ՀՀ հաշվեքննիչ պալատը սկսել է հրապարակել նախորդ տարվա ընթացքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պալատն անցած տարվա հուլիսի 6-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացը: Նշենք, որ դեղատնային գործունեության լիցենզիաները տրամադրվում են Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականին կասեցվել են 4 կազմակերպությունների լիցենզիաներ, որոնցից 3-ը` իրենց դիմումների համաձայն, 1-ը` վարչական վարույթի արդյունքում: Իսկ անցած տարի կասեցվել են 4 կազմակերպությունների լիցենզիաներ` կրկին իրենց դիմումների համաձայն:
Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով լիցենզավորման գործերը, պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Ասել է թե` այդ 159 լիցենզառուները դեղատնային գործունեություն չեն իրականացրել: Սակայն ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգի համադրումից պարզվել է, որ այդ ընկերությունները աշխատում են եւ իրականացնում դեղատնային գործունեություն: Ըստ հաշվեքննիչ պալատի` դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն:
Պարզվում է՝ ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում. փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ:
Դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 29.02.2002թ. թիվ 867-Ն որոշմամբ հաստատված Լիցենզավորման կարգի 5-րդ կետով սահմանվել է, որ «Դեղատնային գործունեության իրականացման դեպքում աշխատանքն իրականացնող համապատասխան մասնագետների գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:
Սակայն հաշվեքննիչ պալատը պարզել է, որ Առողջապահության նախարարությունը 15.01.2013-01.11.2018թթ. ընթացքում լիցենզավորման գործընթացներն իրականացրել է` անտեսելով եւ չկատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ կետի (որակավորման պահանջի մասով), 13 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի պահանջները: Ավելին` նշված ժամանակաշրջանում Առողջապահության նախարարության կողմից չի կատարվել նաեւ ՀՀ կառավարության 29.02.2002 թիվ 867-Ն որոշմամբ հաստատված Լիցենզավորման կարգի 5-րդ կետի պահանջը: Ասել է թե` Առողջապահության նախարարությունը 01.01.2017-01.11.2018թթ. ժամանակահատվածում դեղատնային գործունեության տեսակի լիցենզավորման գործընթացներն իրականացրել է ՀՀ օրենսդրության պահանջներին ոչ համապատասխան, որի հետեւանքով չի իրականացրել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգումները:
Հաշվեքննությամբ պարզվել են նաեւ դեպքեր, երբ փաստաթղթերով որպես վարձու աշխատակից ներկայացրած անձինք միաժամանակ աշխատել են տարբեր կազմակերպություններում համապատասխան աշխատավարձերով եւ միեւնույն ժամային գրաֆիկներով: Սակայն ըստ ՊԵԿ տեղեկատվական համակարգի` տվյալ անձինք այդ աշխատանքային պայմանագրերով ընդհանրապես չեն աշխատել, աշխատել են բոլորովին այլ կազմակերպություններում: Անգամ եղել են դեպքեր, երբ միեւնույն անձանց վերաբերող աշխատանքային պայմանագրերում ստորագրություններն էապես տարբերվում են միմյանցից, իսկ նշված հեռախոսահամարները գոյություն չունեն:
Նաեւ պարզվել են դեպքեր, երբ որոշ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցներ կնքել են աշխատանքային պայմանագրեր անձանց հետ, սակայն ներկայացրել են այլ անձանց դիպլոմների տվյալներ: Եւ զարմանալի չէ, քանի որ հայաստանյան դեղատներում հաճախ աշխատում են ոչ մասնագետներ: Իսկ դա լուրջ խնդիր է, որովհետեւ մեր հասարակությունը սովոր է ինքնաբուժման, խորհրդատվություն է անցնում դեղատան ոչ մասնագետ աշխատողի մոտ:
Բացի այս, հաշվեքննիչ պալատը պարզել է դեպքեր, երբ որակավորում ունեցող անձը դուրս է եկել աշխատանքից, իսկ անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպության ղեկավարը այդ մասին չի տեղեկացրել լիցենզավորող մարմնին: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել այն դեպքում, եթե նման փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չեն հայտնում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՈՐՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ` ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Աշխարհի ամենաչքնաղ քաղաքներից մեկը Ավստրալիայի Մելբուրն քաղաքն է: Մելբուրնը համարվում է պետության երկրորդ մեծագույն քաղաքը, քաղաք, որը ճանաչվել է նաեւ բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ վայրը:
Հունվարի 27-ին հենց Ավստրալիայի Մելբուրն քաղաքում կկայանա թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչը. «Մելբուրնի Կոլիզեյում» կմրցեն կորտի արքաները` Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:
Ասում են` այս դիմակայությունը նման է գլադիատորական մենամարտի` հաղթողին` կյանք, պարտվողին` մահ: Այս դեպքում հաղթողը կտիրանա գավաթին եւ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետը, իսկ պարտվողի` գավաթը կորցնելու ցավին կգումարվի ոխերիմ թշնամուն պարտվելու վիշտը: Չէ՞ որ Ռաֆային եւ Նովակին չի կարելի անել մեկ բան` պարտվել միմյանց:
Առաջնության մեկնարկից առաջ բոլորը երազում էին այս եզրափակչի մասին, բոլորը ցանկանում էին տեսնել հերթական դաժան եւ դրամատիկ պայքարը երկու լավագույնների միջեւ: Նովակն ու Ռաֆան չհիասթափեցրին, նրանք եզրափակչում են եւ պատրաստ են տարվա առաջին տիտղոսի համար մղվող պայքարին:
Նադալն ու Ջոկովիչը մինչ եզրափակիչ շատ ջանքեր չգործադրեցին, առանց մեծ դժվարությունների դուրս եկան եզրափակիչ` բոլոր ուժերը կարծես պահած հենց այսպիսի եզրափակչի համար:
Այս պահին աշխարհի առաջին ռակետի վաստակը պատկանում է Նովակ Ջոկովիչին, իսկ երկրորդ տեղում հենց Ռաֆան է, որն ամեն ինչ կանի կրկին աշխարհում առաջինը լինելու համար:
Ռաֆայել Նադալ-Նովակ Ջոկովիչ դիմակայությունը Մեծ թենիսում պատմության լավագույնների շարքին է դասվում, իսկ վերջին տարիներին միանշանակ համարվում է լավագույնը:
Փաստեր եւ վիճակագրություն.
Իսպանացին եւ սերբը միմյանց հանդիպել են 52 անգամ, որոնցից 27-ում հաղթել է Նովակը, իսկ 25-ում` Ռաֆան: Առաջին խաղը միմյանց միջեւ կայացել է 2006-ին Ռոլան Գարոսի 1/4 եզրափակչում, որտեղ հաղթել է Նադալը: Առաջին եզրափակիչը կայացել է 2007-ին Ինդիան-Ուելսի շրջանակներում, որտեղ կրկին հաղթել է Նադալը: Առաջին հաղթանակը Ջոկովիչը Նադալի նկատմամբ տարել է Մայամի Մաստերսի շրջանակներում:
Միմյանց դեմ բոլոր եզրափակիչները միասին վերցրած առավելությունը Ջոկովիչինն է` 14-10: Մեծ Սաղավարտի մրցապայքարում առջեւում է Նադալը` 9-5:ATP 1000 եւ ATP 500 մրցելույթներում ավելի շատ միմյանց դեմ խաղերում հաղթել է սերբը համապատասխանաբար 16-11, 2-0 հաշվով: Դեվիսի Գավաթում եւ Օլիմպիական խաղերում առավելությունը արդեն Նադալինն է` 1-0,1-0: ATP 250-ը միակն է, որտեղ կողմերը հաղթել են միմյանց հավասար անգամ` 1-1: Ջոկովիչը համարվում է կապույտ կորտի արքան, եւ Նադալին հաղթել է 18 անգամ` պարտվելով 7-ում: Գրունտի արքան արդեն Նադալն է, հաշիվը` 7-16:
Կանաչ խոտի վրա այս երկուսը հանդիպել են 4 անգամ եւ ունեն երկուական հաղթանակ: Հատկանշական է նշել, որ Ավստրալիայի Բաց առաջնությունում Նադալը չեմպիոն հռչակվել է մեկ անգամ 2009-ին,իսկ Ջոկովիչը տիտղոսին տիրացել է 6 անգամ:
Նադալի եւ Ջոկովիչի 25-րդ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12։30-ին։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ