Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն:
Շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին հնչեցված դրական գնահատականների համար` Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ:
Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:
Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը:
Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:
Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:
Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:
Կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:
Ի պատասխան Ռուսաստանի և Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը:
Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:
Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»:
Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն:
Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար:
Կարևոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև Եվրամիությունից:
Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», – եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: