 քաղաքացիների՝ 10 միլիոն 725 հազար դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում` դեկտեմբերի 21-28-ը, մարզի սոցիալապես անապահով 352 քաղաքացիների հատկացվել է 37 միլիոն 525 հազար դրամ: Տարեվերջին մարզպետարանի բյուջեում գումարներ են եղել, որոնք տրվել են օգնության համար դիմած կարիքավորներին: Նախկինում նշել ենք, որ մարզպետի որոշմամբ բյուջեից պարգեւատրումներ են ստացել Տավուշի մարզպետարանի 104 աշխատող` 22 միլիոն 697 հազար 358 դրամի չափով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ