«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես Հայաստանում խուսափում է հասարակության առաջ երեւալուց: Երեկ նա մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի տոնակատարություններին, բայց ոչ թե Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում, որտեղ ամփոփված է Սպարապետի մարմինը, այլ Արցախում:
Սերժ Սարգսյանի այս պահվածքի պատճառների մասին կարելի է միայն ենթադրել. նա համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված եղավ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարական տալ: Այդ հրաժարականը հայ հասարակությունն ընդունեց մեծ ցնծությամբ. հիշում եք համաժողովրդական տոնախմբությունը մայրաքաղաքի փողոցներում, նաեւ մյուս բնակավայրերում ու Սփյուռքում:
Եւ, ահա, այդ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է երեւացել հասարակության առաջ` նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ մասնակցեց քվեարկությանը` իհարկե հրաժարվելով հարցազրույց տալ: Ս. Սարգսյանը քիչ թե շատ մարդաշատ միջոցառման մասնակցել է նաեւ ՀՀԿ-ում՝ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպելով, լուսանկարվելով: Բայց սա ավելի շատ ներկուսակցական միջոցառում կարելի է անվանել:
Եւ, ահա, Սերժ Սարգսյանին տեսնում ենք Ստեփանակերտում` Սպարապետի 60-ամյակի տոնակատարություններին ամբիոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու ղարաբաղցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողքին կանգնած:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: