Եկեղեցին ներկա է ամենուրեք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

-Սրբազա՛ն, Ձեր` ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ Գյումրու պատմական կենտրոնը նախատեսվում է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո՝ պաշտպանելու ոչ այնքան օտարներից, որքան մեզնից: Վերջին անգամ ոտնձգության ի՞նչ միջադեպ է արձանագրվել Գյումրու պատմական հուշարձանների հանդեպ:

-Գիտեք, ես չեմ կարող այդ ինֆորմացիային տիրապետել: Ես գիտեմ, որ պատմական միջուկի նկատմամբ այնտեղ բնակվողների եւ չբնակվողների կողմից միշտ էլ անհարիր միջամտություններ են արվում, բայց ես դրանք չեմ գրանցում, ոչ էլ հերթականությունն եմ գրանցում: Դրանով զբաղվում է քաղաքապետարանը, բայց քաղաքապետարանը ի վիճակի չէ, ցավոք, այսօրվա պայմաններում այդ ամեն ինչը վերահսկել, որովհետեւ նախկինում կար արգելոց. հետո, չգիտեմ, այդ արգելոցը վերացրին, չվերացրին: Անորոշ վիճակ է, քաղաքապետարանը այդ լծակները չունի:

-Սրբազա՛ն, որքան էլ եկեղեցին ինքնավար է եւ որոշակիորեն հավասարակշռում է շատ բան ազգային կյանքում, այդուհանդերձ պետության հետ ունի անխուսափելի համագործակցության ոլորտներ: Ո՞ր ոլորտների աշխատանքն է առավել արժեւորվում եկեղեցու եւ պետության համագործակցությամբ:

-Կրթություն, մշակույթ, առողջապահություն, սոցիալական ապահովություն. այստեղ եկեղեցու ներկայությունը անխուսափելի է: Եկեղեցին, սակայն, ամբիցիա չունի անպայմանորեն ներգրավված լինելու: Իբրեւ առաքելություն` եկեղեցին ներկա է ամենուրեք, պետությունն էլ ապահովում է, ինչու չէ, որեւիցե դժգոհություն ունենալու բան չունենք: Սահմանադրությամբ ապահովված է եկեղեցու դերը բոլոր ասպարեզներում եւ բոլոր ոլորտներում, ուղղակի անձից անձ երբեմն տարբերվում է, նայած թե ով է այդ ոլորտը ղեկավարում:

Հիվանդանոցներում եկեղեցին առաքելություն չի՞ կարող իրականացնել, այդ մարդիկ միայն ֆիզիկակա՞ն առողջության կարիք ունեն, հոգեւոր առողջության կարիք չունե՞ն: Հիմա արդեն հիվանդանոցները կունենան իրենց հոգեւոր հովիվները, որոնք մնայուն կերպով հիվանդների հետ հոգեւոր աշխատանք կտանեն: Իզմիրլյան հիվանդանոցում դա վաղուց կա, որը Մայր Աթոռի հովանու ներքո է: Հոգեւոր հովիվները միշտ հիվանդների հետ լինում են, բժիշկների հետ էլ են տանում աշխատանք, որովհետեւ, կարծում ենք, որ քրիստոնյա բժիշկ լինելը շատ ավելի նախընտրելի է, քան աթեիստ բժիշկ լինելը: Այդպիսի կարծիք ունենալն էլ կարծեմ արգելված չէ: Սոցապ ոլորտը ամենամեծ ոլորտն է, որտեղ մենք գործակցում ենք եւ անելիք ունենք: Եկեղեցու հիմնական դաշտերից մեկն է սոցիալական աշխատանքը, ինչը որ հաճախ չի երեւում, հաճախ չի թմբկահարվում, եւ լավ էլ արվում է, որ չի թմբկահարվում:

-Եկեղեցու առաքելությունը առավել գործառութային դարձնելու համար կառավարական որեւէ ծրագիր Ձեզ երբեւէ առաջարկվե՞լ է:

-Դա իմ խնդիրը չէ, ես ընդամենը Շիրակի թեմի առաջնորդն եմ, համահայկական հարցերը ինձ չեն վերաբերում, համահայկական հարցերով զբաղվում է Մայր Աթոռը եւ Ամենայն Հայոց Հայրապետը: Ես համահայկական հարցերին վերաբերող պատասխաններ չեմ կարող տալ: Մյուս կողմից՝ ես հուշագրին կարեւորություն չեմ տալիս. կարելի է ունենալ 20 հուշագիր, գործ չունենալ եւ գործ չանել, կարելի է չունենալ ոչ մի հուշագիր եւ հսկայական գործ կատարել: Ես երբեք թղթերին կարեւորություն չեմ տվել եւ չեմ տալիս, ավելի գործնականին եմ կարեւորություն տալիս: Եթե գործնական համագործակցություն կա, աշխատանք կա, թող հուշագիրը չլինի, մի մեծ բան չէ: Միշտ էլ գործակցել ենք. կառավարությունը ինչ-որ արել է, մենք կա՛մ մասնակցել ենք, կա՛մ ներկա ենք եղել, անկախ կառավարությունից` արել ենք, իսկ մարզպետարանների, քաղաքապետարանների հետ մնայուն աշխատանքի մեջ ենք: Եկեղեցին ունի իր ինքնուրույն ծառայությունները, մենք մեր սոցիալական կենտրոններն ունենք, մշակութային կենտրոններն ունենք, կրթական կենտրոններն ունենք:

-Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսեցիք Գյումրու պոտենցիալը բացահայտելու մասին, հավանաբար մարդկային պոտենցիալը նկատի ունեիք: Ի՞նչ ռազմավարություն ունի եկեղեցին այս առումով:

-Մեր սոցիալ-կրթական կենտրոնում զանազան դասընթացներ կան, որպեսզի մարդիկ նոր արհեստներ սովորեն, նոր աշխատանքի տիրապետեն անվճար եւ երբեմն վճարովի նրանց համար, որոնք ի վիճակի են վճարելու:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս