Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում բողոքի ցույցերը վերսկսվել են: 17 համայնքի բնակիչները վաղ առավոտից հավաքվել են համայնքապետարանի դիմաց` պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը. «Մենք պահանջում ենք, որ այդ թալանչին հեռանա: Էսքան տարի աշխատել է ինքն իր գրպանները լցնելու համար, բայց այլեւս թույլ չենք տա: Մենք ժամանակավոր էինք դադարեցրել մեր ակցիաները` հույս ունենալով, որ նոր կառավարությունը մի բան կանի, բայց Արտակ Գեւորգյանը դեռ շարունակում է թալանել»,-ասել է ցուցարարներից մեկը:
Ցուցարարները ի նշան բողոքի ստորագրահավաք են կազմակեպել: 4500 անեցի է ստորագրել թղթի տակ` պահանջելով Արտակ Գեւորգյանի հրաժարականը. «Այստեղ հավաքված մարդիկ շատ չնչին մասն են կազմում: Բոլոր գյուղերի բնակիչներն էլ դժգոհ են ու դեմ Արտակ Գեւորգյանին: Մենք ստորագրել ենք ու պատրաստվում ենք փաստաթուղթը ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Այս հաղթանակի մեջ մեր մասնաբաժինն էլ կա, թե ինչու ենք հիմա արհամարհվում, չգիտենք: Ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանը չեկավ ու չլսեց մեզ, մենք շատ հիասթափված ենք»,-ավելացրեց ցուցարարներից մեկը:
Դեռ ամիսներ առաջ, ի պատասխան ակցիայի մասնակիցներին, Պետական վերահսկողության ծառայությունը Շիրակի մարզի Անի համայնքում ուսումնասիրություններ կատարեց: Իրավիճակը համայնքում լարված է: Համայնքապետարանում էլ թերեւս աշխատանքային գործընթացը վերսկսվեց ուսումնասիրություններից անմիջապես հետո: Լուրջ բացահայտումների մասին հայտարարություններ այդպես էլ չեղան, ինչն առավել մտահոգեց բնակչությանը: Ուսումնասիրություններից առաջ էլ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ քրեական գործ էր հարուցվել` պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարի դեմ բողոքել էր համայնքապետարանի նախկին աշխատակցուհին:
Նա հաղորդում էր տվել առ այն, որ 2008-2016թթ. Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող` չի հաշվառվել որպես աշխատող: Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է նրա աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել էր: Կնոջ բողոքի արտահայտումը զուգադիպեց ուսումնասիրությունների մեկնարկի հետ: Արտակ Գեւորգյանը գործընթացը որակեց որպես դավադրություն իր անձի դեմ:
Արտակ Գեւորգյանի համար վերսկսված ակցիաները անհանգստացող չեն, վերջինս չի պատրաստվում որեւէ քայլերի դիմել ու կսպասի մինչ ակցիաները կնահանջեն. «Սրանք սովորական ակցիաներ են, այս մարդիկ փորձում են առիթից օգտվել իրենց նպատակներին հասնելու համար: Իսկ իրենց նպատակները շատ հեռահար են: Այստեղ միայն աթոռակռիվ է, ինչը, բնականաբար, ինձ վրա ազդել չի կարող: Այս ակցիաները բանականությունից դուրս են: Ես ստացել եմ ժողովրդի քվեն ու չեմ պատրաստվում տուրք տալ այդ ամենին»,-ասաց Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:
Թե ինչու են բողոքի ակցիաները հենց այս ժամանակահատվածում սկսվել, հայտնի չէ, բայց, ըստ շրջանառվող լուրերի, սա առավելապես պայքար է ՀՀԿ-ի դեմ: Ինչպես մյուս համայքներում, աշխատանք է տարվում` մաքրելու համայքները Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից, իսկ այդ ամենի թիկունքում, ըստ տարածված կարծիքի, ներկայիս իշխանություններն են:
Հեղինե Մանուկյան