Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Յունկերին և ԵՄ ղեկավարությանը` ջերմ ընդունելության ու կառուցողական քննարկումների համար: Այսօր մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ներկայիս վիճակի, մասնավորապես՝ անցյալ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած անշրջելի ժողովրդավարական վերափոխումների համատեքստում: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում:
Միևնույն ժամանակ ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով: Սա մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը: Եվրոպական միությունը մեր առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է:
Բանակցությունների ընթացքում ես նախագահ Յունկերին ներկայացրի մեր կառավարության տեսլականը և մեր առաջնահերթությունները, որոնց շուրջ օգտակար փոխանակումներ ունեցանք: Այսօրվա այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը: Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք և ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ: Այս առումով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում:
Այս համաձայնագիրը և ճանապարհային քարտեզը կարևոր է: Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից: CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը:
Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին և մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների: ԵՄ ղեկավարության հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն:
Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար: Մենք անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ես արտահայտել եմ մեր երախտագիտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: