2019թ. մարտի 2-ին, 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Սուրեն Հարությունյանը:
Մեր խորին ցավն ու կսկիծ ենք հայտնում հմուտ պետական գործիչ և անվանի դիվանագետ Սուրեն Հարությունյանի մահվան կապակցությամբ, ով իր բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն և նրա արտաքին քաղաքականության կայացման գործում։
Սուրեն Հարությունյանը ծնվել է 1938թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական անասնաբույժի որակավորմամբ, երկար տարիներ աշխատել է մասնագիտությամբ, ինչից հետո 1977-ին ընդունվել և 1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։
1967-1970թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ապա 1970-1978թթ․ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար։ 1978-ից աշխատանքի է անցել ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, իսկ 1986-88թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։
Հայաստանի համար բեկումնային և դժվարին տարիներին՝ 1988-90թթ., զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ Նույն ժամանակահատվածում նաև ընտրվել է ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990թ. նա նշանակվել է Մարոկկոյում ԽՍՀՄ (այնուհետև ՌԴ) դիվանագիտական ներկայացուցիչ և երկար տարիներ շարունակել է աշխատանքը ՌԴ ԱԳՆ համակարգում։
1999-ից ծառայության է անցել ՀՀ դիվանագիտական համակարգում՝ նշանակվելով ՀՀ դեսպան Բելառուսում, ինչպես նաև՝ ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում։ Պաշտոնավարել է մինչև 2003 թվականը։
Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը հայտնել պարոն Հարությունյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սուրեն Հարությունյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, մարտի 6-ին, ժամը 18:00-ին:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, մարտի 7-ին, ժամը 11:00-ին: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: