Ովքեր են գործակալները, և ում էին ուղղված Փաշինյանի ակնարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բավականին բուռն են ստացվում` ակնարկներով եւ հստակ հասցեատերերով: Նա իր յուրաքանչյուր խոսքում փորձում է եւս մեկ անգամ վերահաստատել խաղի նոր կանոնների մասին եւ «խելքի բերել» այն չպահողներին:

Օրինակ` այդպիսի մի հայտարարություն վարչապետն արել էր կառավարության փետրվարի 21-ի նիստում, երբ խիստ էր արտահայտվել կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ կրկնել, որ այդպիսի դեպքերն այժմ երբեք չեն ներվելու: «Ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան:

Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, եւ այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երեւույթը, նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 եւ ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարեւանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ»,- նշել էր նա:

Եվ այս հայտարարությունից կարելի էր եզրակացնել, որ իշխանության ներսում, այնուամենայնիվ, իրավիճակը մտահոգիչ է. կան պաշտոնյաներ, որոնք, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, այնուամենայնիվ, չեն կարող չտրվել փողի գայթակղությանը: Եվ եթե նա նշում է, որ այսօր էլ են ՀՀ-ում կաշառք վերցնում, նշանակում է` կան նման փաստեր, նրան նման տեղեկություններ են ասվել, եւ այս հայտարարությունն ունի իր հասցեատերը:

Եվ, ահա, վերջերս Իրան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հետաքրքիր հայտարարություն արեց` որոշակի մեսսիջներ պարունակող: Մասնավորապես, խոսքը Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման մասին է, որտեղ Փաշինյանն այսպիսի հայտարարություն է արել. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը եւ տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Վարչապետը կրկին մեսսիջներ է հղել, սակայն, բնականաբար, անուններ չի նշել: Փաշինյանն ապա շարունակել է. «Մենք` որպես ժողովուրդ, այլեւս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որեւէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»: Նրա այսպիսի հայտարարությունները կարող են երկու պատճառ ունենալ. կա՛մ նա խոսում է նախկին դեպքերի մասին եւ զգուշացնում, որ այլեւս չպետք է նման դեպքեր լինեն, կա՛մ էլ նա խոսում է այնպիսի պաշտոնյաների մասին, որոնք կան նաեւ ներկայիս իշխանությունում, եւ Փաշինյանը կոնկրետ զգուշացնում էր նաեւ նրանց:

Եվ հիմա փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակները սկսել են իրենց ձեւով մեկնաբանել վարչապետի հայտարարությունները եւ հարցեր բարձրաձայնել: Եվ բոլորը նկատում են, որ վարչապետը հաճախ կոդավորված է խոսում, ինչը սխալ է, եւ նման դեպքերում ճիշտն անուններ տալն է: Իրականում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է մի խնդրի մասին, որը Հայաստանի համար առանցքայիններից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը։ Բանն այն է, որ Հայաստանում օտարերկրյա ազդեցությունների մասին խոսվել է միշտ, նրանց ներկայությունը միշտ զգալի է եղել: Եղել են երկրներ, որոնք կոնկրետ Հայաստանում ունեցել են իրենց հստակ անձինք ներդրված: Եվ հիմա

հայտարարություններից զատ նաեւ հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հակառակ դեպքում իսկապես կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, երբ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է այդպիսի մարդկանց առկայության մասին, սակայն, որպես այդպիսին, որեւէ քայլ չի ձեռարկվում նրանց բացահայտելու կամ հետագայում այդպիսի գործունեությունն այլեւս թույլ չտալու ուղղությամբ:
Սակայն հետաքրքիր է, որ գործադիր իշխանությունում չեն ցանկանում մեկնաբանել վարչապետի խոսքերը: Մասնավորապես, վարչապետի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել էր, թե ասվել էր այնքան, ինչքան ասվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը կրկին մեկնաբանության համար դիմեց վարչապետի մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Մեկնաբանում եմ. վարչապետը ասաց այնքան, որքան նպատակահարմար գտավ»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս