Ակումբի գլխավոր մարզիչը համաներվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել էին: Այդ անձանց մասով նախաքննությունը ավարտվել էր 2017 թվականին եւ գործը ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Շուրջ 1 տարի տեւած դատաքննությունից հետո գործը հասավ իր վերջաբանին. դատավոր Գագիկ Պողոսյանը, հաշվի առնելով Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը, Էդգար Պետրոսյանի, Արա Ազարյանի, Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է ու կարճել քրեական գործի վարույթը:

Է. Պետրոսյանի, Ա. Ազարյանի, Գ. Սիմոնյանի եւ Հ. Հունանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները` չհեռանալու մասին ստորագրությունները, վերացվել են:




Լրահոս