Իտալական «Սուարդի» բաժնետիրական ընկերությունը Համաշխարհային բանկի եւ Ասիական բանկի վարկային միջոցներով իրականացնում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշենի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի շուրջ 30 կիլոմետրանոց հատվածի կառուցապատման աշխատանքներ:
Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է: Այրումի ջրհան կայանների վարչական շենքի մոտակայքից մինչեւ Բագրատաշենի մաքսակետ` շուրջ 15 կմ հատվածում, այդ ընկերությունը դեռեւս 2018թ. ամռանը ասֆալտի բարեկարգ, հարթ ծածկը քերել է, այդ քերվածքը կուտակել Այրում քաղաքի վարչական տարածքում, որպեսզի հետագայում այն կարողանա օգտագործել ասֆալտի արտադրության մեջ:
Ու հիմա քաղաքացիները դժգոհում են, թե ասֆալտի բարեկարգ, լիովին պիտանի ծածկը ինչու պետք էր սրանից 8 ամիս առաջ քերել, եթե առջեւում ձմեռ էր: Ճանապարհի այդ հատվածի կառուցապատման աշխատանքները մինչ այժմ չեն սկսվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդները դժգոհում են, որ հարկ չկար ասֆալտի բարեկարգ ծածկը ժամանակից շուտ քերելու, հիմա այդ հատվածում ճանապարհի անհարթությունից ավտոմեքենաներն ընթացքի ժամանակ ճոճվում են:
Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած քննարկման ժամանակ նշվեց այդ ընկերության հետ կապված մեկ այլ խնդրի մասին: Այրումի ջրհան կայանների վարչական շենքի մոտից մոտ 500 մ դեպի Բագրատաշենի մաքսակետ ճանապարհի տակով ոռոգման ջրագծի մեծ խողովակ է անցնում, որն առաջիկայում իրականացվելիք ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ չպետք է վնասվի: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե ինքը կզբաղվի այդ խնդրով:
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ փետրվարի 28-ին մարզպետ Հ. Չոբանյանը միջպետական ավտոճանապարհի Արճիս-Բագրատաշենի մաքսակետի շուրջ 30 կմ հատվածի շինարարության ընթացքը մարզպետարանում քննարկել է իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցչի հետ: Մարզպետն առաջ է քաշել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում տեղական ուժերի ներգրավման հարցը` ընդգծելով, որ բացի զբաղվածության խնդիր լուծելուց իտալական կազմակերպության ներկայությունը պետք է օգտագործել նաեւ փորձի փոխանակման, որոշակի մասնագիտական կատարելագործման նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մարզում գործող զբաղվածության կենտրոններից անհրաժեշտ մասնագետներին ուղղորդեն դեպի կազմակերպություն: «Սուարդի» բաժնետիրական ընկերությունը 2017թ. դեկտեմբերի 7-ին է պայմանագիր կնքել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերոհիշյալ հատվածը կառուցապատելու համար: Այդ պայմանագիրը կնքելուց 15 ամիս է անցել, սակայն բացի վերոհիշյալ 15 կիլոմետր հատվածի ասֆալտի բարեկարգ ծածկը քերելուց այդ ընկերությունը ճանապարհի կառուցապատման համար ի՞նչ աշխատանքներ է կատարել:
Տավուշի մարզպետարանն արձագանել է հրապարակմանը` տարածելով համապատասխան պարզաբանում. «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարությամբ` մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետները եղել են տեղում եւ ուսումնասիրել տեղանքը: Ըստ ներկայացված եզրակացության` այս պահին չկա այնպիսի սողանքային երեւույթ, որը կարող է վտանգել ճանապարհը կամ դառնալ քանդման պատճառ: Կան նստվածքային երեւույթներ, որոնք հավանաբար առաջացել են շրջանցիկ ճանապարհը հողային շերտի վրա դնելու հետեւանքով: Որպես լուծում` առաջարկվել է ՀՀ տրանսպոտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցնելով` սպասարկող կազմակերպությունների պահպանության ծախսերից առաջացած որոշակի տնտեսումներ ուղղել խնդրի լուծմանը` վերանորոգելով վերոնշյալ ալիքաձեւ նստվածքային հատվածները»:
Պարզաբանման մեջ նշված է, որ սողանք չկա, կան նստվածքային երեւույթներ, , որոնք հավանաբար առաջացել են շրջանցիկ ճանապարհը հողային շերտի վրա դնելու հետեւանքով: Ենթադրություն է արվել ճանապարհի ձեւախեղման պատճառի վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացրել էր Վազաշենի հարեւան Այգեհովիտ գյուղի մի հատվածում սողանքի պատճառով հանրապետական նշանակության նույն ավտոճանապարհի ձեւախեղման մասին: Դրա պատճառը եւ վտանգավորության աստիճանը պարզելու համար մարզպետարանի աշխատակիցների կողմից ուսումնասիրություն կատարելու մասին Տավուշի մարզպետարանի պարզաբանման մեջ նշում չկա:
Ոսկան Սարգսյան
Տավուշ